Ալիևի ռեժիմը չի կարող իրեն երկարաժամկետ պատերազմ թույլ տալ տնտեսության անկման պայմաններում. Forbes-ի անդրադարձը

69432

Ամերիկյան ֆինանսատնտեսական ամենահեղինակավոր Forbesպարբերականն անդրադարձել է վերջին շրջանում արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական ագրեսիայի հաճախակի դրսեւորումներին եւ վերլուծել դրա պատճառահետեւանքային կապը Ադրբեջանի՝ անկում ապրող տնտեսության հետ:

«Մայիսի 18-ին Ադրբեջանն առաջացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ապա՝ նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության զայրույթը՝ խախտելով նախորդ տարի հակամարտող կողմերի միջեւ հաստատված անկայուն հրադադարը:  Սա բավականին եզակի քննադատություն է պատմականորեն չեզոք կառույցների կողմից»,- գրում է հոդվածի հեղինակ Մովսես Տեր-Հովհաննիսյանը: 

Նա նշում է, որ օգտագործելով իսրայելական Spike հակատանկային հրթիռային համակարգը՝ Ադրբեջանը թիրախավորեց Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը, եւ սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ադրբեջանը մի քանի անգամ պարբերաբար հայտարարել էր Հայաստանի  կողմից բռնության դրսեւորման մասին:

«Ադրբեջանը նմանատիպ հայտարարություններով հանդես եկավ նաեւ այն ժամանակ, երբ արժեզրկեց իր ազգային տարադրամը՝ մանաթը, 2015 թվականին, ինչը հանգեցրեց նրան, որ միջին կենսամակարդակ ունեցող ադրբեջանցին կորցրեց իր խնայողությունների համարյա կեսը»,-նշել է Մովսես Տեր-Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս ճգնաժամին հաջորդեց 1994 թվականի Բիշքեկում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ կնքված հրադադարից հետո շփման գծում  ամենամեծ բռնության դրսեւորումը:

«Հենց նույն շաբաթվա ընթացքում, երբ  թիրախավորվեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը,  Ադրբեջանի միջազգային բանկը ձախողեց 100 մլն վարկի վճարումը եւ Նյու Յորքում հայտարարեց իր սնանկացման մասին:  Դրանից հետո բանկը Ադրբեջանի էներգետիկ հսկա համարվող պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին տրամադրեց 2 մլրդ դոլար վարկ, սակայն ընկերությունը նույնպես չարդարացրեց սպասելիքները եւ համաշխարհային վարկանիշային «S&P Global Rating» ընկերության կողմից արժանացավ  բացասական գնահատականի»,- ընդգծում է հոդվածագիրը: 

Վարկային վարկանիշների կտրուկ նվազում,  նավթի եւ գազի արտադրության անկում, երկրի շինարարական հատվածի հետընթաց, դրան զուգահեռ գնաճ. հեղինակն Ադրբեջանում տիրող իրավիճակը համեմատում է «հոլանդական հիվանդության» հետ, երբ տնտեսության որոշակի հատվածի առաջխաղացումը զուգակցվում է մյուս հատվածների անկման հետ: Նավթային եկամուտներից կախված իր իշխանությունը պահպանել ցանկացող Ալիեւին մնում էր ոչ այլ ինչ, քան հանգստացնել բնակչությանը՝  համախմբելով դրոշի շուրջ: 

«Նախորդ տարվա ապրիլին լայնամասշտաբ ադրբեջանական ագրեսիան դրսեւորվեց Պանամայի փաստաթղթերի հրապարակման նախօրեին. դրանք բացահայտեցին Ալիեւների ներգրավվածությունը խարդախության ու նեպոտիզմի մեջ»,- հիշեցնում է հոդվածագիրը: 

Հեղինակի խոսքով՝ Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակի հաճախակիացող սրումը միանշանակ պայմանավորված է թե երկրի տնտեսության անկմամբ, թե Ադրբեջանի մեծ ցանկությամբ՝ բացահայտելու վերջին տասնամյակում Ռուսաստանից, Թուրքիայից եւ Իսրայելից գնված զինտեխնիկայի կարողությունները: Իսկ Թալիշ գյուղի մոտակայքում վերջերս 10 տանկերի տեղակայումն ու դուրսբերումը հեղինակը համարում է ոչ այլ ինչ, քան մոլորության մեջ գցելու նպատակ հետապնդող մի ծրագիր. Ադրբեջանն այսպես փորձարկումներ է իրականացնում: 

«Ալիեւի ռեժիմը չի կարող իրեն թույլ տալ երկարաժամկետ պատերազմ այն դեպքում, երբ իր նավթային ենթակառուցվածքը հնարավոր է հայտնվի սպառնալիքի տակ, ուստի այն պարզապես սահմանափակվելու է բախումներով, ինչին ականատես եղանք նախորդ տարի»,- եզրափակում է Forbes-ի հոդվածագիրը:

Դիտվել է՝