«Ամբողջ աշխարհը գնում է պատերազմի». Տրոֆիմչուկ

trofimchuk

«Ադրբեջանը որոշել է կտրուկ ամրապնդել իր ներկայությունն՝ ինֆորմացիոն դաշտում: Պատճառը մեկն է. Բաքվում տեսնում եւ հասկանում են, որ Ղարաբաղյան հարցում ընթացող պրոցեսը  որեւէ արդյունքի չի հանգեցնում: Այնտեղ չեն ցանկանում ներքաշվել նոր եւ տասնամյակներ տեւող բանակցային պրոցես: Ակնհայտ է, որ բանակցությունների համար ժամանակը սպառվում է:

Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ հայտարարությունները  պատմական տարածքները հետ վերադարձնելու վերաբերյալ այսպես ասած  հասարակ եւ ոչինչ չնշանակող «նախընտրական հռետորաբանություն է», ինչպես դա հումորով են մեկնաբանում ոմանք, այդ թվում Ռուսաստանում: Ադրբեջանը մեծացնում է ճնշումը Հայաստանի վրա»,- ԳԱԼԱ-ի զրույցում ասում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Ալիեւի հերթական հայտարարությանը, իբրև իրենց «պատմական» տարածքները վերադարձնելու քաղաքական և ռազմավարական նպատակ ունեն,  որին պետք է մոտենան փուլ առ փուլ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Տրոֆիմչուկի խոսքերով վաղուց արդեն գտնվում են քաղաքական գործընթացների եզրին, այլ ոչ թե կիզակետում,  Մինսկի խումբը  չի հանդիսանում այն կողմը, որից ինչ որ բան կախված է:Ապրիլյան պատերազմից հետո շփման գծում պարբերաբար տեղի ունեցող  միջադեպերը, մահվան դեպքերը եւս առանձնապես ուշադրության չեն արժանանում Մինսկի խմբի համանախագահների կողմից, կառույցը անկարող է  կանգնեցնել պրոցեսները, կանխարգելել:

 «Էլ չխոսենք այն մասին, որ Վիեննայի, Սանտկ-Պետերբուրգի պայմանավորվածությունները  այդպես էլ մնացին թղթի վրա: Դիտորդները որևէ հարցի պատասխան չտվեցին, ներառյալ ամենակարևորը՝ ո՞վ 2016-ի ապրիլին սկսեց պատերազմը: Իսկ նման իրավիճակում, երբ պատասխանատվություն չդրվեց որևէ մեկի վրա, հիմա ստացում է, որ ամեն ինչ ամենքին կարելի է եւ ցանկացած պահի: Բանակցային գործընթացն արդեն չի երաշխավորում դիակների բացակայությունը: Այդ իսկ պատճառով ավելի հեշտ է աչք փակել»:

Գործոններից մեկը,  որն ըստ նրա դեռևս ազդում է պրոցեսների վրա, ՌԴ նախագահի դիրքորոշումն է. «Այլապես պատերազմը կդառնար լայնամասշտաբ 2016-ի ապրիլին: Մյուս գործոնը ԱՄՆ-ի՝ դեռեւս լիարժեք չհստակեցված գիծն է»:

Հաշվի առնելով Ադրբեջանի հավակնությունները, ի՞նչ սկզբունքով է Ռուսաստանը շարունակում զենք մատակարարել Ադրբեջանին: Նույն ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ իրենք հաջողությամբ գործի են դրել  ռուսական զենքը:

Զենքի հերթական խմբաքանակը Ադրբեջանը ռուսական կողմից ստացավ վերջերս: Անդրադառնալով այս խնդրին, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկն ասում է.

«Ռուսաստանը երբեք չի ասել այն մասին, որ զենք վաճառելու ռազմավարությունը՝ Հայաստանին կամ Ադրբեջանին, փոփոխության կենթարկվի:

«Զենք այսօր կգնեն բոլորը, որքան կհերիքի ֆինանսական ներուժը, քանի որ ամբողջ աշխարհը գնում է պատերազմի:  Ի դեպ, պետք չէ կարծել, որ Բաքուն զենք է գնում բացառապես այն նպատակով, որ այն կիրառի Հայաստանի դեմ: Եթե պատերազմ  բռնկվի Մերձավոր Արևելքում՝ բարձրանալով դեպի հյուսիս, նման մասշտաբի պարագայում, Ղարաբաղի հետ համեմատելն անգամ մոտ չէ»:

 Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝