Բացահայտվել է Արարատի մարզի 80-ամյա բնակչի սպանությունը

qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արարատի մարզի 80-ամյա բնակչի սպանությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Արարատի մարզի Ոսկետափ գյուղի 80-ամյա բնակչի դին հայտնաբերվել էր 2017 թվականի սեպտեմբերի 6-ին` իր տան բակում՝ բռնության հետքերով։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 80-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող։ Քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ սպանության հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:  Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 80-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է պատճառել համագյուղացի մի երիտասարդ՝ ծնված 1988թ., ում հայրն սպանվել է 23 տարի առաջ՝ տուժողի կողմից: 

Նախնական քննության տվյալներով՝ 2017 թվականի սեպտեմբերի 6-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի 29-ամյա բնակիչը մասնակցել է մահացած ազգականներից մեկի մահվան 40-րդ օրվան նվիրված արարողությանը, որի ընթացքում ալկոհոլային խմիչք են օգտագործել: Այնուհետև այցելել է հոր գերեզմանին, որից հետո՝ ժամը 22:00-ի սահմաններում, գնացել է տուժողի տան մոտ: Բակում հանդիպելով 80-ամյա տղամարդու հետ՝ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ վերջինիս պատճառվել են մարմնական վնասվածքներ՝ բակում գտնվող բահով և եղանով։ Ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը մահացել է։ 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը սեպտեմբերի 8-ին որոշում է կայացրել` Ոսկետափ գյուղի 29-ամյա բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։  Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել` երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող երիտասարդն այսօր հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Դիտվել է՝