Դասադուլ, օր 5-րդ. ուսանողները մեծ ցույցերի են պատրաստվում

tarketum

Մայրաքաղաքում շարունակվում է ուսանողների բողոքի ցույցը տարկետման իրավունքի սահմանափակման դեմ: Ուսանողները նախ հավաքվել են ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ հայտարարեցին, որ շրջելու են տարբեր ֆակուլտետներով, ուսանողներին և դասախոսներին իրենց միանալու կոչեր են անելու:

Նշենք, որ այսօր դասադուլի 5-րդ օրն է: Կազմակերպիչներից մեկը հայտարարեց, թե այս օրերին փորձ է արվում շարժումը քաղաքականացնել. «Այս օրերին շատ է խոսվում շարժման քաղաքականացվածության մասին, այս ամեն ինչը տեղի է ունենում մարդկանց կողմից, ովքեր իրենց շեֆերի ասածներին երբեք հակառակվելու ընդունակություն չեն ունեցել, իրենց շեֆերի ասածներն իրենց համար մշտապես օրենք է հանդիսացել, ու այդ մարդկանց համար անհասկանալի է, թե ինչպես կարող է մարդ անկախ գործել: Ուզում եմ ասել, որ ես ու այստեղ կանգնած մարդիկ պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ անկախ ենք ու որեւէ հրահրումների եւ ուղղորդումների չենք ենթարկվում»:

Ինչպես հայտնի է, անցած շաբաթ՝ ուրբաթ օրը, ուսանողները հավաքվել էին ԱԺ շենքի մոտ, քանի որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու էր վիճահարույց նախագիծը:

Սակայն հայտարարվեց, որ հանձնաժողովի նիստը չի կայանալու քվորում չլինելու պատճառով: Դրանից հետո, սակայն, ուշ երեկոյան հանձնաժողովը նիստ գումարեց եւ ընդունեց Զինվորական ծառայության մասին վիճահարույց օրինագիծը: Նախատեսվում է, որ այն հինգշաբթի օրը կդրվի քվերակության երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար, որին ընդառաջ, ինչպես այսօր հայտարարվեց, ուսանողները մեծ ցույցերի են պատրաստվում: 

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝