Տեսանյութ՝ Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումը Սոչիում

Sochi Putin Sargsyan Aliev

Կիրակի օրը Սոչիում տեղի ունեցավ  եռակողմ հանդիպում  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև: Հանդիպման ընթացքում  նախագահները  քննարկել են  ԼՂՀ հակամարտության  հարցը: Հանդիպման հիմնական պատճառ էր հանդիսացել   վերջին շրջանում  Ադրբեջանի կողմից սահմանին և շփման գծում իրականացրած    դիվերսիաներն ու փոխհրաձգությունները:

«Գոյություն ունեն    ղարաբաղյան կարգավորման միջազգային ձևաչափեր, և անկասկած, մենք հարգանքով ենք վերաբերվում դրանց  և շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ: Բայց ելնելով նրանից, որ մեզ մոտ ամեն դեպքում յուրահատուկ, առանձնահատուկ սերտ հարաբերություններ են, այնպիսի խոր նախապատմություն է, որը թույլ է տալիս բացեիբաց մտքեր փոխանակել, թե որտեղ ենք մենք գտնվում և ինչ պետք է անել, որպեսզի առաջ շարժվենք անցյալից մեզ հասած այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Ամեն դեպքում ինձ թվում է, որ դա օգտակար է: Եվ ես շատ ուրախ եմ ձեզ հետ այսօր հանդիպելու և բոլոր այդ թեմաներով խոսելու հնարավորության համար»,- հանդիպման սկզբում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,  խոսելով ԼՂՀ հակամարտության կարգավորման իրավական լուծումներից,հիշել է ՄԱԿ-ի անվտանգության 4 բանաձևերը: Իր խոսքը Իլհամ Ալիևը ավարտել է հույսով, որ մոտակա ժամանակում բանակցությունների ուղիով և խաղաղ ճանապարհով հնարավոր կլինի գտնել լուծում:

«Ինչպես մենք երեկ քննարկեցինք, այդ հարցը պահանջում է իր լուծումը, այն չափազանց երկար ձգձգվեց: Հուսով եմ, որ Ձեր անձնական մասնակցությունը այդ գործընթացում նոր ազդակ կհաղորդի բանակցային գործընթացին: Ինչպես Դուք նշեցիք, արդեն գոյություն ունի բանակցությունների ձևաչափը: Գոյություն ունի նաև հակամարտությունների կարգավորման իրավական բազա: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են անվերապահորեն և անհապաղ Ադրբեջանի տարածքից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում: Ցավոք, արդեն անցել է ավելի քան 20 տարի, այդ բանաձևերը մնացել են թղթի վրա: Մինսկի խումբը` ի դեմս իր համանախագահների, աշխատում է, փորձում է մերձեցնել կողմերին, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում: Ուստի ես գտնում եմ, որ Ռուսաստանը` որպես մեր մտերիմ բարեկամ, գործընկեր և հարևան, ունի իհարկե յուրահատուկ դեր կարգավորման գործընթացում: Հուսով ենք, որ մոտակա ժամանակում բանակցությունների ուղիով, խաղաղ ճանապարհով մենք կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև կհամապատասխանի արդարությանը»-, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Սերժ Սարգսյանը բարձրացրել է  պատերազմ,  թե՞ խաղաղություն  հարցը՝ ընդգծելով, որ 90-ականներին պատերազմի միջոցով արդեն փորձ կատարվել է հարցը   կարգավորել և  որոշվել է, որ միակ ճանապարհը խաղաղությունն ու բանակցություններն են:

«Մենք համարում ենք, որ, իրոք, հիմնախնդիրը կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերը, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին` այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Միայն Հայաստանն է, որ կատարել է այդ բանաձևերի կետերը, որն օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները: Եթե մենք վերադառնանք 90-ական թվականների սկզբների իրադարձություններին, ապա ես կարծում եմ, որ մի կողմից լավ կլինի, մյուս կողմից էլ կարող է ինչ-որ տեղ ձգձգվել: Լավ կլինի այն առումով, որ մենք այն ժամանակ եկանք այն եզրահանգման, որ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, իսկ եթե մենք նորից մեղադրենք միմյանց, ես կարծում եմ, որ բավական երկար ժամանակ այդ հիմնախնդիրը չի լուծվի: Ես շնորհակալ եմ Ձեզ, որ Դուք տրամադրված եք հիմնախնդրի լուծմանը, և այդ հարցի լուծումը բխում է Հայաստանի ազգային շահերից»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Եզրափակիչ խոսքում  Վլադիմիր Պուտինը նկատել է , որ երկու առաջնորդներն էլ  խաղաղությունը պահպանելու անհրաժեշտություն են տեսնում և  համբերության ու միմյանց նկատմամբ հարգանքի դրսևորման դեպքում հարցը լուծումը գտնի․ «Ես հաճույքով եմ արձանագրում, որ Ադրբեջանի նախագահն ուշադրություն դարձրեց հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության վրա: Եվ Դուք այժմ դրա մասին ասացիք: Դա իրականում ամենակարևորն է, քանի որ չկա ավելի ողբերգական բան, քան մարդկանց մահը»:

Այսքանով կողմերի միջև հանդիպումը ավարտվել է: Հստակ պայմանավորվածություն  և զինադադարի պահպանման մասին խոսք, սակայն, չի եղել:

Ի դեպ, ռուսական կողմից չի հնչել նաև սահմանին կամ շփման գծում խաղաղապահ զորքեր տեղակայելու մասին առաջարկ: Հիշեցնենք՝ քաղաքագետների և վերլուծաբանների նման պնդումններից հետո  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ինքն այդպիսի անհրաժեշտություն չի տեսնում:



Դիտվել է՝