ԲՀԿ-ին զուսպ լինելու հրահանգ իջեցված չէ՞

1372175074,3615

Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներին, հատկապես խորհրդարանական խմբակցության պատգամավորներին հրահանգված է զուսպ լինել արտահայտություններում: Ըստ հրապարակումների՝ այդ ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ չի բացառվում, որ աշնանը ստորագրվի կոալիցիոն նոր հուշագիր, որտեղ տեղ կզբաղեցնի նաև Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը:

ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքել է այդ տեղեկությունները: «ԲՀԿ-ին հրահանգել կարող է միայն մի ուժ՝ ՀՀ քաղաքացիները, այն զանգվածը, որը որ մեզ պատվիրակել է քաղաքականության մեջ պետական կառավարման, մասնավորապես օրենսդիր ոլորտ գործառույթներ իրականացնելու, լիազորություններ ունենալու և պարտականություններ կատարելու: Ուրիշ ո՞վ կարող է մեզ ինչ-որ բան հրահանգել: Ինչ են ցանկանում, ինչ են հրահանգում և ինչ են պատվիրակում մեզ մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը բոլորին հայտնի է անշեղուն քաղաքական կուրս, պարտադրանք, պահանջատիրություն, վերահսկողություն, սեփական համոզմունքից և դիրքորոշումից բխող նախագծերի ներկայացում»;

Վերջինս խոսելով Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Անցումային շրջանում գտնվող երկրներ – 2013» զեկույցի մասին, համաձայն որի՝ մեր երկիրը դասվում է կիսաավտորիտար երկրների շարքում, ասել է հետևյալը. «Ես, իմ բազմաթիվ գործընկերները, իմ թիմակիցները, ԲՀԿ խմբակցության պատգամավորները ջանում են իրականացնել այն բարեփոխումները թե քաղաքական դաշտում և թե առհասարակ խնդրին առնչվող ոլորտներում, որպեսզի ՀՀ-ն ոչ միայն դիտարկվի օբյեկտիվ, թե սուբյեկտիվ տեսանկյունից, շատ ժամանակ, պետք է խոստովանել, որ այդպիսիք լինում են, այլ իրական լինի այն պետությունը, որ մարդիկ ապրում են իրավահավասարության պայմաններում, որտեղ մարդիկ սոցիալական, սոցիալ-տնտեսական իրավիճակից դրդված չեն գնում այն ճանապարհով, որը բերում է բացասական բնորոշումների, և որպեսզի մեզանում ամեն ինչ լինի լավ, մեր կյանքում ամեն ինչ լինի բարեկեցիկ նյութապես և բարոյապես»:

Ըստ պատգամավորի՝ եթե այդ խնդիրները կարգավորվեն, այլևս որևէ մեկին չի հետաքրքրի, թե օտարերկրյա կազմակերպությունները ինչ բնույթի գնահատական կհնչեցնեն: «Իհարկե բոլոր գնահատականներն էլ մտահոգիչ են, բայց բոլորը չէ, որ կարող են դառնալ ուղեցույց մեր գործունեության համար: Ուղեցույցը պետք է լինի մեզանում, մեր համոզմունքների մեջ, մենք ինքներս ենք ձգտում, և բոլորը պետք է ձգտեն ՀՀ-ն դարձնել այնպիսի պետություն, որի վերաբերյալ որևէ մեկը որևէ վերապահում իրեն չի կարողանա թույլ տալ»,- նշել է ԱԺ պատգամավորը:

Փայլակ Ֆահրադյան

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>