Ողբերգական դեպք Տավուշի մարզում. ձուկ բռնելիս հոսանքահարվել և մահացել է 36-ամյա քաղաքացի

0ded07d0266bf5f7656bd050a1bafa38

Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Իջևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Գետահովիտ գյուղից իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանի և ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Իջևանի ոստիկանապետ Գեորգի Միրզոյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 36-ամյա Մանվել Քոքոբելյանն է: Հիվանդանոց է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նրան տեղափոխել են Գետահովիտ գյուղում գտնվող «Քարարտ» արտադրամասի հետնամասով անցնող Աղստև գետից, որտեղ՝ ըստ տեղեկությունների, ձուկ բռնելիս հոսանքահարվել է:

Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահվան հանգամանքները, ինչպես նաև հոսանքահարման մասին տեղեկությունը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածը Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ազգականն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Դիտվել է՝