Ս. Սարգսյանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը

galust sahakyan

Սերժ Սարգսյանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Այս մասին այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ստորագրելո՞ւ է արդյոք Ս. Սարգսյանը պայմանագիրը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նա 15 օր ժամանակ էր խնդրել:

Ըստ Գ. Սահակյանի՝ Ս. Սարգսյանը կստորագրի պայմանագիրը, եւ Հայաստանը ԼՂՀ-ի հետ միասին՝ իր առեւտրական, տնտեսական կապերի առումով նույնությամբ, կմասնակցի բոլոր այն գործընթացներին, ինչին մասնակցում է Հայաստանը: Հարցին, թե ինչպիսի՞ն է Ձեր պատկերացումներում ԼՂՀ-ն Հայաստանի համար, Գ. Սահակյանը արձագանքեց.«ԼՂՀ-ն Հայաստանի ամենակարեւոր հոգեւոր արժեքների մեջ է, բայց ինքը առանձին հանրապետություն է»: Իսկ կարո՞ղ է ԼՂՀ-ն դիմել՝ մտնելու Մ, լրագրողներից մեկի այս հարցադրմանը ի պատասխան՝ ԱԺ նախագահը ասաց հետեւյալը. «ՄՄ սահմանային խնդիր չի լուծում, առանց Ղարաբաղի Հայաստանը որեւէ քաղաքական, դիվանագիտական համաձայնությունների չի գնա, նաեւ՝ տնտեսական»:

Դիտարկմանը, թե չկա՞ մտավախություն, որ Նազարբաեւը կխոչընդոտի, Գ. Սահակյանը նշեց.«Ոչ միայն Նազարբաեւը չի խոչընդոտի, այլ նաեւ Եվրասիական միությունը որեւէ նման ծրագիր չի կարող առաջացնել եւ ոչ էլ նման խնդիրներ կարող է քննարկվել: Մենք պետք է ուղերձները եւ լուրջ դիվանագիտական աշխատանքները իրարից տարբերենք»: Ըստ ԱԺ նախագահի՝ Ղազախստանը եւ Ադրբեջանը բավականին լավ հարաբերությունների մեջ են եւ նմանատիպ ֆորումներում մեկը մյուսին հնարավոր է պաշտպանեն: «Պարզապես մեր մոտեցումները, թե ով մեզ հետ բարեկամություն է անում, ուրեմն պետք է պարտադրված թշնամի լինի Ադրբեջանին եւ հակառակը, նման իրողություն չկա:  Մեր քաղաքական օրակարգի կարեւորագույն խնդիրը նորանկախ Հայաստանում Ղարաբաղի թնջուկի լուծումն է»,- ասաց ԱԺ նախագահը: Ըստ Գ. Սահակյանի երբեւէ նման հարցադրում չի եղել, որ ԼՂՀ-ն Հայաստանի հետ միասին մտնելու է ՄՄ:

Գ. Սահակյանի խոսքերով ԼՂՀ-ն չի մտնելու Մաքսային միություն, որովհետեւ իրավական տեսանկետից Արցախը աշխարհի կողմից ընդունված պետություն չէ: «Բայց կոնկրետ այս դեպքում Ղարաբաղը Հայաստանի հետ է, եւ կարծում եմ ավելի լավ պայմաններ է ստեղծում հետագա մեր խնդիրները լուծելու համար»: Մեր հարցին, թե ի՞նչն էր կաշկանդում, կամ խոչընդոտում Ս. Սարգսյանին, որ արձագանքեր Աստանայում, ԱԺ նախագահը տվեց հետեւյալ պատասխանը.«Նախ կոնկրետ այդտեղ խոսքը Ղարաբաղի մասին չէր գնում, ընդհանուր ասված խնդրի մասին էր խոսքը, բացի դրանից կարծում եմ նախագահը շատ ճիշտ վերաբերվեց, որ չարձագանքեց, որովհետեւ դրանով ավելի շատ ընդգծելի կդառնար եւ կարժեվորվեր Նազարբաեւի հայտարարությունը»:

Դիտարկմանը, թե այդպիսով էլ Ն. Նազարբաեւի հայտարությունը արժեւորվեց, Գ. Սահակյանը ասաց, թե դրանք պարզապես կարծիքներ են, որոնք իրենց համար ընդունելի չեն:«Դիվանագիտական առումով քայլը շատ ճիշտ էր, ենթադրենք ինչ-որ բան ասեր, ասենք դա այդպես չէ, դա ես չեմ կարծում, որ մենք պետք է անպայմանորեն ինչ-որ ձեւով հատկանշեինք Նազարբաեւի ասածը եւ մտածեինք, որ Նազարբաեւն է որոշելու մեր երկրի ճակատագիրը»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, թե մենք արդեն մեր երկրի ճակատագիրը որոշել ենք եւ կանխավարկածները իրենց համար ընդունելի չեն: «Որեւէ փոխզիջում, ինչը կվերաբերի Ղարաբաղի հարցում, Հայաստանը այդ ճանապարհով չի գնա եւ դա մեր դիանագիտական օրակարգում երբեւէ չի լինի», -ասաց նա:

Փայլակ Ֆահրադյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>