Նախահեղափոխական ու հետհեղափոխական պաշտոնյաներն ու նրանց ունեցվածքը (մաս 6)

xIMG_9982 (1)

ԳԱԼԱ-ն շարունակում է ներկայացնել, թե ինչ կարողություն են հայտարարագրել թավշյա հեղափոխությունից առաջ ու հետո պաշտոնավարած ու պաշտոնավարող բարձրաստիճան անձինք: Մինչ այժմ ներկայացրել ենք նախկին ու ներկա վարչապետներ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի, բնապահպանության, գյուղատնտեսության, տնտեսական զարգացման և ներդրումների նախկին ու ներկա նախարարների ունեցվածքը:

Այսօրվա դիտակետում է կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության նախկին և ներկա նախարարների ունեցվածքը:

Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյան

Նախարարի պաշտոնում նշանակվել է 2016թ. փետրվարի 24-ին:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ 2017թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 2 բնակարան, 1 հողամաս, 1 ավտոտնակ: Որպես շարժական գույք հայտարարագրել է 1 ավտոմեքենա՝ LEXUS RX 350 մակնիշի: Լևոն Մկրտչյանն ունի նաև հանձնած փոխառություններ՝ 10 հազար դոլար, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 98 հազար եվրո, ավելի քան 163 հազար ռուսական ռուբլի, և արժեթղթեր՝ ավելի քան 193 մլն ՀՀ դրամ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 25 հազար ԱՄՆ դոլար, 45 հազար եվրո, 10 մլն դրամ: Նախարարի եկամտի աղբյուր են եղել աշխատանքի վարձատրությունը, տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումները, վարձակալության դիմաց ստացված վճարները կամ այլ հատուցումները՝ ընդհանուր առմամբ 23 մլն 668 հազար 867 ՀՀ դրամ:

Պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում (2018թ.) փոփոխություններ են կրել (աճման միտումով) դրամական միջոցները՝ 40 հազար դոլար, 67 հազար եվրո, 15 մլն 783 հազար դրամ:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան

2018թ. մայիսի 11-ին պաշտոնը ստանձնած Արայիկ Հարությունյանը հայտարարագրել է 1 բնակարան, 480 հազար դրամ դրամական միջոցներ: Փոխառություններ ու արժեթղթեր նախարարը չունի: Որպես եկամտի աղբյուր նշված են աշխատանքի վարձատրությունը, ստացված փոխառությունները՝ ընդհանուր առմամբ 1 մլն 841 հազար 688 դրամ:

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյան

Պաշտոնը ստանձնել է 2017թ. մայիսի 30-ին:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 2017 թվականին չորս հողամաս է օտարել: Ըստ նախարարի հայտարարագրի՝ հողամասերից երկուսն օտարվել են յուրաքանչյուրը 4.5 մլն դրամով, իսկ մյուս երկուսը՝ մեկը 4 մլն, մյուսն էլ՝ 3 մլն դրամով:

2017թ. Ամիրյանն ստացել է ընդամենը 6 մլն 463 հազար դրամ աշխատավարձ, բայց նրա տարեկան եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 83 մլն 242 հազար դրամ և 180 հազար դոլար: Նշված 180 հազար դոլարը նախարարն ստացել է վարձակալության դիմաց ստացված վճարներից, 76 մլն դրամ էլ Ամիրյանը նախորդ տարի որպես շահաբաժին է ստացել, իսկ 120 մլն դրամ փոխառություն է վերցրել:

Հիշեցնենք, որ Արմեն Ամիրյանը նախորդ տարվա պաշտոնն ստանձնելու հայտարարագրով զարմացրել էր հանրությանը, նա 5 անհատական բնակելի տուն էր հայտարարագրել, երկու հասարակական նշանակության շինություն, երեք հողամաս, NISSAN ALTIMA 2.5 մակնիշի մեքենա:

Ի դեպ, նախարար դառնալուց հետո Արմեն Ամիրյանի ստացած շահաբաժիններն ավելացել են, եթե 2016 թվականի տարեկան հայտարարագրում նա տարեկան ստացել էր 16 մլն դրամ շահաբաժին, ապա 2017-ի հայտարարագրում դա կազմել է 76 մլն դրամ:

2018թ. պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում Ամիրյանը նշել է 3 հողամաս, 5 անհատական բնակելի տուն, 3 հասարակական նշանակության շինություն, 1 «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ և 38 հազար դոլար: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրն ստացած եկամուտները կազմել են 3 մլն 121 հազար 516 դրամ:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունց

Պաշտոնը ստանձնել է 2018թ. մայիսի 12-ին:

Ներկայիս մշակույթի նախարարի գույքն իր նախորդի համեմատությամբ, մեղմ ասած, համեստ է: Լիլիթ Մակունցը չունի փոխառություններ ու արժեթղթեր, շարժական գույք: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 մլն 251 հազար դրամ և 597 դոլար: Աշխատանքից ստացված եկամուտն էլ պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը կազմել է 1 մլն 551 հազար 690 դրամ:

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյան

Պաշտոնը ստանձնել է 2017թ. մայիսի 25-ին:

2017թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ ձեռք բերած և օտարած արժեթղթեր ու շարժական գույք չունի: Դրամական միջոցները կազմել են 15 մլն դրամ, 90 հազար ԱՄՆ դոլար, 4 հազար եվրո: Հարկային տարում եկամուտները կազմել են 9 մլն 677 հազար 966 դրամ:

2018թ. պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում Վիգեն Սարգսյանը նշել է 1 բնակարան և 1 ավտոտնակ, դրամական միջոցները փոփոխություն չեն կրել, ստացված եկամուտն էլ կազմել է 3 մլն 821 հազար 170 դրամ:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան

Պաշտոնին է նշանակվել 2018թ. մայիսի 11-ին:

2018թ. մարտի 12-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ ձեռք բերած և օտարած արժեթղթեր ու շարժական գույք չունի: Դրամական միջոցները 2017թ. սկզբին եղել են 1 մլն 800 հազար, տարվա վերջին՝ 2.5 մլն դրամ: Աշխատանքի վարձատրությունից ու կենսաթոշակից գոյացած եկամուտն էլ կազմել է 9 մլն 729 հազար 856 դրամ: 

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝