Հայաստանում ոչ մի բուհ հարմարեցված չէ հաշմանդամ մարդկանց համար

1372183092,1512

Նկարում դեպի Երևանի պետական համալսարան տանող անցումն է: Ինչպես տեսնում եք, անցումում եղած թեքահարթակը միակողմանի է: Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնված այս նկարի տակ օգտատեր Զառա Բաթոյանը կես կատակ-կես լուրջ գրում է, որ այդպես են կառուցել թեքահարթակը, որովհետև գիտեն, որ իջնողը հաստատ էլ չի բարձրանալու հետ. այն ոչ միայն միակողմանի է, այլ նաև չափազանց բարձր, որպեսզի հաշմանդամը միայնակ տեղաշարժվի:

Հաշմանդամների ունեցած տեղաշարժման և դրանից բխող մյուս խնդիրների մասին խոսեցինք «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի հետ:

-Պարո՛ն Ալավերդյան, ըստ Ձեր դիտարկումների՝ որպես պարտականություն կառուցված թեքահարթակները շա՞տ են քաղաքում:

-Բավականին շատ են. դրանք կարելի է տեսնել թե՛ անցումներում, թե՛ հենց փողոցում, օրինակ՝ բորդյուրի մի կողմում թեքահարթակ է արված, իսկ մյուս կողմում՝ ոչ: Սակայն մենք փորձում ենք ոչ թե քննադատել, այլ որոշակի լուծումներ տալ դրանց, որի համար աշխատում ենք քաղաքապետարանի հետ և հուսով ենք՝ թեքահարթակների հետ կապված և մի շարք այլ խնդիրներ հենց այս տարի կլուծվեն:

-Կա՞ն վայրեր, որտեղ թեքահարթակներ կառուցելն առավել առաջնային է:

-Հաշմանդամը կարող է լինել բոլոր այն վայրերում, որտեղ կարող են լինել մյուս բոլոր մարդիկ: Նրանք էլ ունեն իրենց նախասիրությունները, գործերը: Դրա համար այսօր մենք փորձում ենք խորհուրդ տալ հաշմանդամների համար պայմանները հարմարեցնել գոնե այն վայրերում, որտեղ շատ է պահանջարկը ցանկացած մարդու համար. առևտրի, մշակույթի կենտրոններում, սիրելի զբոսանքի վայրերում: Օրինակ՝ ցանկանում ենք Հյուսիսային պողոտան ամբողջությամբ հարմարեցնել հաշմանդամների տեղաշարժման համար: Չնայած այն նորակառույց է, և պիտի գոնե դա կառուցված լիներ այնպես, որ հաշմանդամները ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր չունենային, բայց այնտեղ էլ եղած մի քանի բորդյուրները դա թույլ չեն տալիս:

-Իսկ ու՞մ է պետք հաշմանդամին հարմարեցված առևտրի կենտրոնը, երբ նա հենց իր շենքից դուրս գալու խնդիր ունի, և դրանք էլ հարմարեցված չեն հաշմանդամների համար:

– Դա շատ դժվար լուծելի խնդիր է: Բազմաբնակարան շենքում գուցե ապրի մի հաշմանդամ: Իհարկե ճիշտ կլիներ, որ հենց այդ մեկ հաշմանդամի իրավունքները հաշվի առնվեին, և նրա համար հարմարեցվեին բոլոր պայմանները, բայց քիչ իրատեսական է, որ այդպիսի ֆինանսական ներդրումներ կարվեն մեկ մարդու համար: Կան մարդիկ, ովքեր ակտիվ են և սեփական միջոցներով փորձում են լուծել իրենց տեղաշարժման հարցը: Այստեղ է, որ ես պիտի հորդորեմ պետական մարմիններին, որ եթե չեն օգնում, ապա գոնե չխոչընդոտեն այդ մարդկանց. երբեմն լինում են քաշքշուկներ, որոնց պատճառով մարդիկ հիասթափվում են և նույնիսկ սեփական միջոցներով չեն ուզում որևէ բան անել:

-Նշեցիք, որ քաղաքապետարանի հետ եք համագործակցում, որի շենքը չնայած նորակառույց է, բայց դարձյալ հարմարեցված չէ հաշմանդամ մարդկանց համար:

-Իսկապես շատ վատ է, որ քաղաքապետարանի շենքն ի սկզբանե չի կառուցվել այնպես, որ հարմար լինի հաշմանդամների տեղաշարժման համար: Դրա շքամուտքն ունի աստիճաններ, բայց չունի թեքահարթակ: Ընդհանրապես մենք հորդորում ենք նորակառույցներում ոչ թե թեքահարթակներ կառուցել, այլ ուղղակի այդ անիմաստ աստիճանները չկառուցել մուտքի առջև, ինչպես դա արվում է մի շարք երկրներում: Եթե մուտքը հարթ է, բնականաբար լուծվում է տվյալ կառույց մտնելու՝ հաշմանդամի խնդիրը: Իհարկե պետք է նշել, որ որոշակիորեն քաղաքապետարանում փորձում են լուծել այդ խնդիրները: Օրինակ՝ ծառայողական մուտքի մոտ կա թեքահարթակ, բայց դա ոչ թե սովորական քաղաքացիների, այլ աշխատողների համար է: Թեքահարթակ կա նաև «Բաց պատուհան» համակարգի մոտ, որտեղ քաղաքացիները կարող են տալ իրենց դիմումները, ծանոթանալ դրանց պատասխաններին:

- Այսօր հաճախ կարելի է տեսակետ լսել, որ սահմանափակ կարողություններ ունեցող անձինք մեծամասամբ կոմպլեքսավորված են: Իրականում դա այդպե՞ս է, թե՞ հենց տեղաշարժման խնդիրն է, որ նրանցից շատերին թույլ չի տալիս լիարժեքորեն ինտեգրվել հասարակությանը:

– Կոմպլեքսավորված կարող է լինել ցանկացած անձ: Մեկը տարբերվում է մյուսներից և կոմպլեքսավորվում, մյուսին թվում է, որ ինքը տարբերվում է և դրանից է կոմպլեքսավորվում: Այսինքն ոչ միայն հաշմանդամությամբ է, որ կարելի է տարբերվել: Եթե պայմանները հաշմանդամների համար հարմար լինեին, որքան մյուսների համար են, ապա նրանք էլ կկոմպլեքսավորվեին այնքանով, որքանով մյուսները, ուղղակի տեղաշարժման հետ կապված խնդիրը կրկնապատկում է նրանցից ոմանց կոմպլեքսները: Եթե տեղաշարժման խնդիր ունենալու պատճառով մարդը երկար ժամանակ դուրս չի գալիս փողոց, բնական է, որ երբ «ստիպված է լինում» դուրս գալ, անկախ իրենից կոմպլեքսավորվում է:

-Հայաստանում անգամ դպրոցներից շատերը հարմարեցված չեն հաշմանդամ երեխաների համար, սակայն վերջին տարիներին կարծես թե շատ է խոսվում ներառական կրթության մասին, որը պիտի համընդհանուր ու պարտադիր դառնա: Որքանո՞վ եք արդյունավետ համարում կրթության ներառական տարբերակը, և արդյոք, ըստ Ձեզ, այսօր ներառական կրթության անցած դպրոցները ունեն համապատասխան պայմանները՝ երեխաներին լիարժեքորեն ներառական կրթություն տալու համար:

-Ներառական կրթության գաղափարը փայլուն գաղափար է: Այն 21-րդ դարում ուղղակի պահանջ է, սակայն շատ դպրոցներում ձևական լուծումներ են տրված շատ խնդիրների: Օրինակ՝ դպրոցի շքամուտքերից շատերն ունեն թեքահարթակներ, սակայն դրանք տանում են «ոչ մի տեղ»: Այսինքն դրանք տանում են միայն առաջին հարկ, իսկ դպրոցի ներսում չկան պայմաններ այլ հարկեր, սանհանգույց, մարզադահլիճ գնալու համար: Սա միայն տեղաշարժման խնդիրն է, մինչդեռ չկան նաև երեխաներին կրթություն տալու պայմաններ, համապատասխան գրականություն և այլն:

- Եթե որոշ դպրոցներում որոշակի քայլեր, այնուամենայնիվ, արվում են դրանք հաշմանդամ մարդկանց հարմարեցնելու համար, ապա բուհերում առհասարակ ոչինչ չի արվում, և Հայաստանում գործող միակ բուհը Ամերիկյան համալսարանն է, որ լիովին հարմարեցված է ցանկացած մարդու համար:

-Այո, բայց եկեք չմոռանանք, որ Ամերիկյան համալսարանը մագիստրոսական ծրագիր ունի միայն, և հետևաբար այնտեղ դիմող անձը պիտի այլ բուհերի բակալավրի կրթություն ունենա, որոնց պայմանները, ինչպես նշեցիք, շատ հաշմանդամների հնարավորություն չեն տալիս այնտեղ սովորելու:

-Այնուամենայնիվ վերջին մի քանի տարիների ընթացքում նկատելի է հաշմանդամների խնդիրների նկատմամբ առավել շատ ուշադրություն հասարակության, որոշակի կազմակերպությունների, լրատվամիջոցների կողմից: Որքանո՞վ է այդ ուշադրությունը դրական տեղաշարժ մտցրել հաշմանդամ մարդկանց խնդիրների լուծման հարցում:

– Տեղաշարժ իսկապես կա: Օրինակ՝ մի 20 տարի առաջ այդ խնդիրների մասին գրեթե չէր խոսվում, 10 տարի առաջ արդեն խոսվում էր, բայց դրանց լուծումների հարցում որոշ պատգամավորներ առարկություններ էին ներկայացնում, իսկ այսօր արդեն չես գտնի մի պատգամավորի, որ կասի՝ հաշմանդամների համար մատչելի պայմաններ ստեղծել պետք չէ, ուղղակի հիմա էլ առաջ են գալիս մի շարք ֆինանսական, տեխնիկական խնդիրներ: Եվ եթե այսպես շարունակվի, ապա մենք չենք ունենա այն երկիրը, որտեղ հաշմանդամները խնդիրներ չեն ունենա: Պիտի հստակ պլան կազմվի, որտեղ կասվի, թե կոնկրետ ինչ պիտի արվի, ինչ ժամանակահատվածում, և ով է պատասխանատու չանելու համար:

Արաքս Մամուլյան

Լուսանկարը՝ Մուշեղ Հովսեփյանի

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>