6 ամիս նիստ չգումարելուց հետո համայնքի ղեկավարը պաշտոնանկ է արվում

новый коллаж

ԱԺ այսօրվա նիստում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը:  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դիմելով հիմնական զեկուցող ՏԿԱԻՆ տեղակալ Վաչե Գաբրիելյանին, ասաց, որ օրենքում գրված Վանաձորի ու Գյումրիի քաղաքապետարանների կայքերի հասցեները պետք է հանել միանգամից, քանի որ հասցեն օրենքում չի կարելի գրել, և դա օրենքի նյութ չէ:

«Կարող է՝ վաղը հինգ հասցե ունենան: Մի քիչ ճկուն է պետք լինել. կայքը փոխելու համար պետք է օրենքի փոփոխության համար գաք նորից Ա՞Ժ»,- հայտարարեց Մանուկյանն, ապա բարձրացրեց համայնքային հիմնադրամների խնդիրը: Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ համայնքային հիմնադրամներն անվերահսկելի են և ծառայում են հիմնականում կոռուպցիոն գործարքների համար։

«Դառը փորձ ունենք, հանե՛ք հիմնադրամները»,- հայտարարեց Արամ Մանուկյանն, ապա շարունակեց.

«Երևանի հիմնադրամը խայտառակություն է, կոռուպցիայի մեծ աղբյուր է: Լավ բան է, բարերարն ուզում է՝ գումար է մուծում, ապրի ինքը: Բայց ես ասում եմ այն մասին, որ երբ մարդը ստիպված է լինում ինչ-որ թուղթ վերցնել քաղաքապետարանից, ինքը ստիպված հիմնադրամին է մուծում։ Այստեղ է, որ առաջանում է իմ ասած կոռուպցիան։ Ցանկացած մարդ փոքր տնակ քանդելու համար մինչև այդ հիմնադրամի թրի տակով չանցնի, չի կարող թույլտվություն ստանա»,- շարունակեց Մանուկյանը։

Նշենք, որ ՏԻՄ մասին նոր նախագծով ավելի է մեծանում համայնքի և ավագանու դերակատարությունը: Նոր նախագծով սահմանվում է նաև 10 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստերի ուղիղ հեռարձակման ապահովում: Ինչպես նաև 6 ամսվա ընթացքում ավագանու նիստ չհրավիրելու դեպքում ավագանու որոշմամբ համայնքի ղեկավարը պաշտոնանկ է արվում ըստ նոր նախագծի:

Երբ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացնում էր ՏԻՄ օրենքի նախագծի այս փոփոխությունները, ԱԺ պատգամավոր Է. Մարուքյանը շտապեց հարցնել, թե օրենքը գրելիս Վանաձորի դեպքերը հաշվի առե՞լ են արդյոք: Պատգամավորը, ներկայացնելով Վանաձորում ստեղծված վիճակն, ասաց, որ որևէ քաղաքական ուժ Վանաձորի ավագանիում չունի մեծամասնություն, բայց կա քաղաքապետ, իսկ ավագանու նիստեր չեն գումարվում՝ քվորումի բացակայության պատճառով: Մարուքյանը հարցրեց, թե ինչպես է այս հարցը լուծվելու.

«Այս դեպքում դա չի, որ չեն հրավիրվում, և այս օրենքը դրա մասին չէ։ Ձեր նշած դեպքն այլ է: Քաղաքապետը կարող է նիստերը հրավիրել, բայց դրանք չկայանան, ասենք, օրինակ, բացակայության պատճառով։ Հիմա ինչ-որ լուծումներ, այնուամենայնիվ, կգտնվեն: Ինչո՞ւ եք դուք բացառում, որ մեկ այլ անգամ նիստը հրավիրելուց այն չի կայանա»,- պատասխանեց փոխնախարարը:

Դիտվել է՝