Նախահեղափոխական ու հետհեղափոխական պաշտոնյաներն ու նրանց ունեցվածքը (մաս 5)

arcvik minasyan

ԳԱԼԱ-ն շարունակում է ներկայացնել, թե ինչ կարողություն են հայտարարագրել թավշյա հեղափոխությունից առաջ ու հետո պաշտոնավարած ու պաշտոնավարող բարձրաստիճան անձինք: Մինչ այժմ ներկայացրել ենք նախկին ու ներկա վարչապետներ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի նախկին ու ներկա նախարարների ունեցվածքը:

Այսօրվա դիտակետում է բնապահպանության, գյուղատնտեսության, տնտեսական զարգացման և ներդրումների նախկին և ներկա նախարարների ունեցվածքը:

Բնապահպանության նախկին, ներկայիս տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյան

2016-2018թթ. Արծվիկ Մինասյանը պաշտոնավարել է որպես ՀՀ բնապահպանության նախարար:

2017թ. մայիսին բնապահպանության նախարարը որպես անշարժ գույք հայտարարագրել է բնակարանը՝ բազմաբնակարան բնակելի շենքում՝ ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը, ինչպես նաև 1 հողամաս:

Նախարարը ավտոմեքենա, փոխառություններ, արժեթղթեր, ինչպես նաև 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթի գույք չունի:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու ուղղությամբ կազմել են 5 մլն 250 հազար դրամ: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները եղել են 3 մլն 780 հազար 855 դրամ:

Արծվիկ Մինասյանի կինը ըստ հայտարարագրի ունի միայն դրամական միջոցներ, փոխառություններ, արժեթղթեր, շարժական ու անշարժ գույք չունի: Ա.Մինասյանի տիկնոջ դրամական միջոցները կազմել են 1 մլն 180 հազար դրամ, որպես եկամտի աղբյուր նշված է 4 մլն 383 հազար 122 դրամի աշխատանքի վարձատրությունը:

2018թ. մայիսի 12-ին Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայան

Ըստ հայտարարագրի՝ Սուրեն Կարայանը 2017 թվականին որպես եկամուտ ունեցել է միայն աշխատավարձ: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 11 մլն 788 հազար դրամ: 2017-ի սկզբին Սուրեն Կարայանն ունեցել է 55 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ, իսկ տարեվերջին՝ 58 հազար ԱՄՆ դոլար: Շարժական և անշարժ գույք նախարարի տարեկան հայտարարագրում հրապարակված չէ: Իսկ ավելի վաղ՝ 2017-ի կեսերին, Սուրեն Կարայանը հայտարարագրել էր «VAZ 2106» մակնիշի մեկ մարդատար մեքենա, մեկ հողամաս և մեկ բնակարան:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնին է նշանակվել 2018թ. մայիսի 12-ին:

Հունիսի 9-ին Էրիկ Գրիգորյանը հայտարարագրել է բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում՝ ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք, 2 ավտոմեքենա՝ Օպել և Տոյոտա մակնիշների, 50 հազար ՀՀ դրամի արժեթղթեր, 70 հազար ԱՄՆ դոլարի, 38105.00 եվրոյի, 4974000.00 ՀՀ դրամի հանձնած փոխառություններ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նախարարի դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ, 3 հազար ԱՄՆ դոլար, 896 շվեյցարական ֆրանկ: Որպես եկամտի աղբյուր նշվել է աշխատանքի վարձատրությունը, որը կազմել է 3 մլն 780 հազար դրամ:              

Գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում է նշանակվել 2017թ. մայիսի 25-ին:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ուներ թե՛ դրամական միջոցներ, թե՛ գույք։ Նախ նա դրամով ու դոլարով փոխառություն է ունեցել՝ համապատասխանաբար մոտ 50 մլն դրամի և 50 հազար ԱՄՆ դոլարի չափով։ Ըստ հայտարարագրի՝ որպես փաստացի կանխիկ գումար ունեցել է 9 մլն 747 հազար դրամ, 19 հազար 743 եվրո և 125 հազար 750 դոլար։ Որպես եկամտի աղբյուր աշխատանքից ստացած վարձատրությունն էլ կազմել է 5.7 մլն դրամ։ Իգնատի Առաքելյանի հայտարարագրում չկա ոչ մի շարժական գույք: Ունի 2 բնակարան, 2 հողամաս և 1 առանձնատուն։

Ուշագրավ է, որ նախարար աշխատելուց հետո՝ մինչև տարվա վերջ, Իգնատի Առաքելյանի դրամական միջոցները բավականին փոփոխվել են։ Նա հարկային տարում որևէ անշարժ կամ շարժական գույք ձեռք չի բերել կամ օտարել, արժեթղթեր՝ ևս, ներդրում էլ չի արել որևէ տեղ։ Պահպանվել են նաև նրա փոխառությունները՝ դոլարով (50 հազար ԱՄՆ դոլար), իսկ դրամով 48 միլիոնը դարձել է 47 մլն, ավելացել է նաև մեկ փոխառություն՝ արդեն 34 մլն դրամի չափով։ Հայտարարագրի համաձայն՝ եթե հարկային տարվա սկզբում ունեցել է 150 հազար ԱՄՆ դոլար, ապա տարվա վերջին դա դարձել է 39 հազար 500 դոլար, նույն կերպ 47 հազար 775 եվրոն դարձել է 10 հազար 800 եվրո, իսկ 47 մլն 888 հազար դրամն էլ՝ 13 մլն դրամ։ Տարվա վերջին Իգնատի Առաքելյանի աշխատավարձը կազմել է 10 մլն դրամից մի փոքր ավելի։

Հիշեցնենք, որ Իգնատի Առաքելյանը նախարար նշանակվելուց առաջ աշխատել է «Պեռնո Ռիկար» ընկերությունում: 1998-2016թթ.-ին եղել է Երևանի կոնյակի գործարանի «Պեռնո Ռիկար» խմբի փորձագետ-հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն: Իր՝ հարուստ լինելու մասին մի առիթով նա լրագրողներին ասել էր՝ ամբողջ աշխարհը գիտի, որ ես մեծահարուստ եմ:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում է նշանակվել 2018թ. մայիսի 12-ին, 2017-2018թթ. եղել է ՀՀ Շիրակի մարզպետը:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի 2017թ. հայտարարագրի համաձայն՝ ունի 3 բնակարան՝ բազմաբնակարան շենքում՝ ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք, մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ Ինֆինիտի մակնիշի: Փոխառություններ ու արժեթղթեր չունի, չունի նաև 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեքով ցանկացած գույք: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (08.06.2017) կազմել են 2 մլն դրամ, 4500 ԱՄՆ դոլար: Որպես եկամտի աղբյուր հայտարարագրել է աշխատանքի վարձատրությունն ու ստացված փոխառությունները (վարկերը)՝ համապատասխանաբար 3 մլն 122 հազար 672 և 9,5 մլն դրամ:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝