6.7 տոկոսանոց տնտեսական աճ անցած տարվա համեմատությամբ. ո՞րն է գաղտնիքը

Bez-nazvaniya11

Երեկ ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր 2017թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշներին: ՀՀ վարչապետը գրել է, որ պաշտոնական վիճակագրությամբ տնտեսական վիճակը բարելավվում է, և ընդհանուր առմամբ արձանագրել ենք աճ:

«2016թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ ունենք և՛ աճ, և՛ նվազում, սակայն ընդհանուր առմամբ գրանցել ենք 6.7% աճ: Շարունակում ենք աշխատել խիստ ռեժիմով»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը՝ կից հրապարակելով ԱՎԾ-ի տնտեսական ակտիվության ցուցանիշների մասին տեղեկություններ պարունակող այս պատկերը:

777777

Այս պատկերում մանուշակագույն սյուներով պատկերված են 2017թ.-ի ցուցանիշները՝ փիրուզագույնով՝ 2016-ինը:

Ըստ որի՝ աճել են արդյունաբերության արտադրանքի ծավալները: ՀՀ-ում 2017թ. առաջին երեք ամիսներին այդ աճը կազմել է շուրջ 17 տոկոս, դրամով արտահայտված՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին երեք ամիսներին 361.818.8 մլն դրամ է:

Առևտրի շրջանառությունը և ծառայությունների ծավալը ևս փոքր-ինչ աճել է անցած տարվա համեմատությամբ:

Սակայն նվազել են շինարարության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները:

Վարչապետը կարևորել է, որ ամեն դեպքում վիճակը հուսադրող է, և ընդհանուր առմամբ աճը կազմում է 6.7 տոկոս:

Սակայն հարկ է նկատել, որ ներկայիս տնտեսական ակտիվության ցուցանիշը երաշխիք չէ այն բանի, որ մինչև տարեվերջ այդ աճը կպահպանվի:

Հիշենք, որ անցած տարի ճիշտ նույն ժամանակահատվածում ՀՀ ԱՎԾ-ն դարձյալ տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ ապահովեց, սակայն այդ բարձրացումը չպահպանվեց մինչև տարեվերջ: Այդ իսկ պատճառով 2016թ.-ին ՀՀ տնտեսությունը գրեթե զրոյական աճի տեմպեր գրանցեց:

Իսկ 2017թ.-ի տնտեսական ակտիվության ցուցանիշի մեկնաբանման տեսակետից հարկ է ընդգծել, որ կարևոր և մնայուն են հատկապես արդյունաբերության արտադրանքի ծավալների դինամիկայի փոփոխությունները:

Այստեղ աճը նկատելի է, սակայն պետք է հասկանալ, թե ինչի շնորհիվ է այդ աճը, այսինքն՝ արդյունաբերական ինչ արտադրանքների ծավալների աճ է կոնկրետ արձանագրվել:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ արդյունաբերական հատվածի աճը պայմանավորված է վերամշակման արդյունաբերությունում գրանցած հաջողության և հանքարդյունաբերության ոլորտում առկա աճով:

Այսպես, 2017-ի հունվար-փետրվարին 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանքարդյունաբերության և բաց հանքավայրերի շահագործման ոլորտում արձանագրվել է 8% աճ՝ մինչև 46.98 մլրդ դրամ, իսկ միայն փետրվարին հանքարդյունաբերությունում աճը կազմել է 2,6%՝ հասնելով 24,4 մլրդ դրամի: Վերամշակող արդյունաբերության ծավալը 2017 թվականի հունվար-փետրվարին տարեկան կտրվածքով աճել է 23,3%, մինչև 122,5 մլրդ դրամ է, իսկ ամսական աճը՝ 28.7%, մինչև 68.9 մլրդ դրամ:

Իսկ վերամշակող արդյունաբերությունում նշված ժամանակահատվածում էապես նվազել են մեքենաների և սարքավորումների արտադրության ծավալները: Նշանակում է՝ արդյունաբերության արտադրանքի ծավալների աճը գրանցվել է հիմնականում հանքարդյունաբերության աճի շնորհիվ:

Իսկ սա դեռ անցած տարի էր կանխատեսելի, պղնձի գները կաճեն, և 2017 թվականին այդ աճը դրական ազդեցություն կթողնի ՀՀ տնտեսության վրա:

Հիմա ստացվում է՝ հենց պղնձի գների բարձրացումն է, որ բերել է արդյունաբերության և նաև տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի: Սակայն այդ աճի տեմպերը կպահպանվեն, թե ոչ՝ դեռ հայտնի չէ:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝