Կուսակցական աժիոտաժի ու խորհրդարանական կրքերի օր. հոկտեմբերի 9-ի ամփոփումը

aj

Շարունակվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեմայի շուրջ խլրտումները: 16-ի հասավ այն ՀՀԿ-ական պատգամավորների թիվը, ովքեր միացել են դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջին: Մինչ ՀՀԿ-ն մասնատվում է, ՀՅԴ-ն հայտարարեց, որ մտադիր չէ հուշագիր ստորագրել վարչապետի հետ: «Քաղաքական ուժերի միջև փոխվստահությունը շատ ավելի կարևոր է, քան գրավոր փաստաթղթերը։ ՀՅԴ-ն վերահաստատում է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Իսկ «Ժառանգություն» կուսակցությունը տարածած հայտարարությամբ իր աջակցությունը հայտնեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախագահությամբ և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի քարտուղարությամբ աշխատանքային խմբի մշակած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգին:

«Լիահույս ենք, որ փոփոխված օրենսգրքի պայմաններում Հայաստանում տեղի կունենան է՛լ ավելի քաղաքական, ծրագրային, ժողովրդավարական արժեքներին համահունչ խորհրդարանական ընտրություններ»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ ԱԻ նախարար դարձած Ֆելիքս Ցոլակյանի պատգամավորական մանդատը կփոխանցվի Մարտուն Գրիգորյանին:

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները ներկայացրին՝ ինչպես են աշխատելու նորակազմ ավագանիում:

Ավագանու անդամ Արման Աբովյանն ասաց, որ իրենց առաջին քայլը ծառայողական մեքենաներից հրաժարվելն էր: Ինչ վերաբերում է ընդդիմադիր կարգավիճակին, ապա իրենք կողմ են լինելու ցանկացած արդյունավետ ծրագրի, ներկայացնելու են նաև իրենց տեսակետներն ու առաջարկությունները:

Նորընտիր ավագանիները ծրագրերից խոսեցին, իսկ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը հրաժարական տվեց:

Քաղաքական շրջանակներն ընտրությունների թեման են արծարծում, տնտեսագետները՝ եկող տարվա բյուջեն: ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այն կարծիքը հայտնեց, թե բյուջեն կոնսերվատիվ է, իրավիճակային, բայց խնդիրների մեծ մասը ներառող և լուծումներ առաջարկող: Ըստ Ատոմ Մարգարյանի՝ փաստաթղթում առաջին անգամ արտացոլված է այն, որ բյուջետային ծախսերը պետք է հիմնավորված լինեն, որ ծրագրային մոտեցումները պետք է դոմինանտ լինեն, որ փաստաթուղթը վերահսկելի պետք է լինի ԱԺ կողմից: Ատոմ Մարգարյանը նշեց, որ կառավարությունը կարող էր այս բյուջեում սոցիալական ծախսերի բեռն ավելացնել, որոշակի չափով նախատեսել նվազագույն աշխատավարձի բարձրացում: Միևնույն ժամանակ տնտեսագետը չբացառեց, որ այս առումով տարվա ընթացքում որոշակի փոփոխություններ կլինեն: «Այլապես մարդիկ չեն հասկանա, թե ինչի համար էր այս հեղափոխությունը»,- ասաց Ատոմ Մարգարյանը:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝