46% աղքատություն, 50 % արտագաղթ և 40.5 % վստահության քվե ՀՀԿ-ին՝ աղետի գոտուց

54411_original

Ավերիչ երկրաշարժից 29 տարի անց՝ 2000-2500 անօթևան ընտանիք Գյումրիում, 46 տոկոս աղքատություն, 50 տոկոս արտագաղթ և 40.5 տոկոս վստահություն ՀՀԿ-ին:

LOVE Արմենիա, LOVE Գյումրի: ՀՀԿ նախընտրական վերջին քարոզարշավն ամենաարդյունավետն էր, այն աղքատ Շիրակի մարզից 40.5 տոկոս վստահություն պարգևեց Ս. Սարգսյանին և ՀՀԿ-ին: ՀՀ քաղաքացին սիրում է իշխանություններին (LOVE ՀՀԿ-ին):

1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից 29 տարի անց հազարավոր անօթևան մարդիկ ապրում են ժամանակավոր կացարաններում:

Գյումրիում, ըստ Շիրակի մարզպետարանի պաշտոնական տվյալների, 2000-2500 տնակ կա: Իհարկե, տնակներում ապրող բոլոր ընտանիքները չէ, որ բնակարան են կորցրել երկրաշարժի հետևանքով, սակայն փաստացի հազարավոր անօթևան ընտանիքների գոյությունն աղքատության ցուցիչ է և իշխանությունների անգործության արդյունք:

ՀՀ-ում վերջին պաշտոնական տվյալների համաձայն աղքատության մակարդակը հասնում է 30 տոկոսի: Նույն պաշտոնական թվերով՝ Շիրակի մարզում աղքատությունը 46 տոկոս է: Այսինքն՝ բնակչության շուրջ կեսն աղքատ է:

Արտագաղթի բարձր ցուցանիշները դարձյալ Շիրակի մարզում են: 2011թ. մարդահամարի տվյալներով՝ Գյումրիում ապրում է շուրջ 123 հազար մարդ: Ոչ պաշտոնական թվերը («Կոմպաս» գիտահետազոտական, կրթական կենտրոն ՀԿ) տատանվում են 60-65 հազարի սահմաններում:

Կիսով չափ դատարկված քաղաքում իշխանությունը 29 տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ հաղթահարել աղքատությունը՝ չնայած նրան, որ տարբեր մեծ ու փոքր զարգացման ծրագրեր են ներկայացվել:

Քաղաքի զարգացման վերջին ծրագիրը ներկայացրեց ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանն ապրիլյան խորհրդարանական ընտրություններից առաջ: «LOVE Արմենիա» կարգախոսով ՀՀԿ փոխնախագահ Կ. Կարապետյանը, ով առաջնորդում էր ՀՀԿ քարոզարշավը, հայտարարեց, որ միայն այս տարի 41-45 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ են լինելու Գյումրիում՝ 30-ից ավելի ծրագրերով և 2000 աշխատատեղի ստեղծմամբ:

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս տարի Գյումրիում լինելու են 41-45 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ՝ 30-ից ավելի ծրագրերով և 2000 աշխատատեղի ստեղծմամբ: Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում է 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր, որից 3 մլն ԱՄՆ դոլարը ներդրվելու է այս տարի: Մոտ ժամանակներս օդանավակայանում թռիչքներ կիրականացնի նոր ավիաընկերություն: «Թումո» ընկերությունն այստեղ նոր կենտրոն է բացելու, որն իրականում աշխարհայացք, տրամադրություն փոխող ծրագիր է: Մենք սկսել ենք Կումայրի մշակութային կենտրոնի վերականգնման ծրագիրը, և ես պատիվ ունեմ ձեզ զեկուցելու, որ իմ ընտանիքի անդամները նույնպես մասնակցել են այդ ծրագրին: Մենք ստեղծել ենք հատուկ ֆոնդ, որի ներդրումային արժեքը 10 մլն ԱՄՆ դոլար է: Այն ոչ միայն նրանով է հետաքրքիր, որ ըստ մեր գնահատականի 500-700 աշխատատեղ է ստեղծելու, այլ նաև առաջին անգամ նոր մշակույթ է բերելու Գյումրի, որտեղ լինելու է մասնավոր կապիտալ, կենսաթոշակային ֆոնդ, ապահովագրական ֆոնդ և ենթակառուցվածքներ»:

Արդյունքում, 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններում աղքատ Շիրակի մարզում ՀՀԿ-ն բացարձակ հաղթանակ տարավ:

Ստացած ձայներով, համաձայն ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալների, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացավ 53.823 ձայն (40,56 %):

Հաջորդը «Ծառուկյան» դաշինքն էր, որը ստացել է 42.782 քվե (32,24 %):

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը 13.798 (10,40 %) քվե էր ստացել, ՀՅԴ-ն ստացել է 12.354 քվե (9,31 %): Սա ամբողջ Հայաստանում ամենաբարձր ցուցանիշն է:

«Ելք» դաշինքը Շիրակի մարզում ստացել էր 4222 քվե (3,18 %), հաջորդը ՕՐՕ դաշինքն է 2770 քվեով (2,09 %):

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Շիրակի մարզում ստացել էր 1417 քվե (1,07 %), «Ազատ դեմոկրատները»՝ 841 քվե (0,63 %), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 704 (0,53%):

111111

Զարմանալին, թերևս, ՀՀԿ-ի նկատմամբ վստահության տոկոսների աճն է:

Ինչպես 2012թ.-ի խորհրդարանական, այնպես էլ 2013թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ իշխող քաղաքական ուժն ու ՀՀԿ թեկնածու Ս. Սարգսյանը նախընտրական ծրագրերում Շիրակի մարզի համար երկու խնդիր են թիրախավորել՝ անօթևանություն և աղքատություն: Ըստ էության, այս երկու խնդրին էլ լուծում չի տրվել:

Ս. Սարգսյանի խոստումը՝ լուծել անօթևանության խնդիրը, մնացել է անկատար, աղքատության մակարդակը՝ բարձր:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝