Տարեցները թերսնվում են. ՀՀ-ում միջին ամսական կենսաթոշակը 40.397 դրամ է, նվազագույն սպառողական զամբյուղը՝ 49.530 դրամ

գյումրի1

ՀՀ իշխանություններն ամեն հարմար առիթի դեպքում հայտարարում են, որ կառուցելու են ապահով և բարեկեցիկ Հայաստան ՀՀ քաղաքացիների համար: Անցած խորհրդարանական ընտրությունները ևս բացառություն չէին, նման շռայլ խոստումների պակաս ամենևին չնկատվեց:

Սակայն ինչպիսին է ՀՀ իշխանությունների կողմից հրամցվող ապահովված և բարեկեցիկ Հայաստանը՝ նախ և առաջ փաստում են հենց պետական վիճակագրական տվյալները:

Յուրաքանչյուր հասարակությունում ծերերն ու երեխաները համարվում են թիրախային խմբեր: Եվ ընդունված է ասել, որ տարեց քաղաքացիների և երեխաների վիճակը հենց խոսում է այդ երկրում քաղաքացու բարեկեցության ու արժանավայել ապրելակերպի մասին:

ՀՀ-ում տարեց քաղաքացիների և երիտասարդության հարաբերակցությունը փաստող հավասարակշռությունը խախտված է հօգուտ տարեցների: Պատճառն, իհարկե, արտագաղթն է: Իսկ երկրից հեռացող քաղաքացիների միջին տարիքը 30-50-ն է համարվում:

60-անց քաղաքացիները, որոնք ՀՀ-ում համարվում են տարեց և կենսաթոշակային տարիքի, վճարվում են պետական բյուջեից:

Պաշտոնական ԱՎԾ տվյալներով՝ ՀՀ-ում կենսաթոշակի միջին ամսական չափը վերջին 2016թ.-ի տվյալներով կազմում է 40.397 դրամ: Ընդ որում, 2016թ.-ի դրությամբ կենսաթոշակի միջին չափը նվազել է անցած 2015թ.-ի համեմատությամբ: 2015-ին միջին կենսաթոշակը կազմել է ամսական 40.441 դրամ:

ԱՎԾ ժամանակագրական շարքերը փաստում են, որ չնայած նրան, որ ՀՀ-ում կյանքը սրընթաց թանկացել է, կենսաթոշակի չափը նույն մակարդակով չի բարձրացել: Այսպես, 2012, 2013թթ.-ին թոշակի միջին չափը չի հասել 30 հազար դրամի: 2014-ին 35 հազար դրամից մի փոքր է բարձր:

11111

Տրամաբանական է, որ կենսաթոշակի միջին ամսական չափը այնքան փոքր է, որ բավարար չէ անգամ մեկ անձի նվազագույն պահանջմունքները բավարարելու համար:

2016թ.-ի միջին կենսաթոշակը մի կերպ է բավականացնում նվազագույն սպառողական զամբյուղի համար պահանջվող գումարին:

Սպառողական զամբյուղը հաշվվում է ԱՎԾ-ի կողմից: Վերջին հաշվարկները վերաբերում են 2014թ.-ին, երբ նվազագույն հաշվարկ է արվում, թե որքան գումար է անհրաժեշտ մեկ շնչին մեկ ամիս ժամանակահատվածում գոյատևելու համար:

2222222222

Ըստ պաշտոնական հաշվարկների՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է 49.530 դրամ: Սա նվազագույն գումարն է, որ անհրաժեշտ է մեկ շնչին մեկ ամիս ապրելու համար: Ինչպես տեսնում ենք, ՀՀ-ում միջին վիճակագրական թոշակառուն այդքան թոշակ չի ստանում: Միջին ամսական կենսաթոշակը 9000 դրամով պակաս է նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքից:

Սա նշանակում է, որ այն թոշակառուները, ովքեր միայնակ են ապրում ՀՀ-ում, թերսնվում են:

Էլ չենք խոսում այլ անհրաժեշտությունների մասին: Օրինակ, տարեց քաղաքացիներն ամենաշատը կարիք ունեն առողջապահական ծառայություններից օգտվելու: Սակայն դրա հնարավորությունը չունեն:

Ընդ որում, ՀՀ-ում 2017թ.-ի առաջին ամիսների կտրվածքով ավելացել են մահացության դեպքերը: Ըստ վիճակագրության՝ մեր երկրի քաղաքացիների մոտ մահացության կառուցվածքում գերակշռում են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից արձանագրված դեպքերը, որոնք կազմում են մահացության ընդհանուր դեպքերի ավելի քան 68.5%-ը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝