Թուրքիայի ավելի քան 6 մլն քաղաքացի բնակվում է արտերկրում

89248

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնակայքում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի ավելի քան 6 մլն քաղաքացի բնակվում է արտերկրում։

Նրանցից շուրջ 5 միլիոնը ապրում է եվրոպական երկրներում, մյուսները՝ Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում և Ավստրալիայում, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:

Աշխատանք գտնելու նպատակով Թուրքիայից դեպի եվրոպական երկրներ արտագաղթը ակտիվ է եղել հատկապես 1960-1974թթ․։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ նշված ժամանակահատվածում Թուրքիան Գերմանիայի, Ավստրիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի հետ կնքել է պայմանագրեր, որոնք թույլ էին տալիս Թուրքիայից մեկնած գաղթականներին աշխատել այդ երկրներում։ 1974թ․ հետո Թուրքիայից աշխատանքային արտագաղթի ուղղությունը փոխվել է դեպի Հյուսիսային Աֆրիկայի, Միջին Արևելքի, Պարսից ծոցի և ԽՍՀՄ երկրներ, այնուհետև նաև՝ Ռուսաստանի Դաշնություն։

Վիճակագրության համաձայն՝ 2017թ․ մայիսից մինչև 2018թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում աշխատանքի նպատակով Թուրքիայից մեկնել  է 9․780 քաղաքացի։ Նրանց ընդունող երկրները հիմնակնում եվրոպական և ասիական երկրներն են, իսկ ամենապահանջված աշխատանքային ոլորտներն են շինարարությունը, սպասարկման ոլորտը, տեքստիլ արդյունաբերությունը։

Թուրքիայից աշխատանքային էմիգրանտներն (տարագիրներ) ամենից հաճախ մեկնում են Եվրոպա։ Այս աշխարհամասում 2018թ․ դրությամբ 1 մլն 39․281 աշխատանքային էմիգրանտ կա։ Ամերիկայում Թուրքիայից մեկնած աշխատանքային էմիգրանտների ընդհանուր թիվը կազմում է 143․325, Ասիայում՝ 166․731, Ավստրալիայում՝ 34․090, իսկ Աֆրիկայում՝ 16․987։

artsakhpress.am

Դիտվել է՝