Ֆինանսներն այդ մարդկանց համար սրբության սրբոց են

27661371_326186414544124_1716483315_n

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է «կրեմլյան զեկույցը», որտեղ նշված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաների եւ գործարարների անունները: Ինչ սպառնալիքներ է պարունակում զեկույցը Ռուսաստանի եւ Հայաստանի համար: Թեմայի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ, վերլուծաբան Ստեփան Դանիելյանի հետ:

- Պարոն Դանիելյան, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երկար ժամանակ կազմում էր պատժամիջոցների ցուցակը: Հիմնականում այդ ցուցակում ընդգրկվել են Պուտինի շրջապատի մարդիկ, որոնց բիզնեսների վրա կարող են սահմանվել պատժամիջոցներ: Այսօր այդ ցուցակը հրապարակվեց: Ի՞նչ հետեւանքներ կարող է դա ունենալ Ռուսաստանի համար:   

- Կարծիքներն այդ հարցում տարբեր են: Հետաքրքիր է Կրեմլի արձագանքը: Կրեմլում այն անվանել են «հոգեբանական» ցուցակ: ԱՄՆ սանկցիաների քաղաքականության նախկին կոորդինատոր Դենիել Ֆրիդը նշել է, որ դա չի նշանակում, որ ցուցակում ներգրավված մարդկանց նկատմամբ անպայմանորեն այդ սանկցիաները կկիրառվեն: Դա կարելի է համարել նախազգուշացում: Այ այստեղ է առաջանում հարց, թե ի՞նչ են Ռուսաստանից ցանկանում, կամ ի՞նչ քայլեր են նրանից սպասում: Քանի որ ցուցակը կարելի է անվանել «քաղաքական», քանի որ այնտեղ նաև վարչապետ Մեդվեդևի եւ արտգործնախարար Լավրովի անուններն են, ապա պետք է եզրակացնել, որ Ռուսաստանից քաղաքական զիջումներ են սպասում: Հատկապես ուշագրավ է, որ այնտեղ իրենց հետ արտաքին հարցերով բանակցող հենց Լավրովի անունն է: Արևմտյան տարբեր հրապարակումներով նշվում է նաև այդ զիջումների ցուցակը` Սիրիա, Հյուսիսային Կորեա, Ուկրաինա, Իրան, Աֆղանստան: Չենք զարմանա, որ «ցուցակում» լինի նաև Թուրքիան, որի մասին այդ հրապարակումները լռում են: Այսինքն, Ռուսաստանից արտաքին քաղաքականության հարցերում փոփոխություններ են սպասում: Նաև օգտագործվում է «բարի» և «չար» ոստիկանների տեխնոլոգիան: Թրամփի թիմը «բարի» ոստիկանի դերում է, որի հետ Կրեմլը պետք է պայմանավորվի այդ հարցերում:

- Այդ ցուցակում ներառվել են հայկական ծագում ունեցող հայտնի ռուսաստանցի գործարարների անուններ՝ Սամվել Կարապետյան, Սերգեյ Գալիցկի, Դանիիլ Խաչատուրով: Դա ինչ-որ կերպ կազդի՞ Հայաստանի տնտեսության վրա:  

- Դա արդեն հետաքրքիր հարց է: Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո հայտարարել էր, որ իր հիմնական նպատակներից է Հայաստանը ներդրումների համար գրավիչ երկիր դարձնելը: Նա ստեղծել էր հիմնականում Ռուսաստանի հայերից կազմված  ներդրողների ակումբ` Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Սակայն այդ ներդրումները հիմականում կատարել է Սամվել Կարապետյանը: Նաև հետաքրքիր է, որ այդ ցուցակում է նաև «Art Food» պահածոների գործարանը գնած մոսկվաբնակ Կամո Ավագումյանը: Անցած տարի Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ Դեբետ գետի վրա պատրաստվում է կառուցել ջրամբար և էլեկտրակայան, որի արժողությունը մոտ 1 միլիարդ դոլար է գնահատվում, իսկ գումարները պետք է ներգրավի Համաշխարհային բանկի եւ այլ միջազգային բանկերի վարկերով: Դա ներկայացվեց որպես ներդրում Հայաստանի տնտեսության մեջ, որպես  վարչապետ Կարեն Կարապետյանի Հայատան բերվող ներդրումների «օժիտ»` Սամվել Կարապետյանի կողմից: Հիմա առաջանում է հարց, թե այդ ծրագիրը կհաջողվի՞ արդյոք և սանկցիաները կտարածվե՞ն այդ ծրագրի վրա: Ուղղակի հիշենք, որ մոտ օրերս Երևանում ԱՄՆ դեսպանատունը հանդես էր եկել հերթական հայտարարությամբ, որտեղ պահանջում էր պայքարել կոռուպցիայի դեմ: Գուցե հենց այդ ծրագրի ու այդ սանկցիաների ցուցակի առիթով էր այդ նախազգուշացումը: Ապագան ցույց կտա:

- Հայտնի է, որ հայաստանցի շատ օլիգարխներ եւս կապված են ցուցակում ընդգրկված անձանց հետ. ի՞նչ հետեւանքների կարող են հանգեցնել այդ  «կապերը»:    

- Հետևանքների մասին հիմա չենք կարող դատել, բայց հաշվի առնելով այն, որ Հայաստանի իշխանությունը և Ռուսաստանի ազգությամբ հայ խոշոր գործարարները սերտաճել են այնքան, որ արդեն միասին կիսում են Հայաստանի իշխանությունը ու համակարգաստեղծ ձեռնարկությունները, ապա կարելի է ասել, որ Միացյալ Նահանգներն ուժեղ պատժիչ մահակ ունի իր ձեռքում: Ֆինանսներն այդ մարդկանց համար սրբության սրբոց են, որի ճակատագիրը Միացյալ Նահանգների ձեռքում է գտնվում: Երևի արդեն պետք է ավելի ուշադիր հետևել Երևանում ԱՄՆ դեսպանի խոսքերին:

Անի Բարսեղյան

Դիտվել է՝