«Վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել». Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյան

2018թ. առաջին վեց ամսվա կտրվածքով վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել: Սեպտեմբերի 3-ին գործունեության 100 օրն ամփոփող ասուլիսում նման հայտարարություն արեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Ըստ նախարարի՝ այն կազմում է 8,3%: Ճյուղային վերլուծության արդյունքներն ասում են, որ ամենից շատ աճ գրանցել է առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 5,3%: Շինարարության ոլորտի աճը թեպետ 8,9% տոկոս է, սակայն դրա նպաստման տոկոսը 0.1 տոկոս է: Ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիսին եղել է 9,3%:

Արդյունաբերությունն աճել է 4,3, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 4,6%-ով, շինարարության ծավալը՝ 10,6%-ով, առևտրի շրջանառության ծավալը՝ 8,9%-ով և ամենաշատը՝ ծառայությունների ծավալը՝ 18,7%-ով: Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ այն, որ արդյունաբերական արտադրանքի կեսն արտահանվում է, սա նշանակում է, որ աճի ցուցանիշ ունենք, և կա արտահանման միտվածություն:

Նախարարը նկատեց, որ այդ ցուցանիշն ավելին կլիներ, եթե չլիներ հանքարդյունաբերության ոլորտի 11,8%-անոց անկումը:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե տնտեսական զարգացման առումով որքանով էր մեր երկրի համար հեռանկարային Գերմանիայի կանցլերի այցը, նախարարն ընդգծեց՝ այցը բավականին խոստումնալից էր, որպեսզի հայ-գերմանական տնտեսական հարաբերություններում մի նոր որակի թռիչք ապահովվի:

Արծվիկ Մինասյանը կարևորեց նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունները՝ խոսելով արդեն արձանագրված դրական առաջընթացի մասին:

Դիտվել է՝