Սերժ Սարգսյանի եւ Արա Բաբլոյանի աշխատակազմերը՝ նրանց ունեցվածքի մասին

namak

ԳԱԼԱ-ն հարցում էր ուղարկել ՀՀ առաջին երեք բարձրաստիճան պաշտոնյաներին նրանց ներկայացրած եկամուտների եւ ունեցվածքի մասին հայտարարագրերի հետքերով:

Սերժ Սարգսյանից, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից փորձել էինք պարզել՝ արդյո՞ք հայտարարագրերում տեղ գտած ունեցվածքը լիարժեք է, կա՞ արդյոք գույք՝ շարժական եւ անշարժ, որ ձեռք է բերվել պաշտոնավարման տարիներին, սակայն չի նշվել հայտարարագրերում:

Բացի այդ, փորձել էինք նաեւ պարզել՝ ներկայացված դրամական միջոցները, եւ ոչ միայն, ի՞նչ աղբյուրներից են գոյացել: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին շուրջ 14 մլն դրամ վարձատրվել է աշխատանքի դիմաց, սակայն ավելի քան 14 մլն դրամ էլ տրված փոխառության դիմաց տոկոս է վերցրել: Ուստի շատ կոնկրետ հարցադրում էր ուղարկվել՝ որտեղից այն դրամական միջոցները, որոնք ներկայացրել է Սարգսյանների ընտանիքը: 2008-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը՝ ունի՞ արդյոք ձեռք բերված այլ գույք (շարժական կամ անշարժ):

Ռիտա Սարգսյանի կողմից փոխառության դիմաց ստացված եկամուտը (տոկոս) կազմել է 12.467.380.30 մլն ՀՀ դրամ (2016 թվական), ունեցած դրամական միջոցները՝ 17.950.000 ՀՀ դրամ:

Հարցադրել էինք նաեւ, թե չունենալով աշխատանքի դիմաց վարձատրություն՝ Ռիտա Սարգսյանի դրամական միջոցներն ինչ աղբյուրներից են գոյացել:

Տեղեկատվության ստացման հարցմանը պատասխան ստացել ենք երկուսից՝ Սերժ Սարգսյանից եւ Արա Բաբլոյանից: Դրանք ոչինչ չասող եւ վերացական պատասխաններ են:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը նշում է, թե հայցվող տվյալներին կարող ենք ծանոթանալ 2011-2016 թվականների ընթացքում ներկայացված տարեկան հայտարարագրերում, մինչդեռ մեր հարցադրումը հստակ էր՝ որտեղի՞ց այն ամենը, ինչ ներկայացված է այդ հայտարարագրերում:namak 1

Նախագահի աշխատակազմը նշում է, որ հայտարարատու պաշտոնատար անձին, տվյալ պարագայում Սերժ Սարգսյանին եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձին (Ռիտա Սարգսյան) սեփականության իրավունքով պատկանող հայտարարագրման ենթակա բոլոր տվյալները՝ գույքը եւ եկամուտները, հրապարակված են տարեկան հայտարարագրերում: Թե ինչ է ձեռք բերել Սարգսյանների ընտանիքը 2017 թվականի ընթացքում, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, կներկայացվի մինչեւ 2018 թվականի մարտի 30-ը:

«Դրամական միջոցներին եւ եկամտի աղբյուրներին առնչվող հարցադրման առնչությամբ հայտնում ենք, որ հաշվետու ժամանակահատվածում հայտարարագրման ենթակա դրամական միջոցների, եկամուտների, դրանց ստացման աղբյուրների վերաբերյալ տվյալները եւս օրենքով սահմանված կարգով հայտարարագրված են պաշտոնատար անձի եւ վերջինիս ամուսնու հայտարարագրերում»,- ասված է հարցմանն ի պատասխան:
2008-2010 թվականների մասին տեղեկատվություն չի տրամադրվում, քանի որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել 2012 թվականի հունվարի 1-ից, որի համաձայն, օրենքով նախատեսված գույքի եւ եկամուտների հայտարարագրերն առաջին անգամ ներկայացվել են 2011 թվականի համար:

ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետը Արա Բաբլոյանի ունեցվածքի վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան նշում է, թե պահանջված տեղեկատվությունն այն ծավալով, որը ենթակա է հրապարակման, ամբողջությամբ հրապարակված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

Կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն, հիշեցնենք, Բաբլոյանի կողմից ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ փոխառության հանձնված ընդհանուր գումարը կազմել է շուրջ 25 մլն ՀՀ դրամ եւ 31.300 ԱՄՆ դոլար:

Դրամական միջոցները՝ 21 մլն 543 հազար դրամ, 17.250 ԱՄՆ դոլար, 9500 եվրո եւ 7000 շվեյցարական ֆրանկ:

Բաբլոյանին խնդրել էինք պարզաբանել, թե ինչ աղբյուրներից են գոյացել իր եւ իր կնոջ դրամական միջոցները:

Կնոջ հայտարարագիրը եւս բավականին տարողունակ էր:

2016 թվականին Մանուշակ Վահանի Երիցյանի կողմից հարկային տարում ձեռք բերած բաժնեմասի արժեքն է շուրջ 830 մլն ՀՀ դրամ:

Փոխառության չափը հարկային տարվա վերջում կազմել է 245 մլն ՀՀ դրամ: Դրամական միջոցները հարկային տարվա վերջում (2016 թ.) կազմել են 335 մլն 371 հազար դրամ եւ 12.000 դոլար: Բաբլոյանի կնոջ եկամտի չափը 2016-ին կազմել է ավելի քան 217 մլն ՀՀ դրամ:

Եվ ահա, պարզ հարցադրմանը, թե որտեղից միջոցները, պատասխան է տրվում, թե ամեն ինչ հրապարակված է կայքէջում՝ առանց գաղտնազերծելու՝ եկամտի ինչ աղբյուրներ ունի Բաբլոյանների ընտանիքը:

Դիտվել է՝