Կոտայքի մարզում 41-ամյա տղամարդը մահացել է՝ մնալով փլատակի տակ

57503b3a374ce6509008c76a1c6314dd

Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Մաշտոցի 26 փողոցում՝ դեռևս անհայտ պայմաններում, փլուզում է տեղի ունեցել և հնարավոր է, որ փլուզման տակ քաղաքացի լինի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Հարութ Հարությունյանի գլխավորությամբ: Փրկարարները նշված հասցեի փլուզված բետոնե պանելների տակից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Անդրանիկ Ասատրյանին:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ է գործել բժիշկների խումբը, իսկ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պաշա Օրդյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ա. Ասատրյանը մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը եղել է այն, որ Ա. Ասատրյանը նշված հասցեում ունեցել է պեմզաբլոկի արտադրամաս, որտեղ աշխատել է նաև ծանր տեխնիկա ու ներսում նա աշխատելիս է եղել, երբ տեղի է ունեցել փլուզումը. բետոնե պանելները պոկվել և ընկել են նրա վրա:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ Նաիրիի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:

4debd1a5d59a5e1956e5b912cac885e7 9b673595c82158d8eaeda609e9357af4 57503b3a374ce6509008c76a1c6314dd b348316f8fd3b48fd4b267162f6075f9 fd3d1469cfa705893957c4b6653f7ff1

 shamshyan.com 

Դիտվել է՝