«Հալեպի զենքի գործարանների բոլոր վարպետները հայեր են». Ս. Բադյուկը՝ ԻՊ-ի դեմ պայքարում հայերի դերի մասին

2

Ռուսաստանցի մարզիկ և հասարակական գործիչ Սերգեյ Բադյուկը, ով աշխատում է որպես Սիրիայում Anna News հրատարակչության ռազմական թղթակից, ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում պատմել է սիրիացի հայերի հետ իր ծանոթության մասին՝ նշելով, որ փաստացիորեն Հալեպի զենքի գործարանների բոլոր վարպետները հայեր են:

««Իսլամական պետության» գրոհայինների դեմ մարտ էր մղվում Հանասերի մոտակայքում, և մենք մեկնեցինք այնտեղ: Մարտի ավարտից հետո սկսեցինք շփվել մարտիկների հետ: Զենիթային ЗУ-23 համակարգի օպերատորի մոտ խաչ կար, ինչը զարմացրեց ինձ: Ես հարցրեցի, թե նրա անունն ինչ է: Եվ նա, եթե չեմ սխալվում, ասաց՝ Ռաֆայել: Ես ծիծաղեցի և հարցրեցի՝ դու հա՞յ ես: Նա պատասխանեց՝ այո, և պատմեց, որ ստորաբաժանման կազմում կռվում է արդեն 2 տարի»,- պատմում է Սերգեյ Բադյուկը:

Նրա խոսքերով՝ տեխնիկական հմտություններ ունեցող բոլոր մասնագետները, ինչպես, օրինակ, հակատանկային հրթիռների կամ զենիթային համալիրների ուղղորդիչ-օպերատորները, որպես կանոն, հայեր են:

«Նրանք տեխնիկապես շատ հմտացած են: Ես ֆիլմ եմ նկարահանել Հալեպի գործարանների մասին, որտեղ զենք էին պատրաստում աշխարհազորայինների համար: Մենք գնացինք այդ գործարաններից մեկը, և պարզվեց, որ ավագ վարպետը հայ էր: Այնուհետ պարզվեց, որ փաստացիորեն այդ գործարանների բոլոր վարպետները հայեր էին: Բացի այդ, Հալեպի արդյունաբերական շրջանի վարպետների 60-70%-ը հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են»,- պատմում է ռազմական թղթակիցը:

1

Սերգեյ Բադյուկն ընդգծեց նաև, որ Հալեպի հայկական շրջանն ամենամաքուր, հարդարված և թանկ շրջանն է:

«Դու մտնում ես և անմիջապես հասկանում ես, թե որ շրջանում ես գտնվում: Դա աչքի է զարնում: Հալեպի ամենահայտնի ռեստորանը հայկական է: Եվ մահմեդականները, և քրիստոնյաները ծննդյան օրերը կամ հարսանիքները տոնում են հայկական ռեստորանում: Դա որակի նշան է: Այնտեղ կա տղամարդկանց անձնակազմ, և նրանք շատ լավ խոսում են անգլերեն, ինչը շատ հազվադեպ հանդիպող երևույթ է: Հալեպի բոլոր արհեստավորները հիմնականում հայեր են»,- շարունակում է Բադյուկը:

Նա պատմեց նաև մեկ միջադեպի մասին, որը խիստ զարմացրել է նրան:

«Ինձ զարմացրել է մի իրավիճակ: Դեռևս ծանր մարտեր էին ընթանում, մենք նստած էինք հայկական ռեստորանում: Այնտեղից 15 մետր հեռավորության վրա կա մի կամուրջ: Դրա վրայով անցնում էր «Գրադ» կայանը, որը շրջվեց, և հրթիռները սկսեցին թռչել: Իսկ հարևանությամբ կանգնած էին մարդիկ, պաղպաղակ էին ուտում և ծափ տալիս: Ասել, որ ես ապշած էի, նշանակում է՝ ոչինչ չասել»,- պատմում է թղթակիցը:

Նրա խոսքերով՝ սիրիացի քրիստոնյաները, այդ թվում և հայերը, հսկայական կորուստներ են կրել:

«Այն քրիստոնեական շրջաններում, որտեղ եղել է ԻՊ-ը, ցեղասպանություն է եղել, բոլորին սրի են քաշել»,- նշում է Բադյուկը:

Հայաստանի Սփյուռքի նախարարության տվյալներով՝ մինչ քաղաքացիական պատերազմը Սիրիայում բնակվում էր շուրջ 100 հզր հայ: Նրանց մեծամասնությունը լքել է Սիրիան: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ Հայաստան է տեղափոխվել Սիրիայի 17 հզր հայազգի քաղաքացի:

Գոռ Ալեքսանյան

Դիտվել է՝