Սպանության մեջ կասկածվող զինծառայողը հայտնաբերվել է. ՇՄ դատախազ

permyakov

«Քիչ առաջ ՇՄ Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը»,-այս մասին ԳԱԼԱ-ն փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը: Ըստ Րաֆֆի Ասլանյանի սահմանապահները ճանաչել են վերջինիս. «Նա հիմա ռուսների մոտ է, բռնել են, տարել են»,-ասաց դատախազը:

Նշենք, որ այժմ Բայանդուր գյուղում են նաեւ մարզային ու քաղաքային ոստիկանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ մայրաքաղաքից ժամանած հատուկ օպերատիվ հետախուզական խմբերը:

Ինչպես հայտնի է գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի վեց անդամները հունվարի 12-ի առավոտյան սպանվել էին գլխից ստացած հրազենային վիրավորումից: Սպանվածներից հինգը չափահաս են, մեկը՝ երկու տարեկան երեխա: Իսկ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը տեղափոխվել էր Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, վիրահատվել է եւ ինչպես բժիշկներն են հայտնում այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Դաժան սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն էր:

Հերմինե Մկրտչյան
Դիտվել է՝