ՀՔԱՎ: ՀՀ Ոստիկանությունը ցուցարարին ևս 60.000 ՀՀ դրամի փոխհատուցում կտրամադրի

Ոստիկանություն-300x214

Այսօր՝ 2018 թ. հուլիսի 12-ին, ՀՀ Վարչական դատարանը որոշեց, որ ՀՀ Ոստիկանությունը ևս 60.000 ՀՀ դրամ պատճառված վնասի փոխհատուցում կտրամադրի ցուցարար Տարոն Սիրադեղյանին:

Հիշեցնենք՝ վերջինս 2014 թ․ հունիսի 23-ին մասնակցել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի մոտ կազմակերպված հավաքին և ենթարկվել վարչական ձերբակալման: ՀՀ Վարչական դատարանի վճռով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո 2017 թ. փետրվարի 24-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ցույցի ընթացքում Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները և մերժեց վերջինիս պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ Ոստիկանության հայցը:

Ցուցարարն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ՀՀ Ոստիկանությունից պահանջում էին ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված ոչ գույքային վնասի փոխհատուցում 465.000 ՀՀ դրամի չափով: Ավելի վաղ 500.000 ՀՀ դրամ փոխհատուցում տրամադրելու հայցը ՀՀ ոստիկանապետը բավարարել էր մասնակի՝ 35.000 ՀՀ դրամի չափով:

Հուլիսի 12-ի վճռով դատարանը մասնակի անվավեր ճանաչեց ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության իրավական պաշտպանության բաժնի տեսուչ Ն․ Սիմոնյանի 19․07․2017 թ․ որոշումը՝ Տ․ Սիրադեղյանի դիմումը մասնակի բավարարելու վերաբերյալ, և ՀՀ Ոստիկանությանը պարտավորեցրեց ընդունել վարչական ակտ՝ Տ․ Սիրադեղյանին ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի՝ 60․000 ՀՀ դրամի չափով հատուցման մասին։

Ցուցարարն ու նրա ներկայացուցիչը դատարանի վճիռը կբողոքարկեն մնացած մասով ևս:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է՝