Մանվել Գրիգորյանի փաստաբանին սպառնացել են. նա կդիմի ոստիկանապետին եւ գլխավոր դատախազին. news.am

default

Փաստաբանների անունից ոստիկանապետի Վալերի Օսիպյանին եւ և ՀՀ գլխավոր դատախազին պատրաստվում եմ դիմում ներկայացնել, որպեսզի միջոցներ ձեռնարկեն եւ իրավական գնահատական տան կոնկրետ անձանց կողմից իմ, ընտանիքիս անդամների եւ փաստաբանական խմբի անդամների նկատմամբ հնչեցվող սպառնալիքներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

«Կոնկրետ սպառնալիքներ են հնչում իմ անձին, իմ ընտանիքին, իմ գործընկերներին վերաբերող: Այսպես կոչված՝ երիտասարդ ակտիվացած տարրերը թող չկարծեն, թե կմարսեն և կմնան անպատիժ: Գլխավոր դատախազից առնվազն հույսեր չունեմ, քանի որ նա ցուցարարների մոտ հայտարարեց, որ կիսում է նրանց կարծիքը, դատարանի որոշումն ապօրինի է եւ բողոքարկելու են»,- ասաց նա:

Արսեն Մկրտչյանն ասաց, որ սպառնալիքները հնչում են ե՛ւ ֆեյսբուքով, ե՛ւ զանգահարել են փաստաբանական գրասենյակ, սպառնացել, որ կոչնչացնեն:

Փաստաբանը նշեց, որ ինքն ամեն օր այցելում է Մանվել Գրիգորյանին, վերջինս բուժում է ստանում եւ տանը, եւ ամբուլատոր պայմաններում. «Այսօր պարոն Գրիգորյանի շաքարը 26 էր, իսկ ընդհանուր առմաբ բացասական դինամիկա չկա առողջական վիճակում»:

Անդրադառնալով Մանվել Գրոգորյանի գործով երկար նախքաննությանը՝ փաստաբանը նշեց, որ առնվազն յուրացման մասով նախաքննական մարմինը խնդիր ունի. «Նախաքննական մարմինը փորձում է հիմա հաստատել մի բան, որը գոյություն չունի, այսինքն՝ վարչապետին ներկայացրած տեղեկատվությունն են ցանկանում հաստատել, սակայն չեն կարողանում»:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

news.am

Դիտվել է՝