«Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը զինտեխնիկա է մատակարարում Ադրբեջանին»

1372227193,0388

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն մատակարարելու կապակցությամբ: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը զինտեխնիկա է մատակարարում Ադրբեջանին, դրանով իսկ, ըստ էության, նպաստելով Ադրբեջանի ռազմատենչ եւ պատերազմական գործողությունների միտված քաղաքականությանը:

Հարձակողական նշանակություն ունեցող ցամաքային սպառազինությունների մատակարարումը փաստացիորեն անտեսում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու` բազմիցս հայտարարված պատրաստակամությունը եւ ավելի հավանական դարձնում ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող ՀՀ-ի հանդեպ ռազմական ագրեսիան` ՀԱՊԿ-ի մեկ այլ անդամ Ռուսաստանի տրամադրած զինտեխնիկայի հնարավոր կիրառման հաշվին: Մինչդեռ, 1997թ. ՀՀ և ՌԴ միջև կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ Կողմերը պարտավորվում են համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար:

Բազմիցս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ համանախագահող երկրների նախագահները կոչ են արել Ադրբեջանին եւ Հայաստանին դադարեցնել սպառազինությունը եւ ջանքերն ուղղել բանակցային սեղանի շուրջ լուծում գտնելու ուղղությամբ: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հենց ինքն է նաեւ նպաստում Ադրբեջանի ռազմականացմանը: Ի վերջո, այդ ծավալի սպառազինությունների մուտքը կոնֆլիկտային տարածաշրջան խորացնում է լարվածությունը եւ միաժամանակ խոչընդոտում ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին:

Ելնելով նշվածից` Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ՌԴ սույն քայլը դիտարկում է որպես նահանջ ռազմավարական գործընկերության հարաբերություններից եւ կոչ է անում ՀՀ  իշխանություններին համապատասխան դիրքորոշում ցուցաբերել եւ դիտարկել Ադրբեջանին ցամաքային հարձակողական զինատեսակների մատակարարման ու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համատեղելիության հարցը:

Միաժամանակ միջազգային հանրության, եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վրա եւ ակնկալում պատշաճ արձագանք:

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

26, հունիսի 2013թ.

ք. Երեւան

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>