Սեպտեմբերի 4-ից դրոշմապիտակների տրամադրման գործընթացը կիրականացվի ապակենտրոնացված կարգով .ՊԵԿ-ի պարզաբանումը ԳԱԼԱ-ին

11299-noyemi-soap-classic-collection-big

ԳԱԼԱ-ն հարցում էր ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին դրոշմապիտակների տրամադրման փոփոխված կարգի վերաբերյալ: Հիշեցնենք, որ եթե նախկինում դրոշմապիտակավորման ենթակա ապրանք արտադրող գործարարները համապատասխան վճարումները կատարելուց հետո դրոշմապիտակները ստանում էին ՀՀ ԿԱ ՊԵԿ տարածքային մարմինների հարկային տարածքային տեսչություններից, այս տարվա հուլիսից ձեռնարկատերերը ստիպված են հասնել Երևան և հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 21 բաժնից ստանալ դրոշմապիտակները:

Հարցմամբ փորձել էինք պարզել, թե կոնկրետ երբ կվերացվի խոչընդոտը գործարարի աշխատանքի սահուն կազմակերպման հարցում, և հարկ վճարողների սպասարկման վարչության տարածքային սպասարկման մյուս բաժինները կսկսե՞ն դրոշմապիտակ տրամադրել: Այս որոշումը, հիշեցնենք, հակաօրինական է, քանի որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 9.3-ի 1-ին  կետի  համաձայն  ՀՀ տարածքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք  դրոշմապիտակները  ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից»:

Ուստի նաեւ փորձել էինք պարզել, թե կոնկրետ ո՞վ է օրենքը շրջանցելով նման որոշում կայացրել:

Ի պատասխան հարցմանը ՊԵԿ-ը նախ տեղեկացնում է, որ ՀՀ  կառավարության 18.05.2017թ.-ի թիվ 514-Ն որոշմամբ պայմանավորված ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում դրոշմապիտակների տրամադրման գործառույթը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի՝ Վարդան Հարությունյանի 2017թ.-ի հուլիսի 4-ի՝ «Լիազորություններ վերապահելու մասին» թիվ 210-Ա հրամանի համաձայն վերապահվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման վարչությանը:  

Ինչ վերաբերում է տարածքային ստորաբաժանումների կողմից դրոշմապիտակների տրամադրման գործընթացի իրականացմանը, ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են. «Այս գործընթացը որոշ տեխնիկական և կազմակերպչական պատճառներով ժամանակավորապես կենտրոնացված բնույթ է կրել»:

Տեղեկացնենք նաև, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ից սկսած դրոշմապիտակների տրամադրման գործընթացը կիրականացվի ապակենտրոնացված կարգով՝ ըստ հարկատուների գրանցման վայրի, հարկ վճարողների սպասարկման վարչության տարածքային սպասարկման բաժինների միջոցով»:

 

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝