Ռուսաստանում ստեղծվել է հայերին միավորող տեղեկատվական հարթակ. հարցազրույց «Armfinder»-ի հիմնադիր Աննա Իսախանյանի հետ

collagearmfinder

Անկախացումից ի վեր արտագաղթի թեման Հայաստանի համար մնում է ակտուալ ու ցավալի: Տարբեր հաշվարկներով անկախացումից մինչ այսօր ՀՀ-ից արտագաղթել է առավել քան 380000 մարդ: Եվ խնդիրը ոչ միայն այն է, որ Հայաստանի նման փոքր երկրի համար մարդկային ռեսուրսների կորուստն իսկական աղետ է, այլ նաև այն, որ ամեն արտագաղթած հայրենակցի կյանքը գրեթե 180 աստիճանով փոխվում է, և նա բազմաթիվ խնդիրների է առնչվում, որոնց հետ ստիպված է շատ անգամ միայնակ պայքարել:

Մեր հարցազրույցի հերոսուհին էլ՝ Աննա Իսախանյանը, ով մոտ 1,5 տարի առաջ ստիպված էր լքել Հայաստանը և տեղափոխվել Ռուսաստան, որոշեց, որ պետք է անել հնարավորինը, որպեսզի ՌԴ-ում բնակվող հայերն իրենց միայնակ չզգան ու հնարավորություն ունենան օգնել միմյանց հարմարվելու բոլորովին նոր պայմաններին ու կյանքին:

Այսպես ծնվել է «Armfinder» տեղեկատվական բազայի գաղափարը՝ մեկ միասնական հարթակի վրա հավաքել ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներին, հնարավորություն տալ նրանց պատմել իրենց մասին, ներկայացնել մասնագիտական հմտությունները, և որ ամենակարևորն է, ռեալիզացնել իրենց հնարավորությունները։

Այդ նպատակով կայքում գործում է 20 հիմնական կատեգորիա. արտադրություն, շինարարություն, դիզայն, կրթություն, երեխաներ, խնամք, բժշկություն և դրանցից յուրաքանչյուրն էլ ունի ենթակատեգորիա, որը հնարավորություն է տալիս թիրախավորել ըստ պոպուլյար խմբերի։

-Մի քանի տարի առաջ Դուք Հայաստանից տեղափոխվեցիք Ռուսաստան: Ի՞նչ խնդիրների եք առնչվել:

-Համարյա մեկ ու կես տարի է, որ ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստանի Դաշնություն մշտական բնակության։ Չնայած նրան, որ տեղափոխվել ենք հետսովետական երկրից մեկ այլ հետսովետական երկիր, այնուամենայնիվ, տարբերություններն այստեղ շատ շատ են։ Մոսկվան աշխարհի ամենամեծ մեգապոլիսներից է, և նոր տեղափոխվածների համար մի շարք անհարմարություններ են ստեղծվում։ Նախ այն, որ տեղի բնակիչները, մեղմ ասած, ուրախ չեն ողջունել այլազգիներին իրենց քաղաքում, այդ թվում նաև հայերին, այս մեկ ու կես տարվա մեջ մեկ կամ երկու տեղացիների հետ եմ ծանոթացել և շփվել։ Ստացվում է՝ եթե չկան հարազատներ և բարեկամներ, ապա դու բոլորովին միայնակ ես։ Բնակարանային խնդիր, քաղաքացիություն, անձնագիր, բժշկական ապահովագրություն և այլն, և այլն։ Դու դառնում ես նոր երկրի բնակիչ և պետք է համբերատար դիմակայես բոլոր դժվարություններին։

Այնուամենայնիվ, չնայած ծագող դժվարություններին, Մոսկվան ահռելի հնարավորությունների քաղաք է։ Չեմ ուզում, որ գովեստիս խոսքերն ընկալվեն իբրև արտագաղթի կոչեր, ընդհակառակը, հուսով եմ, որ մենք առաջին իսկ հնարավորության դեպքում կվերադառնանք մեր սիրելի Հայաստան։ Մեծ քաղաքում մեծ են նաև ինքնառեալիզացվելու շանսերը։ Համարյա թե անհնար է մնալ անգործ։ Պետք է պարզապես լինել նախաձեռնող, գտնել ճիշտ օղակներ, հրաժարվել կոմֆորտ զոնայից և հաստատ կգտնես հետաքրքիր հնարավորություններ։ Ես էլ առաջնորդվելով վերը նշված՝ ինձ համար արդեն վաղուց կարգախոս դարձած ճշմարտություններով՝ հենց այդպես էլ արեցի։ Սկսեցի հայերենի դասընթացներ անցկացնել, ուսումնասիրել Մոսկվայի հետաքրքիր վայրերն ու դրանց մասին իմ բլոգում գրել:

-Ինչպե՞ս է ծնվել «Արմֆայնդեր»-ի գաղափարը:

-Առաջին ամիսներին անընդհատ ինչ-որ հայկական բաներ էի փնտրում Մոսկվայում և մասնավորապես մեր տան մետրոյի տարածքում. երեխաների զարգացման կենտրոն, որտեղ հայերեն կխոսեն երեխայիս հետ, շատ եմ փնտրել հայ դերձակի, մատնահարդարի, կոսմետոլոգի, շատ էի ուզում գտնել լրագրողների, տեղեկանալ այս քաղաքի լրագրողական ռիթմին և այլն։ Հետո հասկացա, որ ես մենակ չեմ։ Սոցիալական ցանցերի տարբեր խմբերում շատ շատ էի հանդիպում հարցերի. ինչպե՞ս գտնենք հայկական խանութ այս կամ այն տարածքում, ո՞վ կարող է երեխայիս հետ պարապել մաթեմատիկա, բայց հայերենով, ոչ թե ռուսերենով, կամ շտապ հայ փաստաբան է պետք, ո՞ւմ դիմել, և այսպես շարունակ, տորթ պատրաստողներից մինչև հայ վարորդներ։ Կամաց-կամաց հասկացա, որ հենց իմ և նման հարյուրավոր և, ինչու չէ, հազարավոր մարդկանց համար անհրաժեշտ է ստեղծել մի մեծ միասնական պլատֆորմա, որը զգալիորեն կհեշտացնի որոնման գործընթացը, կօգնի շատ հեշտությամբ գտնել միմյանց։

Միտքը եկավ մարտ-ապրիլ ամիսներին, շատ արագ սկսեցի գործել, ամուսնուս օգնությամբ մտածեցինք կայքի անվանումը՝ «Արմֆայնդեր» (հայերին գտնող), հետո սկսեցի աշխատել լոգոյի ձևավորման վրա (ակցենտավորված է աշխարհագրական տեղը ցույց տվող հայտնի նշանը՝ ներսում ՀՀ դրոշով), հունիս ամսին արդեն սկսեցինք անմիջապես կայքի գործարկման ընթացքը, և հուլիսի 28-ին ներկայացրի կայքը՝ արդեն պատրաստ:

Կայքում կա արդեն 300 գրանցում։ Ամեն օր գրանցումները շատանում են, ինձ են դիմում շատ տաղանդավոր մարդիկ։ Այս ընթացքում ես ծանոթացել եմ ֆանտաստիկ հետաքրքիր մարդկանց հետ, բացահայտել եմ անչափ հետաքրքիր հայկական վայրեր, սովորել եմ, օգնել եմ շատերին և ստացել եմ պատասխան օգնություն։ Դա հենց այն է, ինչ ես ի սկզբանե պատկերացնում էի իրագործել։

-Կայի՞ն խնդիրներ Ձեր գաղափարն իրագործելու հարցում:

-Նպատակն իրագործելիս չեն եղել խոչընդոտներ, ընդհակառակը, մինչ կայքի պաշտոնապես գործարկումը ես պատմում էի նախագծի մասին մեր հայրենակիցներին և առաջարկում գրանցվել, գրեթե մեծ մասը վստահում և գրանցվում էին, այդպիսով նրանց աջակցությամբ կայքը բացվելիս կար արդեն մոտ հիսուն գրանցում: Կայքում գրանցումն անվճար է։

Այս պահին կազմակերպում եմ հանդիպումներ հայ համայնքի տարբեր կառույցների հետ, ներկայացնում եմ պրոյեկտիս գաղափարը: Պատրաստվում եմ «Արմֆայնդերի» մասին պատմել Planeta.ru կայքում՝ ՌԴ-ում առաջատար քրաուդֆոնդային հարթակում։ Վերջերս իրենց մոտ գործարկվեց հայկական նախագծերը ներկայացնելու առանձին հարթակ՝ Планета Армения, որտեղ էլ ես կներկայանամ իմ պրոյեկտով։ Միգուցե գտնվեն համախոհներ, գաղափարակիցներ, ովքեր և՛ ֆինանսապես, և՛ գաղափարական օգնություն կառաջարկեն։

Ամփոփելով կարող եմ ասել, որ ՌԴ-ում հիանալի, կիրթ, խելացի և համախմբված սփյուռք ունենք, այստեղ շատ են գաղափարական ռեսուրսները, որոնք աշխատում են ի շահ մեր հայրենակիցների թե՛ ՌԴ-ում ապրող և թե՛ Հայաստանում։ «Արմֆայնդերն» էլ, վստահ եմ, կդառնա մեծ սփյուռքի անբաժանելի և կարևոր մասնիկը։

Նինա Մարգարյան

Դիտվել է՝