«Աշոտ Սուքիասյանին Աֆրիկայում են «քցել»․ փաստաբան

55897

«Աշոտ Սուքիասյանին Աֆրիկայում՝ էնտեղ են «քցել», առայժմ ավելացնելու նոր բան չկա, փաստեր կան՝ սպասենք, տեսնենք»։

Այս մասին ԳԱԼԱ-ին հայտնեց «Օֆշորի» գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանի պաշտպանը՝ Յուրիկ Խաչատրյանը։  Փաստաբանը նշեց, թե դեռևս փորձաքննության փուլն է, այն ավարտված չէ։

«Հրապարակումներ են լինում, թե Աշոտ Սուքիասյանը գումարներն առել փախել է, բայց ինչ իրավունք ունեն նման բաներ գրելու՝ ոչ կայացած դատավճիռ կա, ոչ էլ հաստատված հանգամանք։ Մարդուն մեղադրանք են առաջադրում, պետք է հիմք լինի չէ՞, որ հրապարակումներ արվեն»,- ասաց Աշոտ Սուքիասյանի պաշտպանը։

Նշենք, որ առերեսումներ արդեն տեղի են ունեցել Ա․ Սուքիասյանի և Փայլակ Հայրապետյանի միջև։ Հիշեցնենք, որ առաջին առերեսմանը Փ․ Հայրապետյանը չի մասնակցել, վերջինս ավելի վաղ ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել էր, թե ինքը Սուքիասյանի հետ խոսելու ոչինչ չունի։ Սակայն ամեն դեպքում հաջորդ առերեսմանը Փ․ Հայրապետյանը ներկա է գտնվել, ինչից հետո պատմել է, թե Ա․ Սուքիասյանն իրեն ինչ-որ բաներ է ասել, որոնք նորություն են։ Սակայն Ա․ Սուքիասյանի պաշտպանը մեզ հետ զրույցում նշել էր, թե  Հայրապետյանն առերեսումների հետ կապված սուտ տեղեկություններ  էր հայտարարել։

«Նման բան չկա․ այն, ինչ ի սկզբանե ասել էր Աշոտ Սուքիասյանը, նույնն էլ հիմա է ասում, և այն ուժի մեջ է։ Մինչ այդ Փայլակ Հայրապետյանը չէր ներկայացնել առերեսմանը, հետո ներկայացավ, ու առերեսման ժամանակ Աշոտ Սուքիասյանն ասել է այն, ինչը որ ի սկզբանե էր ասել։ Բայց Փ․Հայրապետյանը մեկ շաբաթ անց բոլորովին այլ հայտարարությամբ հանդես եկավ։ Մենք քննիչին հայտնեցինք, որ միջոցներ ձեռնարկի, որպեսզի նման սուտ տեղեկատվություն չտարածվեր»,- ասաց Յուրիկ Խաչատրյանը։

Ըստ փաստաբանի՝ առերեսումները քննչական գործողություններ են, որոնք իհարկե ազդում են գործի վրա։ Փաստերն այդ ընթացքում կարող են հաստատվել, հերքվել։

«Քանի Աշոտ Սուքիասյանը չկար, միակողմանի ով ինչ ուզում, ասում էր, հիմա արդեն Աշոտ Սուքիասյանն իր դիրքորոշումն է ներկայացնում, որոնք փաստերով կան։ Փորձաքննությունը հենց ավարտվի, արդեն կարող ենք ավելի մանրամասն խոսել»։

Զառա Ղազարյան
Դիտվել է՝