Կարգալույծ արված հոգեւորականը բացահայտումներ է արել

Martiros

«Մեր եկեղեցին այսօր վախի վրա հիմնված է առաջ գնում, ամեն մարդ վախենում է սեփական տեսակետն արտահայտելուց, եթե այդ տեսակետը չի համընկնում բարձրաստիճան հոգևորականների տեսակետի հետ, այդ մարդու գլխին տալիս են»: Այս խոսքերը օրերս կարգալույծ արված քահանա Տ. Մարտիրոս Բերբերյանի խոսքերն են:

«Այսօր հայ եկեղեցին դարձել է մենատիրություն: Ես կարող եմ ասել, որ այսօր բոլոր հոգևորականներն էլ դժգոհ են այս իրավիճակից, բայց բոլորն էլ վախենում են խոսելուց, բոլորն էլ վախենում են, քանզի եթե մի բան խոսեն, գիտեն, որ գլխներին կտան ու կասեն՝ կարգալույծ ես, իսկ դա իր ուժն ունի, դրանից հետո ոչ ոք չի կարող թպրտալ: Դա եկեղեցի չէ, եկեղեցին սիրո վրա պետք է հիմնված լինի: Օրենքների վրա չէ, որ պետք է հիմնվեն՝ գան առավոտ ստորագրեն, թե եկան, կեսօրին ստորագրեն, երեկոյան ստորագրեն, թե գնացին…»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանը բացահայտումներ է արել:

Հիշեցնենք, նա ծառայում է Մոսկվայում, իսկ այժմ արդեն կարգալույծ է արվել Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հռչակի համաձայն: Մարտիրոս քահանա Բերբերյանը, ինչպես հրապարակվեց, «եկեղեցականին անհարիր ընթացքի համար է կարգալույծ արվում եւ դասվում է աշխարհականների շարքը` Մարտիրոս Բերբերյան ավազանի անունով»:

Ստորև ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը Մարտիրոս քահանա Բերբերյանի հետ:

-14 տարի է, ինչ ես Մոսկվայում քահանա եմ: Փետրվարի 11-ին ինձ մեկ ամսով կանխակայեցին, մեկ ամիս հետո նորից ասացին, որ ևս մեկ ամիս կանխակայում են, որպեսզի ապաշխարեմ: Սակայն մեկ ամիսը դեռ չանցած արդեն ապրիլի 9-ին մեր առաջնորդ սրբազանին ասացի, որ ես ուզում եմ տեղափոխվել Լիբանան, քանզի այնտեղ եմ ծնվել: Ես նաև ասացի, որ զգում եմ, թե ինձ չեք ընդունում որպես նորմալ քահանա: Ուղարկեք ինձ իմ բնակավայրը, և թող ես այնտեղ ծառայեմ: Դրանից 20 օր հետո արդեն այդ նամակը եկավ, թե ինձ կարգալույծ են արել: Ես մեկնաբանություններ անել չեմ ցանկանում, որովհետև ժողովրդի արձագանքից արդեն իսկ ամեն ինչ հստակ է: Այսինքն, թե ինչպիսին է եղել իմ ծառայությունը, այդ մասին վկայում են ժողովուրդն ու այն արձագանքները, որոնք արվում են այս օրերին, մեկը չէ, երկուսը չէ՝ մի ամբողջ համայնք է: Եթե իմ քահանայագործությունը անհարիր է, ինչպես այդ թղթում է նշվում, կասկած է առաջանում իմ մեջ, թե այս դեպքում որ մի քահանայի կեցվածքն է հարիր: Ժողովուրդն այսօր իմ կողքին է կանգնած, ընդվզում են, ինչն էլ փաստում է, որ իմ պահվածքը, կեցվածքն անհարիր չէ: Նամակի հրապարակումից մեկ ժամ առաջ ես ոչինչ չեմ իմացել:

-Ինչի՞ հետ եք կապում Ձեզ կարգալույծ անելու հանգամանքը:

-Եկեղեցու ղեկավարից այսօր շատ բան է կախված, բայց ժողովրդից էլ է կախված: Եկեղեցու ղեկավարը կարող է լավ չի ղեկավարում, բայց եթե ժողովուրդը պահանջի, նա պետք է փոխվի. չի կարող չփոխվել: Մեր եկեղեցին բաժանված է երկու մասի՝ հարուստներ և աղքատներ, իսկ դա ամենամեծ սխալն է: Չի կարելի. Աստծո առաջ բոլորն են հավասար: Ավետարանի մեջ էլ ասվում է, որ եթե քո աջ ձեռքը բարերարություն է անում, ապա ձախը դրա մասին չպետք է իմանա: Մենք պետք է նրանց հասկացնենք, որ եթե բարերարություն եք անում, դա Աստծուն է ուղղված, իսկ դուք հավասար եք մյուսներին: Սակայն մենք նրանց հավելյալ հարգանք ենք ցուցաբերում՝ դրանով գայթակղության տանելով: Հարուստների համար եկեղեցու առաջին մասում աթոռներ են դնում, որը միայն հոգևոր դասի համար է նախատեսված, իսկ մյուսները պետք է կանգնեն. ինչո՞ւ… Եկեղեցին սինեմայի զալ չէ, որ տոմս առնեն ու ըստ այդմ նստեն: Սա եկեղեցի է, որտեղ մտնելիս, անկախ ամեն ինչից, բոլորը հավասար են:

-Ձեր գործունեության հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

-Ես շարունակելու եմ մնալ քահանա: Ես ստացել եմ օծում, իսկ քահանան ստանում է օծում, որն էլ սուրբ հոգով է կատարվում: Եպիսկոպոսը, որ ձեռնադրում է, ուղղակի միջնորդ է: Այսինքն, եթե քահանան օծվում է որպես քահանա, նա մինչև կյանքի վերջ էլ մնում է քահանա: Օծման ժամանակ էլ եպիսկոպոսն ասում է, որ օծում է քահանային այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն: Գուցե և չգործեմ, սակայն միշտ կմնամ քահանա: Այստեղ պարզապես բառն է սխալ թարգմանությամբ, նրանք ուղղակի արգելում են պատարագներ մատուցել այդ քահանային և այլն: Ժողովուրդն է վկայում, որ այդ քահանան կարող է քահանա լինել, եթե ժողովուրդը որոշում է հակառակը, ապա նոր կաթողիկոսը իրավունք ունի զրկելու քահանայագործությունից: Կաթողիկոսն այդ իրավունքն օգտագործում է այնպես, ինչպես ուզում է. այստեղ է մեր խնդիրը: Կարգալուծությունը ամենածայրահեղ պահերին է լինում, օրինակ, երբ նույն այդ քահանան հերետիկոսություն է քարոզում, ժողովրդին հեռացնում է եկեղեցուց, իսկ մեր եկեղեցու մեջ կաթողիկոսը դա օգտագործում է որպես պատիժ: Դա արդեն ուրիշ բան է: Ինձ զարմացնում է այն, որ մեր եկեղեցու 1700 տարվա պատմության մեջ այդքան կարգալուծություններ չեն եղել, որքան վերջին տասը տարիներին է եղել: Ես իմ մեջ մնում եմ քահանա, արգելում են ծես անելը կամ մեկ այլ բան, սակայն ես մնալու եմ քահանա, արգելում են, թող արգելեն: Ես շարունակելու եմ ծառայել ժողովրդին ու եկեղեցուն:

-Ինչպիսի՞ն է այսօր մեր հոգևոր դաշտն ընդհանուր առմամբ:

-Մեր եկեղեցու պատմության մեջ սրանից վատ ժամանակներ էլ եղել են: Ամեն դեպքում արդարությունը վերականգնվելու է, իսկ այդ արդարությունը վերականգնելու համար մենք պայքարելու ենք: Պայքարը մարդիկ երբեմն հասկանում են ջարդել-փշրելով, իրականում դա այդպես չէ: Մենք պայքարելու ենք հայ եկեղեցու իրավունքները վերականգնելու համար, քանզի եկեղեցին ժողովուրդն է: Իսկապես պայքարել է պետք, եկեղեցում կարգուկանոն պետք է հաստատվի, քանզի սա հաստատություն չէ, սա եկեղեցի է՝ Քրիստոսի տունը, Քրիստոսի մարմինը և ոչ մեխանիկական՝ ստորագրես՝ երբ եկար ու ստորագրես, թե երբ գնացիր:

Այսօր եկեղեցում տաբլիցա կա, որ գալիս ստորագրում է քահանան՝ երբ եկավ, երբ գնաց: Ես ինքս կտրականապես հրաժարվել եմ ստորագրելուց, որովհետև ես քահանա չեմ լինի, եթե ստորագրեմ, եթե այդպես աշխատեմ: Քահանան պետք է քահանայության մեջ մնա: Ես 24 ժամ եմ քահանա: Մեր եկեղեցին այսօր վախի վրա հիմնված է առաջ գնում, ամեն մարդ վախենում է խոսելուց, վախենում է սեփական տեսակետն արտահայտելուց, որովհետև եթե այդ տեսակետը չի համընկնում բարձրաստիճան հոգևորականների տեսակետի հետ, այդ մարդու գլխին տալիս են: Իսկ այդ մարդը ընտանիք, երեխեք, հարազատներ ունի: Դրա համար էլ լռում ու չեն խոսում: Եթե մեր հոգևորականներին այսօր ազատություն տան, ես վստահ եմ, որ նրանք ոտքի կելնեն ու բոլորն էլ բարեփոխումներ կանեն, կխոսեն:

-Խոսում եք փոփոխությունների մասին, ինչպե՞ս եք պատկերացնում այդ փոփոխությունները:

-Այստեղ ժողովուրդն էլ մեծ դեր ունի՝ պաշտպան կանգնելու իր եկեղեցուն: Եթե ամեն մարդ ասի, թե դա իմ գործը չէ և մի կողմ քաշվի, բան չի փոխվելու: Եկեղեցին հավաքական է, այն անհատական չէ: Իսկ այսօր ամեն մարդ ասում է, թե ես գնամ իմ աղոթքն անեմ իմ Աստծո հետ և վերջ, թող միայն ինձ չկպչեն: Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևորականների շուրջ, պահանջի: Այսօր սփյուռքում ամեն մի եկեղեցի ունի իր ծխական խորհուրդը, հոգաբարձությունը, իսկ այստեղ՝ Մոսկվայում, նման բան գոյություն չունի՝ մենատիրություն է՝ առաջնորդը ոնց ուզում, այնպես էլ անում է: Ոչ կարգ կա, ոչ կանոն:

Հարցազրույցը՝ Զառա Ղազարյանի
Դիտվել է՝

One thought on “Կարգալույծ արված հոգեւորականը բացահայտումներ է արել

  1. Արթուր

    Մեր հայ քահանաներից շատերին հետաքրքիր չե ժողովրդի տառապանքը: Եկեղեցին պետք է համախմբի ժողովրդին, այլ ոչ թե թողնի բախտի քմահաճույքին: Ես ինքս հայ եմ ու կաթոլիկ ու շատ հաճախ եմ լսել մեր հայ առաքելական քահանաներից շատերի խոսքերը, թե ՚՚կաթոլիկ քահանաները սխալ են վարվում, կաթոլիկների վարած քաղաքականությունը սխալ է՚՚: Խնդրում եմ մտեք կաթոլիքների եկեղեցիները ու տեսեք ձեր իսկ աչքերով ինչքան հավատացյալ կա այդ եկեղեցինրում, անգամ ասեղ գցելու տեղ չկա: Իսկ մտնելով մեր առաքելական եկեղեցի տեսնում ես մի ահասռսուր պատկեր, մարդկանց 90 տոկոսը գալիս են եկեղեցի ոչ թե պատարագի մասնակցելու, այլ 5-100 հատ մոմ վառեն, այն էլ տարբեր՝ կներեք արտահայտությանս համար, պոզաներով (ձուլելով 5-ը 10- հետ, 12-հատը վռռացնելով, կարճ ասած ում մտահղացումը որ ավելի կատառելագոծված լինի), մտածելով որ մոմ վառելով իրենց մեղքերին թողություն կլինի: Իսկ քահանաներից շատերն էլ չեն էլ մտածում ժողովրդին համախմբել, չեն կանգնեցնում մարդկանց թե ՚՚այ մարդ ետ ինչ ես անում պատարագի արի, ոչ թե մոմ վառի՚՚: Ում ոնց ձեռք է տալիս, ի նկատի ունեմ քահանայապետերին, այդպես է անում է: Շատ քիչ գահանայապետ գիտեմ, որ ցավով է լցված մարդկանց անսրտության, անգթության մեջ: Ժողովուրդ ջան չլինեք տկար, չլինեք անսիրտ ու չլինեք կրակապաշտ: Մեր հայ ժողովուրդը ՚՚խաչ՚՚ սիրող ու պաշտող ազգ է, ավելի ճիշտ ազգ էր: Մի պահ ետ նաեք ուրեք գնում, ուրեք հասել: Մեր հայ ազգի ուժը մեր հավատի մեջ է, բայց ԴՈՒՔ այն գնալով կորցնում էք: Քահանաներ ուշքի եկեք, ժաղավրդին ճիշտ ուղղու վրա գցեք, դուք պիտի նրանց հորդորեք ու ավետեք բարի խոսքով, իսկ Դուք … Կարծանում էք հենց Դուք, հետո էլ ասում էք ետ ՚՚եհովականները էտ ոնց եղավ, որ լցվեցին Հայաստան՚՚, վերջ տվեք Ձեր նյութապաշտությանը, զբաղվեք ոգիների դաստիարակչությանը այլ ոչ թե մտացեք Ձեր բիզնեսների մասին: Ամենքը ով հասավ իր հերթին կործանեց մեր Հայ ազգը, գոն է Դուք մտածեք մեր ապագայի մասին: Չնայած իզուր են իմ այս խոսքերը, Ձեզանից ոչ մեկին հետաքրքիր չեն մարդկանց տառապանքը: Пусть Господь осудит , по делам вашим. Ничего личного.
    Господь – Пастырь мой; я ни в чем не буду нуждаться: Он покоит меня на злачных пажитях и водит меня к водам тихим, подкрепляет душу мою, направляет меня на стези правды ради имени Своего. Если я пойду и долиною смертной тени, не убоюсь зла, потому что Ты со мной; Твой жезл и Твой посох – они успокаивают меня. Ты приготовил предо мною трапезу в виду врагов моих; умастил елеем голову мою; чаша моя преисполнена. Так, благость и милость [Твоя] да сопровождают меня во все дни жизни моей, и я пребуду в доме Господнем многие дни.
    Մտածեք իմ այս խոսքերիս վրա, առանձ այն էլ ավելի չկործանեք հայ աստվածավախ ու աստվածապաշտ ժողովրդին: Աստված ամեն ինչ տեսնում է ու վայ այն մարդուն՝ քահանա լինի թե սովորական մարդ,, կպատժի նրանմ ամենայն խստությամբ մինչև հավիտյան:
    Փառք տվածիդ Տեր, ներիր մեր որոշ քահանայապետերին իրենց սխալների համար, և դեպի ճիշտ ուղին ուղղի նրանց մտքերը,խոսքերը և գործերը: Ու հեռու պահիր նրանց չար ու վատ արարքներից, ու միայն ու միայն մտածեն ժողովրդի հավատքի, բարերարության մասին, այլ ոչ թե իրենց մի փոր հացի քառապատկման:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>