ՏՄՊՊՀ-ն արձանագրել է գնաճ բենզինի շուկայում՝ 30 դրամով

55641_1473962591

Բենզինի շուկայում գները դարձյալ սկսեցին աճել: Հիմա բարձրորակ «պրեմիում» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 380-400 դրամով: Բենզինի գինը նախորդ տարվա հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համեմատությամբ աճել է շուրջ 30 դրամով: Որպես գերիշխող ապրանքային շուկա բենզինի շուկան ևս գտնվում է ՏՄՊՊՀ վերահսկողության դաշտում, և հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել գնի բարձրացման հետ կապված հանգամանքները:

Բենզինի գնանկումը՝ Կարեն Կարապետյանի հաջողություն

Վերջին մի քանի ամիսներին, երբ բենզինի գինը սկսեց նվազել, ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում էր բենզինի շուկայում արձանագրվող գնանկումը որպես ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հաջողություն կամ աշխատանքի արդյունք ներկայացնելու համար:

Ինքը՝ Կարեն Կարապետյանը ևս ամեն հարմար առիթի դեպքում ներկայացնում էր բենզինի շուկայում արձանագրված գնանկումը:

Դեկտեմբերի 7-ին վարչապետի պաշտոնում Գյումրի կատարած առաջին այցելության ժամանակ էլ Կարեն Կարապետյանն առիթը բաց չթողեց իր պաշտոնավարման կարճատև ժամանակահատվածում «դրական առաջընթացը» ներկայացնելու համար:

«Դրական առաջընթացն անընդհատ աշխատելու գործընթաց է: Օրինակ, երեկ մեկը կարողացել է ներկրել մի ապրանք, որը մինչև այդ չէր ներկրում, դա առաջընթա՞ց է, թե՞ ոչ, ըստ Ձեզ»,- հայտարարեց վարչապետը՝ մեղմ ակնարկելով բենզինի շուկան:

Հետո էլ շտապեց հայտարարել. «Առհասարակ որևիցե մենաշնորհ գոյություն չունի Հայաստանում, կամայական ապրանք կարող եք գնալ բերել»:

Ինչի՞ հետ էր կապված բենզինի շուկայում գնանկումը

Բենզինի շուկայում արձանագրված գնանկումից հետո ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրենք ուսումնասիրություն են իրականացրել և պարզել, որ բենզինի շուկայում ավելացել է ներկրող ընկերությունների թիվը: Նրա խոսքերով՝ շուկայում հայտնվել է նոր ընկերություն՝ ՄԱՔՍ ԳՐՈՒՊ-ը, որը սկսել է բենզինի ներկրումներ իրականացնել: Ըստ Շաբոյանի՝ այդ ընկերությունը ցածր գներով է ձեռք բերում ապրանք և վաճառում է ցածր գնով՝ ազդելով շուկայում բենզինի մանրածախ վաճառքի վրա:

Ո՞վ է նոր ներկրողը, և ինչո՞ւ բենզինի գները սկսեցին աճել ՀՀ-ում

Հայաստանում բենզինի գները սկսել են դարձյալ աճել: Գների բարձրացումը պայմանավորված չէ միջազգային շուկայի փոփոխություններով, քանի որ բենզինի գինը միջազգային շուկայում չի աճել:

Հիմա հարց է առաջանում. ինչո՞ւ Հայաստանում սկսեց թանկանալ բենզինը, և որտեղի՞ց է թելադրվում գնի բարձրացումը:

Որպես բենզինի ներկրող ընկերություն ՄԱՔՍ ԳՐՈՒՊ ընկերության մասին տվյալներ հայտնի չեն: Տարիներ շարունակ Հայաստանի բենզինի շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում «Ֆլեշ» և «ՍԻՓԻԷՍ » ընկերությունները: Այդ ընկերություններից ևս փաստում են, որ բենզինի գինն աճել է Հայաստանում, բայց թե որն է պատճառը, չգիտեն:

Բենզինի այսօրվա գները ՀՀ-ում

«ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

Ընկերության աշխատակցի խոսքերով՝ ինչպես բոլոր տեղերը, այս ընկերությունում էլ բենզինի գինը 20 դրամով բարձրացել է:

Բենզին /պրեմիում /՝ 380 դրամ

Բենզին /ռեգուլյար/՝ 360 դրամ

Դիզվառելիք՝ 350 դրամ

Ըստ աշխատակցի՝ գների բարձրացումը նկատվել է անցած երկուշաբթի օրվանից: «Մյուս տեղերում ևս բարձրացել է, չի կարող առանձին լինել: Ինչի հետ է կապված այս բարձրացումը՝ ես չեմ կարող ասել»:

«ՖԼԵՇ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

Բենզին /պրեմիում/՝ 400 դրամ

Բենզին /ռեգուլյար/ ՝380 դրամ

ԳԱԼԱ-ի հետ զրույցում աշխատակիցը չկարողացավ պատասխանել մեր այն հարցին, թե ինչու է բենզինի գինը հիմա ավելի բարձր. «Ընդհանուր շուկայական գները ոնց Հայաստանում է, այնպես էլ այստեղ է բարձրանում ու իջնում: Չեմ կարող ասել: Մենք բենզինը գնում ենք և այստեղ վաճառում: Տարբերությունը հիմա 20 դրամի բարձրացում է»:

«ՏԻՏԱՆ ՊԵՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

Բենզին /պրեմիում/՝ 390 դրամ

Բենզին /ռեգուլյար/՝ 370դրամ

Դիզվառելիք՝ 360 դրամ

Աշխատակիցը նշում է, որ տեղյակ չէ, թե ինչի հետ է կապված բենզինի գնի բարձրացումը, բայց նշում է, որ թանկացրել են ընդամենը 10 դրամով:

«Մաքսհուր» ՍՊԸ

Բենզին /պրեմիում/՝ 380 դրամ

Բենզին /ռեգուլյար/՝ 360 դրամ

Դիզվառելիք՝ 350 դրամ

«Մաքսհուր» ՍՊԸ աշխատակիցն ասաց, որ իրենք բենզին ձեռք են բերում նոր ներկրողից՝ ՄԱՔՍ ՊԵՏՐՈԼ-ից:

ՏՄՊՊՀ-ն արձանագրել է բենզինի գնի 30 դրամով թանկացում

ՏՄՊՊՀ-ի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց.

«Որպես գերիշխող ապրանքային շուկա բենզինի շուկան ևս գտնվում է ՏՄՊՊՀ վերահսկողության դաշտում: Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ սկսած նախորդ տարվա հոկտեմբերից նկատվում է բենզինի գների աստիճանական նվազում: 380 դրամից բենզինը հասել էր 330 դրամի, նվազումը մեկ լիտրի մեջ հասել էր 50 դրամի: Իմ նշած գինը պահպանվել է մինչև ընթացիկ տարվա հունվար ամիսը: Արդեն հունվարի 28-ին, 29-ին հանձնաժողովի դիտանցումները, մոնիտորինգը բենզալցակայաններում փաստեցին, որ նկատվել է 10 դրամի բարձրացում: Այնուհետև մի քանի օր անց արդեն նկատվեց ևս 20 դրամի բարձրացում: Այսօրվա դրությամբ արդեն 360 դրամով է բենզինը վաճառվում: Ճիշտ է, ավելի ցածր է գինը, քան մինչև նախորդ տարվա հոկտեմբեր ամիսը, այնուամենայնիվ, հանձնաժողովը գնային փոփոխությունների պատճառը, հիմնավորվածությունը պարզելու նպատակով սկսել է ուսումնասիրություններ իրականացնել: Դիմել ենք գրավոր, ինչպես պատկան մարմիններին, այնպես էլ տնտեսվարողներին համապատասխան տեղեկատվությունը ստանալու նպատակով:

Մենք ուսումնասիրություններն իրականացնում ենք փաստաթղթերի հիման վրա, երբ որ տեղեկատվությունը ձեռք բերման, իրացման և ամբողջ շղթան կլինի հանձնաժողովում, նոր կկարողանանք գնահատական տալ՝ ինչ է փոխվել գնագոյացման բաղադրիչում, ինչն է անդրադարձել վերջնական սպառողին վաճառվող բենզինի գնի վրա»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝