Հայաստան. իրադարձություններով հագեցած օրվա ամփոփումը

17473_MHM0121947_M

♦ Ոչ միայն իրատեսական, այլև լավատեսական. վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստին։

♦ Նոր կառավարությունը ծախսելու ավելի շատ փող կունենա, եթե վերականգնվի հերթական բացահայտված չարաշահման վնասը։ Փոքր Վեդի մանկապարտեզի վարորդը շուրջ 20 տարի աշխատանքի չի հաճախել, որով պետությանը պատճառել է մոտ 5.600.000 դրամի վնաս: Բացահայտումը ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողներինն է:

♦ Քրեական գործ է հարուցվել դպրոց չհաճախելու պատճառով: «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոցի» երկու աշակերտ 2016-2018թթ. ուսումնական տարիներին փաստացի դպրոց չհաճախելու պայմաններում, տնօրենի հրահանգով, բացակա չեն ստացել և փոխադրվել են 4-րդ դասարան:

♦ Բացակա չի ստացել, բայց աշխատասենյակում էլ չի եղել Հայկ Դեմոյանը,երբ ԿԳ նախարարն ու փոխնախարարը ներխուժել են նրա աշխատասենյակ։ «Չթուլանաք հանկարծ ու մի´ հաբռգեք. անհամբեր ու «դուխով» սպասեք իմ վերադարձին»,- գրել է Դեմոյանն ու խոստացել, որ «պարացնելու» է նախարարին ու փոխնախարարին: Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին Դեմոյանին սթափվելու կոչ է արել ու սպառնացել՝ կդիմի ոստիկանություն:

♦ «Ոչ մի ոստիկան չի զոհվել մեր կրակոցից». դատարանում այսօր հրապարակվել է Արայիկ Խանդոյանի հեռախոսազրույցը: Առեղծվածային մայորի հետ զրույցում նա ասել է․«Մեր մոտից բացարձակ կրակոց չի եղել, էդ կրակոցները ձեր սնայպերներն են մեր վրա աշխատում»:

♦ «Բժիշկների անտարբերությունն ու մասնագիտական տարրական գիտելիքների պակասը՝ 5 ամսական երեխայի մահվան պատճառ»: Երեխայի հայրը բաց նամակ է գրել վարչապետ Փաշինյանին։ Նա պահանջում է պատժել Հերացու անվան   պոլիկլինիկայի բժիշկներին:

♦ Կպատժվի՞ արդյոք Տարոն Մարգարյանը: «Նա հրաժարականի դիմում է գրել»,-հայտնել է  Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։   

♦ Ի՞նչ է լինելու Բաղրամյան 26-ի հետ։ Վարչապետն այնքան էլ չէր հավանել նախկին նախագահականի աշխատասենյակը։ Վաղը կառավարությանը կներկայացվի վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծը։ Ըստ այդմ՝ վարչապետը կունենա երկու նստավայր։

♦ ԱՄՆ-ից պատասխանել են Bell 412 ուղղաթիռների վերաբերյալ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հարցին։ «Bell 412 ուղղաթիռները սերտիֆիկացված են՝ որպես քաղաքացիական։ Պետդեպի կողմից դրա արտահանման լիցենզիա անհրաժեշտ չէ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»։ Փաստորեն ուղղաթիռները ձեռք են բերվել որպես քաղաքացիական, հետո ռազմականացվել են։

♦ ԱՄՆ-ում դեռ ոչ, բայց Հայաստանում անտանելի շոգերը սկսվել են։ Ոչ մի գրամ ալկոհոլ, կոֆեին ու շաքար պարունակող խմիչք: Միայն ջուր ու թան: Հունիսի 29-ից հուլիսի 2-ը Երևանում, Արարատյան դաշտավայրում ու Սյունիքի հովիտներում մինչեւ +40 աստիճան կլինի։

Քրիստինա Հովհաննիսյան

Դիտվել է՝