46 տոկոս աղքատություն և 40.5 տոկոս վստահության քվե ՀՀԿ-ին Շիրակի մարզում

16521737_1381267391948501_1682535048_n

ՀՀ ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ բոլոր մարզերում ամենից շատ քվեն ստացել է իշխող Հանրապետականը՝ բացառությամբ Կոտայքի մարզի: Կոտայքի մարզում ՀՀԿ-ն պարտվել է «Ծառուկյան» դաշինքին:

ՀՀԿ-ն այս անգամ բավականին բարձր տոկոսներ է տարել նաև ընդդիմադիրի համբավ ունեցող Շիրակի մարզում:

Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 տարածքում ՀՀԿ տոկոսը 40.5 է կազմում՝ 53 հազար 533 ձայն: Ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Շիրակի մարզում ՀՀԿ ձայները դինամիկ աճ են արձանագրել այս ընտրություններում: Շիրակի մարզում այս կարգի տոկոսներ դեռ ՀՀԿ-ն չէր հավաքել: 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ Շիրակի մարզում իշխող Հանրապետականը շուրջ 7.500 քվե ավելի է ստացել:

Ինչո՞վ է պայմանավորված Հանրապետականի նկատմամբ Շիրակի մարզի բնակչության «վստահության» աճը:

Պաշտոնական թվերով Շիրակի մարզը համարվում է ամենաաղքատը: Աղքատության մակարդակը շուրջ 46 տոկոս է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ շուրջ 50 տոկոս: Սա նշանակում է, որ Շիրակի մարզի բնակչության կեսը համարվում է աղքատ:

Աղքատության մակարդակն այստեղ աճել է՝ 2012թ.-ի համեմատ, զուգահեռ աճել է նաև ՀՀԿ վստահության ցուցանիշը, ինչը, մեղմ ասած, տարօրինակ է:

17793245_1124986284296644_1033747243_n

Շիրակի մարզն առանձնանում է նաև գործազուրկների թվով՝ 14.210: Այս թիվը ևս ամենաբարձրն է բոլոր մարզերի և մայրաքաղաք Երևանի հետ համեմատած:

Նույնիսկ մեղմացված և իրականությունը չարտացոլող տվյալներով ամենաաղքատ մարզը շարունակում է մնալ Շիրակը, գործազուրկների ամենաբարձր թիվը Շիրակում է, հետևաբար զարմանալի չէ, որ արտագաղթի տեմպերն ահագնացող են հենց մեր մարզում:

Զարմանալին, թերևս, ՀՀԿ-ի նկատմամբ վստահության տոկոսների աճն է:

Ինչպես 2012թ.-ի խորհրդարանական, այնպես էլ 2013թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ իշխող քաղաքական ուժն ու ՀՀԿ թեկնածու Ս. Սարգսյանը նախընտրական ծրագրերում Շիրակի մարզի համար երկու խնդիր են թիրախավորել՝ անօթևանություն և աղքատություն: Ըստ էության, այս երկու խնդրին էլ լուծում չի տրվել:

Ս. Սարգսյանի խոստումը՝ լուծել անօթևանության խնդիրը, մնացել է անկատար, աղքատության մակարդակը՝ բարձր:

Մխիթարող հանգամանք է թերևս այն, որ Շիրակի կենտրոնում՝ Գյումրիում, ՀՀԿ-ն չի հաղթել:

Գյումրիում հաղթել է «Ծառուկյան» դաշինքը՝ ստանալով 26144 քվե, ՀՀԿ-ն՝ 21824 քվե: Համեմատելով 2012 թվականի ընտրությունների հետ՝ ԲՀԿ-ն Գյումրիում կորցրել է 457 քվե (2012թ. ԲՀԿ-ն Գյումրիում ստացել էր 26 601 քվե): ՀՀԿ-ն ավելացրել է իր քվեների թիվը Գյումրիում 7166-ով (2012թ. ՀՀԿ-ն Գյումրիում ստացել էր 14658 քվե):

ՀՎԿն, ՀՅԴ-ն իրենց բարձր տոկոսները գրանցել են Շիրակի մարզում

ՀՎԿ-ն ևս Շիրակի մարզում բավականին բարձր վստահության քվե ունի: Չնայած նրան, որ ՀՎԿ-ն ամբողջ հանրապետությունով պարտվեց և չկարողացավ հաղթահարել ԱԺ անցողիկ շեմը, այնուամենայնիվ, Շիրակի մարզում ՀՎԿ-ն հավաքած ձայներով երրորդն էր՝ ՀՀԿ-ից և «Ծառուկյան» դաշինքից հետո: Նախկին ՕԵԿ-ը Շիրակի մարզում 13 հազար 787 ձայն է տարել (10,43 %):

Սա խոսում է այն մասին, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ուժը դեռ մեծ պահանջարկ ու վստահություն ունի Շիրակի մարզում: Ընդ որում, հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ևս ՀՎԿ-ն բավականին ձայներ կարողացավ ապահովել՝ շուրջ 5000 ձայն:

Մեկ կարևոր նկատառում ևս. ՀՎԿ-ի ամենաբարձր տոկոսները գրանցվել են Շիրակի մարզում: Նույնը կարող ենք ասել ՀՅԴ-ի մասով: ՀՅԴ-ն ամենամեծ թվով ձայները հավաքել է Շիրակում. ձայների թվով ՀՎԿ-ից հետո 4-րդն է՝ 11,945 ձայն (9,29 %):

Հետևապես առավելապես դժգոհ զանգվածների ձայները Շիրակում գնացել են «Ծառուկյան» դաշինքին, ՀՎԿ-ին, ինչ-որ չափով նաև ՀՅԴ-ին:

ՕՐՕ-ն և «Ելք»-ը երկուսն էլ ցածր տոկոսներ են հավաքել Շիրակի մարզում՝ համապատասխանաբար՝ 2 հազար 763 և 4 հազար 210 ձայն:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝