Հայաստանը կորցնում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ լինելու հնարավորությունը

Vahagn Xachatryan - Armen Martirosyan

«Առևտրի համաշխարհային կազմակերպությունն ու Եվրասիական տնտեսական միությունը հակառակ գործողություններ են կատարում և ստեղծվել են հակառակ նպատակներով»:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե տնտեսապես ինչ դրության մեջ է հայտնվելու Հայաստանը երկու առևտրային և տնտեսական կազմակերպություններին անդամակցելուց հետո: Տնտեսագետը ընդգծեց, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնական նպատակը ընդհանրապես առևտուրը հեշտացնելն է: Այն բոլոր սահմանափակումները, որոնք կան, կամ որոնք կարող են լինել տարբեր երկրների միջև, վերացնել և հնարավորություն տալ համաշխարհային մակարդակով, միասնական կանոններով առևտուր անել: Ինչ վերաբերվում է Մաքսային միությանը, ապա դրա նպատակը այլ է: Այս միությունը նպատակ ունի մաքսերի միջոցով սահմաններ փակել: Տնտեսական լեզվով ասած՝ պրոտեկցիոնիստական քաղաքականություն է վարում, որը տաբեր ժամանակներում կիրառվել է տարբեր երկրների կողմից:

Տնտեսագետը վստահություն հայտնեց. «Հիմա Հայաստանը, որ ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը, իր գործողություններով հակասությունների մեջ է մտնելու Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ՝ նկատենք, որ արդեն ստորագրված փաստաթղթի հետ: Որովհետև այնտեղ մենք ունենք պայմանավորվածություն, որ ներմուծվող ապրանքների մաքսերի տոկոսադրույքը կլինի մինչև 10տոկոս, իսկ հիմա, որ Մաքսային միության անդամ դառնանք, Մաքսային միության անդամ երկրներին ներկայացվող պահանջներին համապատասխան՝ այդ 10 տոկոսից բարձր մաքսադրույքներ կան՝ օրինակ մեքենաների համար մինչև 50, սննդամթերքի համար 25-50 ու մինչև 70տոկոս»,-նշեց Վահագն Խաչատրյանը՝ հավելելով. «Այսինքն Հայաստանի հանրապետությունը, որ հիմա փորձում է անդամակցել Մաքսային միությանը, անպայման գործարք կատարելիս պետք է համաձայնություն ստանա նաև Առևտրի համաշխարհային կազմակերությունից: Սա բավականին բարդ գործողություն է, որովհետև ԱՀԿ-ն իր սկզբունքներից չի հրաժարվի և Հայաստանին էլ հանուն Մաքսային միության լրացուցիչ արտոնություն չի տալու»:

Վահագն Խաչատրյանն, ընդգծելով երկու միությունների գործարքային տարբերությունները, ասաց. «Օրինակ, երբ Հայաստանն անդամակցում էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, մեզ որոշակի ժամանակահատված տրվեց, որպեսզի կարողանայինք մեր տնտեսության առանձին ճյուղերը հարմարեցնել ԱՀԿ-ի չափանիշներին: Եվ երկրորդ ընդգծումը, որ Հայաստանում մաքսիմալ մաքսային դրույքաչափը կարող էր լինել 10 տոկոս, սակայն Մաքսային միության համար, եթե նայում ենք, համեմատություն ենք անցկացնում Ղազախստան-Ռուսաստան-Բելառուս-Հայաստան մաքսային դրույքաչափերը ավելի բարձր են մյուս անդամ երկրների մոտ, քան Հայաստանինը: Եթե միջինացված մաքսադրույքաչափերը 2,7 գործակից է, ապա Մաքսային միության անդամներինը հասնում է 6-ի և սա նշանակում է, որ մեզ մոտ՝ Հայաստանում, իրականում տեղի է ունենում գների բարձրացում»:

Անդրադառնալով Ռուսաստանին՝ տնտեագետը նշեց. «Չնայած Ռուսաստանն էլ հանդիսանում է ԱՀԿ-ի անդամ, սակայն նա անդամակցել է այդ կազմակերպությանը մեկ տարի առաջ դեռ տասը տարվա ինտերվալ է վերցրել, որը արտոնություններ է սահմանում տնտեսական որոշ ճյուղերի համար»:

Նույն հարցի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Այս երկու միությունների նմանաությունների և տարբերությունների մասին խոսելիս նախ պետք է հաշվի առնել, թե ինչպիսի տնտեսական իրավիճակներ են այդ երկրներում, այսինքն, թե տնտեսություններն ինչպես են կառուցված: ԱՀԿ-ի անդամակցումը հնարավորություն է տալիս հաստատելու միանման առևտրային գործընկերություն: Այս պարագայում մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ հնարավոր է այդ պետությունները՝ Բելառուսն ու Ղազախստանը, մի շարք հանգամանքների հետ կապված, Ռուսաստանից օգուտ քաղեն, քանի որ նրանք չեն հանդիսանում ԱՀԿ-ի անդամ և ոչ մի խնդիր ու հակասություն չի լինի»:

Ա. Մարտիրոսյանը հավելեց. «Սակայն մենք, որ Լուկաշենկոյի ասածով իրենց ասածները պետք է անենք, այսինքն մենք գործընկեր չենք, այլ հրաման կատարող, Հայաստանն այդ առավելությունը չի ստանում: Կոնկրետ Բելառուսը նավթամթերքը Ռուսաստանից ներքին գներով է ստանալու և դա իրեն մոտավորապես մի քանի տասնյակ միլիոն դոլարի տարեկան եկամուտ կարող է ապահովել: Հայաստանը, չունենալով այդպիսի հնարավորություններ, մի բան էլ զրկվելու է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ-երկրների հետ նորմալ առևտրային հարաբերություններ հաստատելուց»:

Զառա Ղազարյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>