ԼՂՀ պատգամավորը հրամանատարական փոքրիկ խմբով մեկնել է Քեսաբ

Qesab2

Ինչպես ԳԱԼԱ-ն ավելի վաղ էր տեղեկացրել, ԼՂՀ պատգամավոր, դաշտային հրամանատար եւ ազատամարտիկ Վահան Բադասյանը առաջարկել էր ստեղծել ՀՀ քաղաքացիներից եւ արցախահայերից կազմված պաշտպանական ջոկատներ եւ մեկնել Սիրիա քեսաբահայությանը օգնության ձեռք մեկնելու համար: Պատգամավորն այժմ գտնվում է  Սիրիայում: ԳԱԼԱ-ն կապ հաստատեց պատգամավորի հետ, սակայն վերջինս ինչ-ինչ պատճառներով նախաձեռնության վերաբերյալ մանրամասներ ասել առայժմ չցանկացավ:

ԼՂՀ միջազգայնագետ Հայկ Խանումյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում գնահատելով Վ. Բադասյանի քայլը, նշեց, որ  իրենք թիմակիցներ են, և ինքը ողջունում է  այդ քայլը: Միջազգայնագետը ընդգծեց նաև, որ Վահան Բադասյանը չի գնացել պաշտպանելու սիրիական զորքերին, գնացել է պաշտպանելու Քեսաբի  հայությանը: Եվ սա էական տարբերություն է:

«Երբ սիրիական դեպքերը սկսվեցին՝ 2011 թվականի քաղաքացիական պատերազմը, հայ համայնքը չեզոքություն էր ցուցաբերում, և համենայնդեպս համայնքի առաջնորդները հանդես էին գալիս պաշտոնապես չեզոքության դիրքերից:  Սակայն արդեն 2014 թվականի մարտին մեծամասամբ հայերով բնակեցված Քեսաբի գրավումը ապացույցն էր այն բանի, որ չեզոքությունը նշանակություն չունի: Այսինքն դա հարված էր ոչ միայն Սիրիային, Ասադին, այլև հայությանը: Ինչ վերաբերում է չեզոքությանը, ապա այն պայմանավորվածություն է և պետք է հիմնված լինի բոլոր կողմերի խոր չեզոքությունը ճանաչելու վրա: Սակայն այստեղ հարկ է նկատել, որ քաղաքացիական պատերազմի կողմերից և ոչ մեկը չի հայտարարել, որ հայ համայնքին ճանաչում են չեզոք: Նման կարծիքի են միայն Հայաստանի իշխանություններն ու ՀՅԴ-ն, որոնք էլ համապատասխան հայտարարություններ են արել՝ դրանով ցույց տալով իրենց անկարողությունը»:

Հայկ Խանումյանի տեղեկություններով այսօր կա քեսաբահայերի խումբ, որոնք ստեղծել են ինքնապաշտպանական ջոկատներ, որը ներկայիս դրությամբ արդեն վաշտի տեսք ունի և որոշել է աջակցել սիրիական զորքերին՝ ազատագրելու Քեսաբը: Հայկական ինքնապաշտպանական ուժերը, փաստորեն, որոշել են մասնակցել հայաբնակ այդ տարածքի ազատագրմանը: «Հայկական զորախմբի անհրաժեշտությունը կա, և դա ակնհայտ է: Հայերը կարիք ունեն օժանդակության, և Վահան Բադասյանն էլ իր հրամանատարական փոքրիկ խմբով մեկնել է օգնելու հայության այդ հատվածին»:

Միջազգայնագետը, ստեղծված այս դրությունը և Սիրիայում ծավալված վերջին դեպքերը մեկնաբանելով, նշեց, որ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Թուրքիան ակնհայտորեն աջակցել է հայերի վրա հարձակումը և ցույց տալով, որ իրենք այդպես են դիմավորելու: Իսկ հայերի չեզոքությունը խայտառակ իրադրություն է ստեղծում:

«Ավելի ստոր արարք էր Հայաստանի իշխանությունների և ԱԱԾ-ի գործելակերպը, երբ Վահան Բադասյանի խմբին միանալ ցանկացողներին արգելեցին Զվարթնոցից թռչել: Դա Հայաստանի իշխանությունների ստոր վարքի ակնհայտ դրսևորումն էր»:

QesabՆույն թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցեց նաև քեսաբահայ Հակոբ Պետրջիկյանի հետ, ով իր խոսքում ընդգծեց. «Իրավիճակն այստեղ այնպիսին է, որ բոլորն էլ ցանկանում են վերադառնալ ետ՝ Քեսաբ՝ իրենց տները: Եվ մենք այժմ ցանկանում ենք ազատագրել Քեսաբը: Իսկ թե ինչպես՝ աջակցելով և համագործակցելով սիրիական զորքերի հետ, փորձելու ենք հնարավորինս օգտակար լինել զորքին, թեկուզ չնչին, բայց փորձելու ենք: Վահան Բադասյանը մեզ աջակցելու համար է հիմա գտնվում այստեղ: Եվ առհասարակ աշխարհի տարբեր կետերից են գալիս այստեղ մեզ օժանդակելու համար: Մենք մոտ 2300 հոգի ենք, և ակնհայտորեն 2000-ը ցանկություն ունի աջակցելու սիրիական բանակին»:

Զառա Ղազարյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>