Հալեպցի յոթամյա աղջիկը նամակ է գրել Թրամփին. artsakhpress.am

60516

Սիրիացի 7-ամյա Բենա Ալաբեդը, ով հայտնի է դարձել «Թվիթերում» իր գրառումներով պաշարված Հալեպից, բաց նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

 «Դուք պետք է ինչ-որ բան անեք սիրիացի երեխաների համար, քանի որ նրանք այնպիսին են, ինչպիսին և ձեր երեխաները, և նույնպես արժանի են խաղաղ ապրելուն, ինչպես և դուք»,- գրել է նա:

Բենան իր ընտանիքի հետ Հալեպից փախել է դեկտեմբերին, երբ խաղաղ բնակիչները տարհանվել են քաղաքի արևելյան մասից: Այժմ նրանք բնակվում են Թուրքիայում:

Աղջիկը սկսել է «Թվիթերում»  գրառումներ անել 2016 թ. սեպտեմբերից, երբ Ասադի բանակը հարձակվել է քաղաքի արևելյան մասը վերահսկող  գրոհայինների վրա: Բենան նկարագրել էր տեղի ունեցածը անգլերենով: Նրա մայրը՝ Ֆաթիման,  դստեր նամակը Թրամփին ուղարկել է Բի-Բի-Սի-ի խմբագրություն:

Նրա խոսքով, Բենան գրել է այն ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությունից մի քանի օր առաջ:

Բենա Ալաբեդի նամակը Դոնալդ Թրամփին.

«Սիրելի Դոնալդ Թրամփ, իմ անունն է Բենա Ալաբեդ: Ես յոթամյա սիրիացի աղջիկ եմ Հալեպից:

Իմ ամբողջ կյանքում ես ապրել եմ  Սիրիայում, քանի դեռ նախորդ տարվա դեկտեմբերին  ես չհեռացա պաշարված  արևելյան Հալեպից: Ես այն երեխաների թվին եմ պատկանում, ովքեր տառապել են Սիրիայում պատերազմից: Հիմա ես ապրում եմ խաղաղ միջավայրում իմ նոր տանը՝ Թուրքիայում: Հալեպում ես դպրոց էի գնում, որը պայթեցվել է: Իմ ընկերներից մի քանիսը զոհվել են:  Ես այժմ շատ տխուր եմ նրանց համար, այնքան եմ ուզում, որ նրանք հիմա ինձ հետ լինեն, որպեսզի կարողանանք միասին խաղալ: Ես չէի կարողանում խաղալ Հալեպում, այն մահվան քաղաք էր:

Հիմա ես Թուրքիայում եմ, կարող եմ քայլել փողոցով և ուրախանալ: Կարող եմ հաճախել դպրոց, չնայած դեռ չեմ սկսել: Հենց դրա համար աշխարհը կարևոր է դարձել բոլորի համար, այդ թվում նաև ինձ համար:

Բայց այժմ միլիոնավոր սիրիացի երեխաներ ապրում են ոչ այնպես, ինչպես ես, և տառապում են Սիրիայի տարբեր հատվածներում: Նրանք տառապում են մեծ մարդկանց արածների պատճառով: Ես գիտեմ, որ դուք դառնալու եք Ամերիկայի նախագահը: Խնդրոմ եմ, փրկեք  Սիրիայում բնակվող երեխաներին և ժողովրդին: Դուք պետք է ինչ որ բան անեք սիրիացի երեխաների համար, քանի որ նրանք այնպիսի երեխաներ են, ինչպիսին ձեր երեխաներն են, արժանի են ապրել  խաղաղության մեջ, ինչպես և դուք:

Եթե դուք ինձ խոստանաք, որ ինչ-որ բան կանեք սիրիացի երեխաների համար, ես կլինեմ ձեր նոր ընկերը: Հույս ունեմ, որ դուք սիրիացի երեխաների համար որևէ բան կանեք»:

artsakhpress.am

Դիտվել է՝