«Պարո՛ն նախագահ, իմ ընտանիքով ո՞ւր գնամ Ձեր իշխանությունից». սպանված զինվորի հոր բաց նամակը

SAMSUNG CAMERA PICTURES

ԳԱԼԱ հեռուստաընկերության գրասենյակ  էր ներկայացել 2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, ով խնդրել է իր բաց նամակը հղել երկրի ղեկավար Ս. Սարգսյանին: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

«Հարգելի՛ պարոն նախագահ, Ձեզ դիմել եմ բազմիցս՝ սկսած 2012 թ-ի հունվար ամսից, երբ որդիս՝ Հայկ Մովսեսի Խաչատրյանը, ՀՀ բանակի «թուրք» հրամանատարների, այնուհետեւ բանակի բժիշկների անտարբերության, սխալ բուժումների, անմարդկային վերաբերմունքի զոհը դարձավ հասարակ հիվանդությամբ՝ ջրծաղիկով հիվանդանալուց հետո:

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մինչեւ այժմ ոչ ոք ոչ մի պատասխանատվություն չի կրում եւ չի պատժվել:

Թեեւ բազմաթիվ գրածս դիմում-նամակներից ոչ մեկի  պատասխանը չեմ ստացել, բայց նորից դիմում եմ տեղեկացնելու համար, որ  մեղավորներից ոչ մեկը օրենքի առաջ չի կանգել եւ պատասխան չի տվել: Այլ ընդհակառակը՝ բժիշկների եւ հրամանատարների կողմից քրեորեն պատժելի արարքները կոծկել եւ թաքցրել են: Եվ հիմա էլ նրանց գործողությունները փորձում են արդարացնել՝ զինվոր սպանելու համար:

Սա՞ է մեր Հայաստանը… Դիմում եմ Ձեզ, որովհետեւ Դուք եք գերագույն գլխավոր հրամանատարը, եւ Ձեր իշխանության օրոք է որդիս բանակի իրական պատկերի զոհը դարձել:

Հարգելի՛ նախագահ, կրկնություն չլինի, բայց մի երկու բառով հիշեցնեմ՝ 2011 թ-ի դեկտեմբերի 30-ին  Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում աչքիս առջեւ մահացել է  որդիս՝Հայկ Խաչատրյանը, որը ժամկետային զինծառայող էր: Նախքան այդ 20 օր պառկել էր Մուրացանի հոսպիտալում, որտեղ ենթարկվել էր բժիշկ ոճրագործների անմարդկային վերաբերմունքին:

Դրանից հետո հարուցվել է  քր. գործ՝ ՀՀ ՔՕ-ի 376 –րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով եւ 130-րդ  հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Նախաքննության ավարտից հետո դատարան է ուղարկվել միայն ՀՀ ՔՕ-ի 376  հոդվածի առաջին մասով մեղադրանքը, իսկ 130-րդ հոդվածի առաջին մասը կարճվել է:

Շուրջ տարի ու կես տեւած դատաքննությունից հետո դատաքննության վերջը չի երեւում: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանն աշխատում է ժամանակի վրա՝ իբրեւ «արդարադատություն» է իրականացնում…

2013 թ-ի հոկտեմբերին ՀՀ անկախության 22-րդ տարելիցի կապակցությամբ եղավ Ձեր որոշումը համաներում հայտարարելու մասին: Եվ ամբաստանյալ կոչվածներ Ն. Մկրտչյանը եւ Մ. Միքայելյանը ընկան համաներման տակ: Սակայն մինչեւ օրս դատավոր Վ. Գրիգորյանը չի կիրառել նրանց նկատմամբ համաներումը եւ շարունակում է  դատաքննությունը՝ նպատակ ունենալով արդարացման որոշում կայացնել:  Անհեթեթ բժշկական կրկնակի փորձաքննություններ է նշանակում, որոնք շուրջ մեկ տարի է՝ ձգձգվում են, բայց դեռ պատասխանները չեն եկել:

Եվ այսպես, անվերջ ձգձգումներ եւ դրանով նկատվում է մի միտում՝ հանցագործներին խուսափեցնել պատժի կրումից՝ ընդհուպ մինչեւ իսկ արդարացնել նրանց:

Պարոն  նախագահ, այս դատական անվերջ ձգձգվող մղձավանջում մենք ինչպե՞ս  ապրենք, երբ ընդհանրապես արդարություն եւ արդարադատություն չկա: Մեր պապերը անցած դարասկզբին փախել են ջարդից ու անարդարությունից, հիմա ես իմ ընտանիքով ու՞ր գնամ Ձեր իշխանությունից, որտեղ ոչ մի օրենք չի գործում: Այս երկում ամեն ինչ Ձեր անձից է կախված:

Էդ ո՞նց է, որ ռազմական բժիշկ  Վահե Ավետյանին կռվի մեջ սպանելու համար 12 տարի ազատազրկման դատապարտեցին մեղավորներին, ժողովուրդն ասում է՝ կռվի մեջ փլավ չեն ուտում: Բան չունեմ ասելու՝ մեղավորները պետք է պատժվեն: Իսկ իմ որդին ի՞նչ էր արել. իրեն իսկ ծննդյան օրը ինքնակամ զորակոչվել էր հայկական բանակ՝ իր ծառայությունը կատարելու հայրենիքի նկատմամբ:

Եվ այնտեղ հանդիպել էր «թուրք» հրամանատարների, որոնք չեն էլ հավատացել, որ նա հիվանդ է, եւ այդ վիճակով, հայհոյելով՝ վազեցրել են եւ հիվանդությունը զարգանալուց հետո  գցել հոսպիտալ: Եվ այնտեղ էլ նույն պատկերը: 20 օր մնալով այնտեղ՝ անտարբերություն, սխալ բուժում, անմարդկային վերաբերմունք եւ երեխայիս սպանեցին:

Ո՞վ է սրան պատասխան տալու. մի դեպքում, երբ բժիշկ է  տուժողը, պետք է պատժվի մեղավորը, իսկ երբ տուժում է զինվորը, պետք է արդարացվե՞ն բժիշկները:

Էն ստախոս Սեյրան Օհանյանը ինձ հրապարակավ խոստացավ, որ բոլոր մեղավորները կպատժվեն… Սա է մեր ստից կառուցած երկիրը, ժողովուրդը մեղք չէ՞ Ձեր ձեռքը, ո՞ւր թողնենք գնանք…»:

SAMSUNG CAMERA PICTURES SAMSUNG CAMERA PICTURES

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>