Գյումրու նախկին «Տրիկոտաժ» արտադրական միավորման 974 քաղաքացի դատական քաշքշուկի մեջ են

Снимок

Արտադրական միավորման գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքում անվանական բաժնետոմսերի սեփականատեր են դարձել ընկերության աշխատակիցները: Բաժնետոմսերի 80 տոկոսը համարվել է պետական սեփականություն, իսկ 20 տոկոսը՝ 974 աշխատակիցների սեփականությունը: Նախկին աշխատակիցները հավաստում են, որ երբ ընկերությունը 2002 թվականին վերակազմավորվեց նոր՝ Գյումրու «Նարեկ» ԲԲԸ, տարիներ շարունակ իրենք տեղյակ չեն եղել ընկերության գործառույթներին, չեն տեղեկացվել ընդհանուր ժողովների մասին: Տնօրեն Գեւորգ Մինասյանը, սակայն, բաժնետերերին ժամանակ առ ժամանակ հավաստիացրել է, որ բաժնետոմսեր ունեցող նախկին աշխատակիցներին անշարժ գույքի կամ բաժնետոմսերի շուկայական արժեքի տեսքով կհատուցվի:

2016-ին՝ ընկերության տնօրեն Գեւորգ Մինասյանի մահից հետո, բաժնետերերը պարզել են, որ առանց ընդհանուր ժողովի տնօրեն է գրանցվել Գեւորգ Մինասյանի որդին՝ Արմեն Մինասյանը, մինչ այդ պետությունից ձեռք բերելով պետության 80 տոկոս բաժնեմասը:

2017-ին Արմեն Մինասյանն ընկերության նախկին աշխատակիցներին նաեւ տեղեկացրել է, որ կանոնադրության փոփոխությամբ ինքը ձեռք է բերել 100 տոկոս բաժնետոմսերը եւ ոչինչ չունի տալու նախկին աշխատակիցներին:

Սեփականության իրավունքի պաշտպանության դատական ճանապարհն են նախընտրել «Տրիկոտաժ» արտադրական միավորման աշխատակիցները: Նրանք պնդում են, որ առանց իրենց գիտության եւ համաձայնության բաժնետոմսերի տնօրինումը հակաօրինական է: Նախնական փուլում պահանջը ձեւակերպվել է այսպես՝ անվավեր ճանաչել Գյումրու «Նարեկ» ԲԲԸ 20 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ Արմեն Գեւորգի Մինասյանի ապօրինաբար ձեռք բերված սեփականության իրավունքը:

Հետո ձեռք բերված փաստաթղթերից պարզել են, որ Արմեն Մինասյանն ապօրինաբար է ձեռք բերել ընկերության մյուս՝ 80 տոկոս բաժնեմասը, եւ հայցվոր կողմն արդեն լրացրել է հայցապահանջը եւ 80 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ապօրինաբար ձեռք բերված սեփականության իրավունքը պահանջում են անվավեր ճանաչել:

Դատական նիստին պատասխանող կողմի ներկայացուցիչ չկար: Կողմին հայցապահանջի լրացված հատվածին տեղեկացնելու համար դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը:

Դիտվել է՝