«Տարբերությունն այն է, որ մարդիկ էն ժամանակ 5000 դրամ էին ստանում, ուրիշ ոչինչ». գյումրեցիները՝ նախագահի ընտրության մասին

новый коллаж

Առաջին անգամ երկրի նախագահին ոչ թե քաղաքացիներն են ընտրելու, այլ խորհրդարանը՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Հայաստանի 4-րդ նախագահի ընտրության գործընթացը տեղի կունենա մարտի 2-ին:

Օրենքով սահմանված կարգով նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Ինչպես հայտնի է, նախագահի թեկնածուն մեկն է՝ Արմեն Սարգսյանը՝ առաջադրված իշխող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի կողմից: Նա օրեր առաջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն արդեն իսկ տվեց իր համաձայնությունը: 

Հայաստանի երկրորդ քաղաքի բնակչությանը, կարելի է ասել, չի էլ հետաքրքրում սպասվող ընտրական գործընթացը: Ավելին, մի մասը տեղյակ չէ, որ նախագահի ընտրություն է տեղի ունենալու, և կամ որ նոր սահմանադրությամբ, ընտրական նոր օրենսգրքով ՀՀ նախագահին ու վարչապետին ԱԺ-ն է ընտրելու:

Նրանք, ովքեր տեղյակ են նախագահի ու վարչապետի ընտրության կարգին, դարձյալ հետաքրքրություն չեն ցուցաբերում: Նշում են՝ 2015 թվականի դեկտեմբերի սահմանադրական փոփոխություններով իշխանությունն ամեն բան արեց իր վերարտադրությունն ապահովելու համար: Ուստի առաջիկա պրոցեսների ելքն առավել քան կանխատեսելի է գյումրեցիների համար:

Վստահ են՝ եթե անգամ նախագահի ուղիղ ընտրություններ տեղի ունենային՝ ժողովրդի քվեարկությամբ, ապա դա ոչինչ չէր փոխելու, տարիների փորձը ցույց է տվել, որ Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել փոփոխությունների: «Ոչ մի բան էլ չի փոխվի, բացի այդ 5 հազար դրամներից, որ ստանում էր ժողովուրդը: Էն ժամանակ ինչքան ուզենային կլցնեին, ինչպես Ս. Սարգսյանն էր ասում, հիմա էլ նույնն է էլի, ի՞նչ տարբերություն»:

Ապրիլին, երբ Հայաստանն անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգի, դարձյալ խորհրդարանի կողմից կընտրվի նաև նոր վարչապետը, որի ձեռքում էլ կենտրոնացած կլինեն կառավարման հիմնական լծակները: Թեպետ դեռևս պաշտոնապես թեկնածուների անուններ չեն հրապարակվել, սակայն դատելով տեղի ունեցած գործընթացներից՝ Գյումրիում վստահ են՝ ՀՀԿ-ն որպես վարչապետի թեկնածու առաջադրելու է Սերժ Սարգսյանին: Չնայած հիշեցնում են նաև, որ վերջինս ժամանակին՝ ՍԴ փոփոխություններից առաջ, հրապարակավ հայտարարել է, որ չի հավակնելու ոչ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոնին: «Փոխեց, որ երրորդ անգան էլ նստի, պարզ չէ՞ իրենց կեղծ խոսքը, ախր չի կարելի տարիներ շարունակ կեղծել, չի կարելի»,- նշում են գյումրեցիները:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝