Քրիստոնյա աշխարհը տոնում է Սուրբ Զատկի տոնը

Zatik

Ապրիլի 20-ին Հայաստանում նշվում է Սուրբ Զատիկի տոնը: Ինչպիսի՞ տոն է սա և ի՞նչ խորհուրդ է այն իր մեջ պարունակում: Այս թեմայի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է Բագրատ Սրբազանի հետ, ով նշեց հետևյալը.

«Տոնը սկսվում է այսօր երեկոյան ճրագալույցի ավետիսով, Սուրբ Հարության տոնով, հետո Սուրբ Պատարագի արարողությամբ հռչակվում է Քրիստոսի հարությունը, և մենք սկսած այս գիշերվանից՝ միմյանց պետք է ողջունենք այսպես՝ «Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Քրիստոսի հարության դեպքը մարդկության պատմության ամենամեծ դեպքն է, երբ Աստված մարդուն հնարավորություն տվեց վերադառնալու իր անմահությանը: Բնականաբար, մեր եկեղեցին և մեր ժողովուրդը կրողն է այդ Սուրբ Խորհրդի: Պատարագներ են մատուցվում մեր բոլոր եկեղեցիներում։ Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո ավանդույթ է հավաքվել մեր ընտանիքներում և համտեսել զատկական ավանդական կերակուրները և ավանդույթի համաձայն նաև հավկիթները ներկվում են կարմիր գույնով, որը խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը՝ որպես փրկագին մարդկության փրկության»:

Zatik

Բագրատ Սրբազանը նաև նշեց, որ թյուր կարծիք կա, որ Զատիկը հեթանոսական տոն է, սակայն այն ոչ մի առնչություն չունի հեթանոսական տոների հետ: Հեթանոսական կամ որևէ այլ ուսմունքի առկայությունն այդտեղ գոյություն չունի: Աստված այս ճանապարհով ինքն իրեն հաստատեց մարդկության կյանքում՝ հրավիրելով նրանց դեպի իր անմահություն: ԳԱԼԱ-ի այն հարցին, թե արդյոք պահպանվել է այս տոնը ավանդական կերպով տոնելու կարգը, Բագրատ Սրբազանն ի պատասխան նշեց. «Վաղ շրջանի ավանդույթները կամ թե ինչպես է տոնվել, մանրամասնորեն դա չգիտենք, բայց բնականաբար, քրիստոնյաները միշտ պահեցողությամբ, ապաշխարության խորհրդով սպասել են և դիմավորել են հարության խորհուրդը: Պահեցողության այդ քառասունօրյա շրջանը եղել է նաև մկրտության պատրաստվելու ժամանակահատված, երբ բոլոր ապաշխարողներն ու չմկրտվածները այդ քառասուն օրերին անընդհատ պատրաստության մեջ են եղել, որպեսզի Սուրբ Զատկվա ճրագալույցին մկրտության խորհուրդ տեղի ունենա դեպի քրիստոնեություն բոլոր դարձողներին: Իսկ ինչ վերաբերում է զուտ տոնական սննդակարգին, ապա շատ բան չէր կարող փոխված լինել այն իմաստով, որ սա սուրբ խորհուրդ և նշանակություն ունի մարդկանց կայնքում»:

ZatikՀայտնի է նաև, որ Զատիկի տոնը ամեն տարի տոնվում է տարբեր օրերին, սակայն ինչով է դա պայմանավորված, ինչի հիման վրա են կոնկրետ օրը նշանակում, ինչով է պայմանավորված օրերի տարբերությունը, հարցրեցինք եկեղեցու սպասավորին: Վերջինիս խոսքով՝ այս տարի, բարեբախտաբար, ողջ քրիստոնյա աշխարհը միասին է տոնում Հարության օրը: Սակայն առհասարակ պայմանավորված է հին և նոր տոմարի օրերի տարբերությամբ, ինչն էլ իր հերթին կապված է լուսնի լրումի հետ: Դեռևս Հին ավետարանական պատմությունից հայտնի է, որ Տիրոջ խաչելությունը տեղի է ունեցել լիալուսնին և այդ օրերին տոնվում էր նաև հրեական Զատիկի տոնը, և անմիջապես խաչելությունից հետո տեղի ունեցավ Հարության իրականություն, և եկեղեցիներում ժամանակին բավականին խնդիրներ էին առաջացել, թե որ օրը տոնեն՝ միանգամից խաչելությունից հետո, թե ինչ-որ մեկ շրջան հետո և հիմնական իմաստով էլ մնաց հին և նոր տոմարների օրերի տարբերությունը, որի տարբերությամբ էլ այսօր եկեղեցիները տոնում են Զատիկը: Բուզանդական ծեսի ուղղափառ եկեղեցիները տոնում են հին տոմարով, իսկ կաթոլիկ ամբողջ աշխարհը և նաև Հայ առաքելական եկեղեցին փոխել են տոմարը և տոնում են նոր տոմարի համաձայն, այսինքն՝ կապված է տոմարների և լուսնի լրման հետ:

Դիանա Դավթյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>