«Գյումրիում կյանքը պրինցիպիալ փոխվելու է». դեկտեմբերի 7-ին հնչած հերթական խոստումը

karen karapetyan

Բազմաթիվ մարդիկ այսօր դարձյալ ծաղիկներ խոնարհեցին երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, դարձյալ աղոթք մրմնջացին՝ վերհիշելով 29 տարի առաջ տեղի ունեցածը…

Խոստումներ շատ են եղել՝ Գյումրին տնակներից վերջնականապես մաքրելու, առաջատար բնակավայր դարձնելու, սոցիալ-տնտեսական հնարավորություններ, մրցունակ տնտեսություն եւ աշխատատեղեր ստեղծելու վերաբերյալ:

Սակայն Գյումրին աղետից հետո շարունակում է վերապրել աղետը, որովհետեւ շարունակում է մնալ աղքատության ճիրաններում, շարունակում է դատարկվել: Ունե՞ն ասելիք իշխանությունները, ինչո՞ւ չկան խոստացված աշխատատեղերը, ե՞րբ է լուծվելու անօթեւանության խնդիրը… այս հարցերը հնչում են անընդհատ, եւ լսվում արդեն սովորական դարձած պատասխաններ, որ «ռեգուլյար» աշխատում են այդ ուղղությամբ:

«Գյումրիում կյանքը պրինցիպիալ փոխվելու է:  Այն պրոբլեմները, որ այսօր Գյումրին ունի, մեր ժողովուրդն ունի, հաղթահարելի են, ուղղակի պետք է լավատեսությամբ դրան նայել: Օրինակ որ հարց եք տալիս՝ աշխատատեղ երբ է բացվելու, վաղը չէ մյուս օ՞րն ասեմ: Ամեն օր դրա վրա ենք աշխատում, պայմանները ստեղծում ենք, որպեսզի բիզնեսը գա, աշխատատեղ ստեղծի»,-ասաց Կարապետյանը:

Իսկ թե ինչու աշխատանքն արդյունավետ չէ, կամ չստացված, ձախողված աշխատանքի համար ով է կրելու պատասխանատվություն, կամ թե ինչպես են ամեն օր աշխատում Գյումրիի խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց միեւնույն է, գյումրեցին, հայաստանցին, բռնում են արտագաղթի ճանապարհը, իհարկե չկա ասելիք:

Վարչապետը չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն չի կրում քաղաքական պատասխանատվություն՝ ստեղծված իրավիճակի համար:

Քաղաքացիներից երկուսը կարողացան մոտենալ եւ իրենց խնդիրը ներկայացնել Կարապետյանին:

Զոհված ազատամարտիկի որդին պատմեց՝ հորը կորցրել է երեք տարեկան հասակում, սակայն բնակարանի խնդիրն առ այսօր չի լուծվում:

Անվտանգության աշխատակիցները խանգարեցին ոչ միայն լրագրողների աշխատանքը, այլ նաեւ չթույլատրեցին այլ քաղաքացիների՝ մոտենալ կառավարության ղեկավարին:

Դիտվել է՝