Գերմանացիների 80 տոկոսը չի ցանկանում մեկնել Թուրքիա

oludeniz

Գերմանիայի բնակչության մեծ մասը Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով չի ցանկանում այցելել այդ երկիր։ Այս մասին հայտնի է դարձել գերմանական «Tagesspiegel» թերթի իրականացրած հարցումների արդյունքում։

Մարտի 6-12-ն ընկած ժամանակահատվածում 5․047 մարդու մասնակցությամբ անցկացված հարցումների մասնակիցների 80 տոկոսը նշել է, որ չի մտածում Թուրքիա այցելելու մասին, իսկ 66․8 տոկոսը հայտարարել է, որ ոչ մի դեպքում Թուրքիա չի մեկնի։

Մյուս կողմից, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալները վկայում են, որ 2018թ․ Գերմանիայից Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 26 տոկոսով՝ կազմելով 4․5 մլն։

Սակայն վերջին շրջանում Թուրքիա–Գերմանիա հարաբերությունները հատկապես լարվել են Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ Թուրքիա այցելող գերմանացիների հնարավոր ձերբակալության մասին հայտարարության և Թուրքիայում աշխատող գերմանացի լրագրողների լրագրողական քարտերի ժամկետի երկարացման շուրջ ծագած ճգնաժամի պատճառով։

Հիշեցնենք, որ Մարտի 3-ին Սոյլուն հայտարարել էր, որ որոշ գերմանացիներ Եվրոպայում մասնակցում են ահաբեկչական խմբավորումների հավաքներին, այնուհետև մեկնում են Թուրքիա՝ հանգստանալու։ Թուրք նախարարը զգուշացրել էր, որ նման զբոսաշրջիկները Թուրքիայում կարող են ձերբակալվել, ինչից հետո Գերմանիայի ԱԳՆ-ն հանդես էր եկել Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին ուղղված զգուշացմամբ։

ermenihaber.am

Դիտվել է՝