Թե ինչպես կորավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 317 հազար դոլարը

3695427-320x228

«Հարավկովկասյան երկաթուղու» դեմ հարուցված քրեական գործը նոր երանգներ է ստանում։  Այսպես, իրավապահների ուշադրության կենտրոնում է ՀԿԵ-ի 317 հազար դոլար կորստի մի պատմությունը։ Դեռևս 2008թ. ԱՄԷ-ում գրանցված «Գուլֆ Կոմերցիալ Դեպոտ» ընկերության հետ ՀԿԵ-ն պայմանագիր է կնքել՝ գնելու MITSUBISHI L200 մակնիշի մեքենաներ։ Ընկերությունը խախտել է պայմանագիրը և մոտ 12 մեքենա չի ներմուծել, ըստ այդմ՝ ՀԿԵ-ն դիմել է դատարան (ըստ Դատալեքսի՝ գործ ԵԷԴ/0629/02/10)՝ պահանջելով 317 հազար դոլար։

Դատը շահել է, սակայն գումարն այդպես էլ չի կարողացել ստանալ, քանի որ երկաթուղու աշխատակիցները կորցրել են կատարողական թերթիկը։ Երկրորդ անգամ դատարան դիմելուց և թերթիկը վերականգնելուց հետո նորից դիմել են ԴԱՀԿ, ԱՆ, վերջինս էլ ԱԳՆ-ի միջոցով ուղարկել է ԱՄԷ՝ Աբու Դաբի։ Եվ ՀԿԵ-ում սպասում են, թե երբ ԱՄԷ-ից կփոխանցեն կորած գումարը։ Այս հարցերով զբաղվում է «ՍՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ իրավաբանական ընկերությունը։

Այս պատմության մեջ բազմաթիվ հարցեր կան, որոնք գրավել են իրավաբանների ուշադրությունը, մասնավորապես, ինչո՞ւ է երկաթուղին որոշել մեքենաները գնել օֆշորում գրանցված ընկերությունից, ոչ թե պաշտոնական ներկայացուցչությունից, միգուցե բարձր գնո՞վ կամ էլ միտումնավոր ցածր գին հայտարարվի, որպեսզի հասնեն իրենց, այսպես ասած, նպատակին:

Եվ հաջորդ հարցերը. ինչո՞ւ են երկաթուղու աշխատակիցները կորցրել կատարողական թերթիկը, ինչո՞ւ հետևողականություն չեն ցուցաբերում գումարը վերադարձնելու հարցում, հնարավոր է այս ամենն ընդամենը խաղ է. գուցե այդ գումարի մասով ժամանակին պայմանավորվածությո՞ւն է եղել «ատկատի» տեսքով, որում ներգրավված են եղել երկաթուղու նախկին ու ներկա աշխատակիցներ: Շատ հավանական է, որ ՀԿԵ-ն այս ճանապարհով ցանկանում է հասնել նրան, որ այս պատմության հետքերը կորչեն Հայաստանի սահմաններից դուրս, իսկ իրենք էլ «ջրից չոր դուրս գան». աշխատել են օրենքի ու օրինականության շրջանակներում: ԳԱԼԱ-ն հետամուտ է լինելու իրավաբաններից, թե ինչ փուլում է ԱՄԷ-ում գտնվող այս գործը:

Արդյո՞ք վերոնշյալ հանգամանքների հիման վրա առանձին քրեական գործ հարուցվել է, արդյո՞ք նախապես հայտարարված 60 մլն դոլարի չարաշահումների չափը հաստատվել է, հաստատվե՞լ են այն տեղեկությունները, որ այդ չարաշահումներում բարձրաստիճան պաշտոնյաներ են ներգրավված: Այս հարցերով ԳԱԼԱ-ն դիմեց Հատուկ քննչական կոմիտե: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Հարությունյանն ասաց. «Գործը նախաքննության փուլում է, և դրա շահերից ելնելով՝ որևէ բան ասել չենք կարող»:

ԳԱԼԱ-ն վերոնշյալ հարցերի պատասխանները ստանալու համար կզրուցի նաև «ՍՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ տնօրինության հետ և հետևողական կլինի այս գործի հանգամանքներին անդրադառնալու հարցում:

Հաշվի առնելով ՀԿԵ-ի՝ ՀՀ-ի համար կարևորությունը և երկրի շահերը (այս գործով դատական գործերի քանակը), իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունների թույլ տված խախտումները (ըստ Դատալեքսի՝ նման բազմաթիվ գործեր կան)՝ ԳԱԼԱ-ն պարբերաբար անդրադառնալու է գործի մանրամասներին և հետամուտ է լինելու բացահայտումների հարցում:

 

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝