«Գլխավորը՝ ինքը պետք է մտներ և սպանդ տեղի ունենար». պատգամավորը նոր վարկած է առաջ քաշում

tevan

Սա կարող է լինել Հայաստանի թշնամի՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված ինչ-որ մի դիվերսիոն նախապատրաստություն. ԳԱԼԱ-ի հետ զրույցում այսպիսի վարկած է առաջ քաշում պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Գյումրիում ընտանիքի վեց անդամների սպանության և վեց ամսական երեխային ծանր վիրավորելու փաստին, որի հիմնական կասկածյալը 102 ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովն է:

Հիշեցնենք, վերջինիս եղբայրը այժմ բանտում է, նրան դատապարտել են կնոջը սպանելու համար, ԱԺ պատգամավորը չի բացառում, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները միգուցե հենց Պերմյակովի եղբոր միջոցով են, այսպես ասած, «դուրս եկել» ռազմաբազայի զինվորի վրա, պատրաստել նրան ու սպասել հարմար պահի. «Ցանկացել են իրավիճակ ձևավորել, որ սահմանի վրա չէ, այլ Հայաստանի մի որևէ այլ քաղաքում է տեղի ունենում մի որևէ այս տեսակի դեպք, և այդ պարագայում իսկապես կարևոր չէ, թե որ մի ընտանիքն է մտնում, որտեղ է մտնում, գլխավորը ինքը պետք է մտներ և սպանդ տեղի ունենար: Ինքը բոլորին պետք է փորձեր սպանել, դրա համար էլ, որ զենքը չի կրակել, ինքը նույնիսկ դանակով է հարվածել 6 ամսական երեխային»,- ասում է Թևան Պողոսյանը, ով նաև նշում է՝ սա ընդամենը հերթական վարկածներից մեկն է, և այսօր թե ռուսական, թե հայկական կողմի համար գերխնդիր պետք է լինի գործի լիարժեք բացահայտումը, քանի որ սա նաև ռուսական բազայի անվտանգության խնդիրն է. «Ինչու ոչ, այդ մարդը կարող է տեղեկություններ է հայտնել, թե ինչ զինամթերք կա ռուսական ռազմաբազայում, որպեսզի Ադրբեջանը իմանա: Չմոռանանք, որ մենք, այնուամենայնիվ, պատերազմական գործողությունների մեջ ենք»:

Ի դեպ, այս վարկածի տրամաբանությունից է բխում նաև այն, որ Վալերի Պերմյակովը փորձել է հատել հայ-թուրքական և ոչ թե հայ-վրացական սահմանը, որը տեխնիկապես ավելի հեշտ կլիներ: Եթե անգամ այս վարկածը հերքվի, ըստ պատգամավորի, մեկ բան ակնհայտ է. սա ընդամենը դաժան սպանություն չէ. «Ինձ չի թվում, որ ամեն ինչ այդքան պրիմիտիվ է, ամեն ինչ լավ էր, որոշեցի մի քիչ զբոսնել, 3 կմ զինվորական մասից զբոսնեցի, հետո այս տեսակի դուռը դուրս եկավ, փորձեցի ծեծել, տեսա բաց էր, մտա, որ ջուր խմեմ ու միանգամից 6 հոգու սպանեցի: Սա շատ պրիմիտիվ է, և այստեղ մենք պետք է խորը ուսումնասիրություն կատարենք»,- ասաց Պողոսյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե իրավական տեսանկյունից որն է ավելի ճիշտ՝ գործի քննությունը հանձնել հայկակա՞ն, թե՞ ռուսական կողմին, պատգամավորը կարծիք է հայտնում, որ այստեղ ամենաարդյունավետը կլինի համագործակցված աշխատելը: Հանցագործությունը, սակայն, տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, և հանրությունը գործը հայկական կողմին հանձնելու պահանջ է ներկայացնում, Թ. Պողոսյանը պարզաբանում է այսպես. «Միջազգային կոնվենցիաների շրջանակներում՝ եթե զինվորականը կատարել է հանցագործություն, ինքը քննվում է իր իսկ ուղարկած երկրի կողմից ներկայացված օրենքների շրջանակներում»:




Նաիրա Նալբանդյան
Դիտվել է՝