Ներքաղաքական սրընթաց զարգացում, աղմկոտ իրավական նորություններ, հոկտեմբերի 8-ի ամփոփումը

43384920_312642115984117_4206450614189686784_n

Օրվա գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ  երեկոյան:  ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանն ու  Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ  Գագիկ Ծառուկյանը ստորագրեցին հուշագիր, որով  կողմերը հավաստեցին իրենց  համակարծիք լինելը՝  2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: 

 Օրվա ընթացքում սկսվեցին ցնցվել  ՀՀԿ տան պատերը:

ՀՀ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց ՀՀ վարչապետին աջակցելու մասին: «Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների և ցանկությունների մեջ, առհասարակ  ցանկացած ողջամիտ մարդ պետք է աջակցի Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Ալիկ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե «դե ֆակտո դադարեցրել է իր գործունեությունը» ՀՀԿ խմբակցությունում:

ՀՀԿ խմբակցության նավը  լքելու մասին պաշտոնապես հայտնեց Արման Սահակյանը: Նա հայտնեց, որ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, կողմ է Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների դեկտեմբերին անցկացմանը:  

ՀՀ վարչապետը շրջեց նախարարություններով և աշխատակազմներին ներկացրեց  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, արտակարգ  իրավիճակների, տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին:

Օրվա հերոսներ էին  իրավապահ կառույցներն ու ուժային կառույցները. մեկը՝ մասնագիտական տոնի, մյուսները՝  աղմկահարույց գործերի ու ձերբակալության մասին հայտարարություններով:

Քննչական կոմիտեի ծառայողները նշեցին իրենց մասնագիտական օրը: ՀՀ վարչապետն այցելեց ՔԿ:  Նա հայտարարեց, որ քննչական պրոցեսի ընթացքում քաղաքական միջամտություններ ոչ միայն չեն լինում, այլև բացառվում են: «Մենք բոլորովին նոր շրջափուլ ենք թևակոխում, որտեղ հարաբերությունների լարման շատ երկար ժամանակաշրջանին գալիս է փոխարինելու նոր հարաբերությունների հաստատման, փոխվստահության և համագործակցության կարևոր շրջափուլը»: 

ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հաստատեց Սամվել Մայրապետյանի ձերբակալության փաստը: Մեղադրանքի հիմքերի մասին մանրամասներ չհաղորդվեցին:

Գլխավոր դատախազությունը  հայտնեց  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան կառուցման հանգամանքների վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման առթիվ քրեական գործ հարուցելու մասին: Դատախազությունը պարզել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար  անձինք չեն կատարել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված ծառայողական պարտականությունները՝ չեն նախազգուշացրել կառուցապատողին նշված առանձնատան շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Դրա հետևանքով բացառվել է 357 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շինության կառուցապատողին  օրենքով սահմանված կարգով դրա մեկ տոկոսի, այն է՝ 3.570.870 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը՝ համայնքին պատճառելով նույնքան դրամի նյութական վնաս: Ուստի՝  պաշտոնատար անձի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչին:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ պարզվել է 10 տարի առաջ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուն: Նա ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանն է:  Նա, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած  հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝