Կրակոցներ Գավառ քաղաքում. սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետի որդին. Shamshyan.com

531d5f0bed84449906c1f4e1ac50dd45

Այսօր՝ հունվարի 7-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Ադամյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Քոչարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել Գավառ քաղաքի Ազատության փողոցից։ Արդեն նշված վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 7 պարկուճ։

Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշով։

Սպանված Հ. Հակոբյանը հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Նորատուսցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանների քեռու տղան էր, իսկ հայրը աշխատում է Գեղարքունիքի փոխմարզպետ։ Հ. Հակոբյանը թե գյուղում, թե մարզում մեծ հարգանք էր վայելում և միշտ սատար է կանգնել սոցիալապես անապահովներին, երբևէ ոչ մի կրիմինալ պատմությունների մեջ չի հայտնվել, այսպես ասած՝ քրեական անցյալ չի ունեցել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ shamshyan.com կայքում

Դիտվել է՝