«Հայաստանի և Ղարաբաղի իշխանություններն այդպես էլ վճռականություն չունեցան ստեղծելու ներկա իրողություններն ամրապնդող իրավական բազա…»

hayk-khanumyan

«Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տնտեսապես իրարից անջատելը ծանր հետևանքներ կարող է ունենալ հայության համար ընդհանրապես և Արցախի բնակչության վրա՝ մասնավորապես»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ, միջազգայնագետ Հայկ Խանումյանը: Նշենք, որ Աստանայում ԵՏՄ գագաթնաժողովի ժամանակ Ղազախստանի նախագահը Հայաստանին առաջարկել էր անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը ՄԱԿ-ի ճանաչված սահմանով` առանց ԼՂՀ-ի: ՀՀ նախագահը ի պատասխան Նազարբաևի հայտարարության չարձագանքեց, փոխարենը երեկ Ծաղկաձորում ՀՀԿ-ական երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն»:

«Անցյալ տարիների ընթացքում Հայաստանի և Ղարաբաղի իշխանություններն այդպես էլ վճռականություն չունեցան ստեղծելու ներկա իրողություններն ամրապնդող իրավական բազա, որը պայմանագրերում կարտացոլեր Հայաստանի և Ղարաբաղի մեկ միասնական ֆինանսատնտեսական, անվտանգության տարածք լինելը և այլն»,- ասաց Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ այդ մասին բազմիցս խոսվել է Արցախում և նախընտրական ծրագրերում այդ մասին 2007թ. խոսել է ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը, իսկ 2012թ. ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:

«Նման իրավական բազայի առկայությունը այսօր հնարավորություն կտար հղում կատարել դրան և ներկայացնել այն տարբեր բանակցություններում որպես կարևոր փաստարկ: Հայաստանի և Ղարաբաղի միջև առկա ներկայիս սահմանային անցակետը նույնիսկ դժվարություն է ստեղծում տնտեսվարողների համար, իսկ մաքսային անցակետը զգալիորեն կարող է դժվարացնել ապրանքաշրջանառությունը մեր հայրենիքի երկու մասերի միջև»:

Պատասխանելով ԳԱԼԱ-ի հարցադրմանը, թե այս դեպքում ինչպիսին է Արցախի դիրքորոշումը՝ Ազգային վերածնունդ կուսակցության նախագահը պատասխանեց.

«Փոքր հույս է ներշնչում Արցախի իշխանությունների հայտարարությունները, ովքեր բացառում են ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետի հնարավորությունը»:

Զառա Ղազարյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>