Ս. Սարգսյանի հաշվարկներով տարեկան 40.000 սփյուռքահայ վերադառնալու է Հայաստան

232134611408342142

Այսօր՝ ԱԺ վեցերորդ գումարման անդրանիկ նիստի օրը, Ս. Սարգսյանի ծավալուն ելույթից թերեւս ամենաուշագրավ դրվագը նրա հաշվարկներն ու կանխատեսումներն էին 2040թ.-ի մասին: Համաձայն սերժսարգսյանական հաշվարկների՝ մինչեւ նախանշված ժամանակահատվածը ՀՀ-ում կապրի առնվազն 4 միլիոն բնակիչ:

Սերժ Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ արտագաղթը Հայաստանում սկիզբ է առել 25 տարի առաջ՝ հայտարարելով, որ առաջիկա տասնամյակների համար գերխնդիր է լինելու Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը:

Եվ այսպես, մինչեւ 2040թ.-ը Ս. Սարգսյանը խոստացավ աշխատել այնպես, որ դադարի արտագաղթը ՀՀ-ից: Այնուհետ ստեղծել նախապայմաններ ծնելիության բարձրացման եւ արտագաղթածների վերադարձի համար:

«Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում եւ իրականացում, որոնք, ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին եւ հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում: Ժողովրդագրական իրավիճակի էական եւ կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»,- հայտարարեց Ս. Սարգսյանը:

Այսինքն Ս. Սարգսյանն այս օրը համարեց մեկնարկային, բաժանարար այն կետը, որն առանձնացնելու է անցած եւ առաջիկա 25 տարիները: Ի տարբերություն անցած 25 տարիների, այսօրվանից սկսած առաջիկա 25 տարիներին Հայաստանի բնակչության թիվն աճելու է:

Հիմա տեսնենք, թե ինչ է ասում անցած 25 տարիների պետական վիճակագրությունը եւ ինչ հիմքերի վրա է Ս. Սարգսյանը «կառուցում» իր «4 մլն-անոց բնակչությամբ Հայաստանի» հաշվարկները:

Եվ այսպես, ըստ ԱՎԾ-ի պետական միգրացիոն գործակալության տեղեկատվական բազայի՝ առկա է արտագաղթի հետեւյալ փուլերը.

1.1992-1994թթ. զանգվածային արտագաղթի տարիներ. Հայաստանը լքել է 600 հազար քաղաքացի

2.1995-2001թթ. կայունացման փուլ. Հայաստանը լքել է 250 հազար քաղաքացի

3.2002-2012թթ. Հայաստանը տարեկան լքել է 27-30 հազար քաղաքացի

4.2012-2016թթ. Հայաստանը տարեկան լքել է 30 հազար քաղաքացի

Պաշտոնական վիճակագրական տվյալների հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանը լքել է շուրջ 1 միլիոն 300 հազար մարդ, որից 350 հազարը Ս. Սարգսյանի նախագահության տարիներին:

Իսկ ավելի կոնկրետ, Ս. Սարգսյանի նախագահության տարիների արտագաղթն ըստ տարիների արտահայտվել է այսպես.

ՍերԺ Սարգսյանի արտագաղթը

2008                                    -25.059

2009                                    -24.278

2010                                    -46.486

2011                                    -43.820

2012                                    -42.784

2013                                    -31.188

2014                                    -41235

2015                                    -43.438

2016                                    -48.200

Մոտավոր հաշվարկներով Ս. Սարգսյանի նախագահության տարիներին ամեն օր ՀՀ-ից հեռանում է առնվազն 100 մարդ: Սա շատ պարզ մաթեմատիկական հաշվարկ է: Եթե 9 տարիների ընթացքում երկրից հեռացել է շուրջ 350 հազար մարդ, ապա տարեկան շուրջ 38 հազարն է հեռանում, ամսական՝ շուրջ 3000, օրական՝ 100-ը:

Հետաքրքիր են սերժսարգսյանական հաշվարկները, ինչպիսի՞ մաթեմատիկայից է օգտվում Ս. Սարգսյանը, այն դեպքում, երբ ներկա պահին էլ արտագաղթի միջին վիճակագրական ցուցանիշը տարեկան 30 հազարն է: Օրերս ՀՀ միգրացիոն պետական գործակալության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց պաշտոնական տվյալները՝ հայտարարելով, որ ամեն տարի ՀՀ-ից հեռանում է 30.000 քաղաքացի:

Մեր իմացած մաթեմատիկայի հաշվարկներով մինչեւ 2040թ.-ը, այսինքն 25 տարի շարունակ տարեկան 30 հազար արտագաղթի դեպքում կունենանք եւս 750.000 արտագաղթող քաղաքացի: Ինչն էլ կնշանակի՝ 2040թ.-ին կունենանք ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող շուրջ 2 մլն քաղաքացի:

Ս. Սարգսյանի հայտարարած մինչեւ 2040թ.-ը 4 մլն բնակիչով Հայաստան ունենալու համար տարեկան ներգաղթը պետք է լինի առնվազն 40.000 հաշվարկով: Այսինքն առաջիկա 25 տարիների ընթացքում տարեկան առնվազն 40.000 հայ պետք է վերադառնա Հայաստան: Կամ ներգաղթի հետ պետք է կտրուկ բարձրանա ծնելիության մակարդակը ՀՀ-ում, կրճատվի մահացությունը:

Սակայն այս առումով եւս վիճակն այնքան հուսադրող չէ: 2017-ին ունենք մահացության ավելի բարձր եւ ծնելիության ավելի ցածր ցուցանիշ.

2016թ.-ի հունվար-մարտին ՀՀ-ում ծնվել է 9.125 երեխա

2017թ.-ի հունվար-մարտին՝ 8.534:

Միեւնույն ժամանակ աճել է մահացության ցուցանիշը.

2016թ.-ի հունվար-մարտին ՀՀ-ում մահացել է 7.744 մարդ

2017թ.-ի հունվար-մարտին ՀՀ-ում մահացել է 8.037 մարդ:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝