Ղարաբաղյան շարժման 30-ամյակի պետական հանձնաժողովն ամփոփել է նախապատրաստական աշխատանքները

NA_1

Փետրվարի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նիստի ընթացքում ԱԺ նախագահն ամփոփել է մինչ այս պահը միջոցառումների նախապատրաստման և համակարգման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները և նախանշել առաջիկա անելիքները:

Հանձնաժողովի անդամներին է ներկայացվել փետրվարի 10-ից մինչև փետրվարի 20-ը նախանշված միջոցառումների բեմագրերը, որոնց վերաբերյալ մտքեր են փոխանակվել և տրվել կոնկրետ հանձնարարականներ:

Ներկայացնելով այդ օրերի միջոցառումների ծրագիրը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ դրանց մեկնարկը կտրվի Մարտունի և Հադրութ քաղաքներում, իսկ հետո կշարունակվեն հանրապետության մյուս շրջկենտրոններում: Գլխավոր միջոցառումը տեղի կունենա փետրվարի 13-ին Ստեփանակերտ քաղաքում: Այդ օրը, համաձայն իրադարձությունների ժամանակացույցի, մայրաքաղաքում առաջին հանրահավաքի օրը միջոցառումները կսկսվեն Արցախի պետական համալսարանից: Նախատեսվում է քայլերթ՝ դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ կկազմակերպվի հանրահավաք:

Հոբելյանական միջոցառումներում ներգրավված են լինելու 88-ի առաջամարտիկները, ովքեր հանդես են գալու ելույթներով և դասախոսություններով: Նախատեսվում է նաև տոնական համերգ:

Հաջորդ կարևոր միջոցառումները տեղի են ունենալու փետրվարի 19-ին և 20-ին՝ Արցախի վերածննդի օրը: Հարգանքի տուրք կմատուցվի հանրապետության ողջ տարածքում՝ արցախյան ազատագրական շարժման զոհված և մահացած ակտիվիստների հիշատակին, իսկ փետրվարի 20-ին տեղի կունենան պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ:NA_4

Դիտվել է՝