Նախահեղափոխական ու հետհեղափոխական պաշտոնյաներն ու նրանց ունեցվածքը (մաս 8)

новый коллаж

ԳԱԼԱ-ն շարունակում է ներկայացնել, թե ինչ կարողություն են հայտարարագրել թավշյա հեղափոխությունից առաջ ու հետո պաշտոնավարած ու պաշտոնավարող բարձրաստիճան անձինք: Մինչ այժմ ներկայացրել ենք նախկին ու ներկա վարչապետներ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի, բնապահպանության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի, սփյուռքի, տնտեսական զարգացման և ներդրումների նախկին ու ներկա նախարարների ունեցվածքը:

Այսօրվա դիտակետում է տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին և ներկա նախարարների ունեցվածքը:

Տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյան

Նախարար է նշանակվել ՀՀ նախագահի՝ 2016թ. սեպտեմբերի 27-ի հրամանագրով:

2017թ. հայտարարագրի համաձայն՝ Դավիթ Լոքյանը չուներ ո՛չ բնակարան, ո՛չ շարժական գույք, փոխառություններ և արժեթղթեր, ուներ միայն դրամական միջոցներ՝ 2 հազար եվրո և 4 հազար դոլար: Որպես եկամտի աղբյուր նշված են շահաբաժինները և աշխատանքից վարձատրությունը: Դրանք կազմել են 57 մլն 422 հազար 550 դրամ:

2018թ. պաշտոնը դադարեցնելու ժամանակ Դավիթ Լոքյանն արդեն հայտարարագրել է 1-ական բնակարան, անհատական տուն ու հասարակական նշանակության շինություն: Լոքյանի՝ մի քանի արժեքավոր բաժնետոմսերից մեկը 41 մլն 520 հազար դրամի է, երկրորդը՝ 37 մլն 150 հազարի, իսկ երրորդը՝ 63 մլն 400 հազարի: Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 հազար ԱՄՆ դոլար և 2 հազար եվրո:

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյան

Պաշտոնը ստանձնել է 2018թ. մայիսի 11-ին: Նախարարը հայտարարագրել է 1 հողամաս, 1 ավտոմեքենա՝ Նիսսան մակնիշի, փոխառություններ, որոնցից 1-ի արժեքը 1 մլն 920 հազար, երկրորդը՝ 5 մլն 619 հազար 330, երրորդը՝ 5 մլն, 187 հազար 75 դրամի: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 մլն 300 հազար ՀՀ դրամ, 1400 ԱՄՆ դոլար: Եկամուտներն էլ, որոնք գոյացել են աշխատանքի վարձատրությունից, կազմել են 1 մլն 801 հազար 139 դրամ:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարար Աշոտ Մանուկյան

Նախարարի պաշտոնին է նշանակվել 2017թ. մայիսի 25-ին:

Ըստ հայտարարագրի՝ չունի ձեռք բերած և օտարած անշարժ և շարժական գույք, արժեթղթեր և այլ ներդրումներ: Հարկային տարում հանձնել ու վերադարձրել է 36,770 ԱՄՆ դոլարի փոխառություն: Դրամական միջոցները կազմել են 7 մլն 249 հազար 939 դրամ, 45 հազար 167 ֆունտ ստերլինգ, 102 հազար 95 ԱՄՆ դոլար: Աշխատանքի վարձատրությունից ու տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսներից գոյացած եկամուտները կազմել են 12 մլն 623 հազար 550 դրամ:

Պաշտոնը դադարեցնելու 2018թ. հայտարարագրում Աշոտ Մանուկյանն արդեն նշել է 1 բնակարան, 1 ոչ բնակելի տարածք բազմաբնակարան շենքում, 1 ավտոտնակ: Չի ունեցել ոչ ձեռք բերած ու օտարած արժեթղթեր ու փոխառություններ, 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք: Դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 8 մլն ՀՀ դրամ, 102 հազար 195 ԱՄՆ դոլար, 45 հազար 167 ֆունտ ստերլինգ: Որպես եկամտի աղբյուր մատնանշված է աշխատանքի վարձատրությունը. այն կազմել է 4 մլն 440 հազար 368 դրամ:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյան

Պաշտոնին է նշանակվել 2018թ. մայիսի 12-ին: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ չունի անշարժ ու շարժական գույք, արժեթղթեր: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հանձնած փոխառություններից մեկը 190 մլն, մյուսը 25 մլն դրամի է: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 150 մլն դրամ, 150 հազար ԱՄՆ դոլար, 130 հազար եվրո: Եկամտի աղբյուրն էլ աշխատանքի վարձատրությունն է, որից գոյացած գումարը կազմել է 530 հազար դրամ:

(շարունակելի)

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝